
Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը։
Միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարվեց, քանի որ, ըստ դատարանի, Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի հայցը քննեց այս տարվա հունվարի 30-ին։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի եւ գազամատակարարումը։ Հայաստանի հայցը դատարանում ներկայացրեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ադրբեջանն իր հերթին պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «դադարեցնել ականապատումը ու Լաչինի միջանցքով ականների տեափոխումը»: Դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել