HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սկսվեց Արարատյան 2-րդ զանգվածի Կուրղինյան նրբանցքի 2-րդ շենքի բակից: 

Դեռևս օրեր առաջ բակային տարածքի այս հատվածում ամեն քայլափոխի  բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներ էին: Փոխարենը` շուտով այստեղ բակի փոքրիկ բնակիչների համար կլինեն հարմարավետ խաղահրապարակներ, իսկ տարեցների համար զրուցարաններ: Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրեց նախատեսվող բարեկարգման ծրագիրը:

Հաջորդ բակում ուր այցելեց Կարեն Կարապետյանը, արդեն մեկնարկել էին բարեկարգման աշխատանքները: Նախկինում առկա «բոստանային» տարածքների փոխարեն այսօր արդեն հարմարավետ նստարաններ են, զրուցարաններ, ժամանակակից մանկական խաղեր:

Քաղաքապետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել նաև ծառերի և կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքին:

Կարեն Կարապետյանը շրջեց նաև վարչական շրջանի զբոսայգիներում, ծանոթացավ նախատեսվող բարեկարգման և կանաչապատման ծրագրերին:

Որոշ այգիների վերակառուցման մասով քաղաքապետն առաջարկեց ներգրավվել նաև ներդրողների:

Վահան Զատիկյանի անվան այգում զրուցելով բնակիչների հետ, քաղաքապետը լսեց առաջադրվող խնդիրներն ու ներկայացրեց իր մոտեցումները: Վերելակային տնտեսության սպասարկման և շահագործման մասով բարձրացվող հարցին ի պատասխան, Կարեն Կարապետյանը նշեց, որ դա բնակիչների սեփականությունն է և  համատիրության հետ համատեղ բնակիչն ինքը պետք է որոշի ու սահմանի նախատեսվող սպասարկման վճարներն ու ծառայությունների մատուցման չափորոշիչները: 

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, ներկայացրել այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որի առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը. «Եռաստիճան կառավարման համակարգի ներդրմամբ քաղաքապետարանը, ըստ էության, բավականաչափ լիազորություններ պատվիրակեց վարչական  շրջաններին և այդ գործընթացը շարունակվելու է: Եթե կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակ իր լիազորությունների շրջանակում ապահովի առաջադրված խնդիրների արդյունավետ լուծումները, ապա վստահեցնում եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ համակարգված վիճակ»,- նշել է քաղաքապետը:

Կարևորելով կրթության և համակողմանի դաստիարակության խնդիրը,  Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակական վերահսկողության տակ և հատուկ ուշադրության կենտրոնում պահել նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային օջախների գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter