
Հակամշակութային և բնավեր քաղաքաշինություն Երևանի կենտրոնում
Զարգացած երկրների քաղաքաշինական պրակտիկան ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապահովել բնական միջավայրի պահպանումը քաղաքաշինական գործառույթներ իրականացնելիս: Նալբանդյան 106/1-ում օրերս իրականացված ծառերի սպանդը ցույց տվեց, որ բնական միջավայրի հանդեպ նման հարգանք մեր քաղաքաշինարարները ունենալ չեն կարող: Իսկ կարո՞ղ են արդյոք նրանք հարգել քաղաքային միջավայրում պատմության բերումով և առանձին դեմքերի համազգային մասշտաբի գործունեության արդյունքում սահմանված մշակութային նշանակության գոտիները:
Համաձայն Երևանի Կենտրոնի գոտիավորման նախագծի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցներով պարփակված ավելի քան 9000 քմ մակերեսով քառակուսու մեջ մոտ 300 քմ տարածք սահմանված է որպես մշակութալուսավորչական կառուցապատման գոտի: Դա քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանին պատկանող սեփական տան հարակից տարածքն է, որի փաստաթղթերը, այդ թվում՝ նաև առքուվաճառքի վկայականը, քաղաքապետարանը չի ուզում ճանաչել: Սեփականատերերը այս հարցով երեք անգամ դիմել են քաղաքային իշխանություններին, սակայն ապարդյուն: Այնուամենայնիվ, ըստ առկա փաստաթղթերի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համապատասխան հատվածում Չուբարյանների՝ Նալբանդյան 104 անհատական բնակելի տան հարակից տարածքը առանձնացված է հատուկ նշումով:
2010 թվականին հարակից մանկապարտեզի տարածքը «բացառիկ՝ հանրային գերակա շահ» ճանաչող աղմկահարույց որոշմամբ Չուբարյաններին պատկանող և նրանց կողմից փաստացիորեն օգտագործվող այդ տարածքը ներգծվեց «Ավագ Շին» ՍՊԸ-ին «բարեկարգման նպատակով» լրացուցիչ կերպով տրված մակերեսի մեջ: Սակայն ի՞նչ բարեկարգման մասին կարող է լինել խոսքը, եթե դա կատարվելու է մշակութային գոտու ավերման, ծառահատումների, և ինչը ավելի ցավալի է՝ քանդակագործ Չուբարյանի արվեստանոցի քանդման հաշվին: Սեփական տան բնակիչները դեմ են իրենց անմիջական կենսամիջավայրի ավերմանը, ինչը նրանց սպառնում է վերահաս աղետի նման: Անցյալ տարվա ընթացքում նրանց մի քանի անգամ անհանգստացրել է կառուցապատողը՝ փորձելով առանց որևէ համաձայնության ներխուժել տարածք:
Զարմանալի է, որ ներբակային էլիտար բարեկարգումների այս «հրաշալի» ծրագիրը նախաձեռնած քաղաքաշինարարներին չի հաջողվում նախագծային և ծավալային հարցերին լուծում տալ՝ առանց Կենտրոնի գոտիավորման նախագիծն անտեսելու:
Նշենք, սակայն, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջն է, որ պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումն իրականացվեն գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
Նշված օրենքի 141 հոդվածում հստակ շարադրված է, որ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:
Քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանը, անկախ ամեն ինչից, նպատակ ունի նշված տարածքում հիմնել քանդակագործ Չուբարյանին նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար էլ տարածքն, ըստ էության, տրամաբանորեն առանձնացվել է որպես մշակութալուսավորչական նշանակության գոտի:
Հուսանք, որ նրա այս նպատակին կարձաքանքեն համապատասխան ատյանները, որոնք լծված են հայ մշակույթի պահպանման և տարածման խիստ դժվար դարձած գործին:
«Մեր քաղաքը» նախաձեռնություն
Մեկնաբանել