HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կաջակցի հաշմանդամություն ունեցողներին և նպաստառուներին աշխատանքի ընդունող գործատուին

Կառավարությունը հաստատեց զբաղվածության խթանման միջոցառումը, որով աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիներին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կամ նպաստառու անձանց։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 23-ի նիստում։

Սահմանվել են աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքի, երեխա ունենալու, ինչպես նաև՝ հաշմանդամության հանգամանքով պայմանավորված։

Որպես միջոցառման շահառուներ հիմնականում նախատեսվել են ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Ըստ նախագծի հիմնավորման՝ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք, երեխայի խնամքով պայմանավորված, աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ։ Թիրախ խմբում 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել վարչապետի հանձնարարականը, համաձայն որի՝ պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ։

Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին աշխատանքի ընդունելու դեպքում առաջարկվում է գործատուին տրամադրել միանվագ աջակցություն՝ օրենքով նախատեսված խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի փոխհատուցման համար։

Աջակցությունն առաջարկվում է այն գործատուներին, որոնք հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չեն, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագիր են կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա` վերջին 3 ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին 6 ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։

Որոշումը կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը, դրանից հետո կշարունակի գործել, եթե միջանկյալ գնահատման արդյունքներն արժանանան Կառավարության հավանությանը։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ պետական բյուջեի եկամուտների տեսանկյունից միջոցառման ակնկալվող արդյունքը դրական է նույնիսկ այն դեպքում, երբ դիտարկվում են միայն ուղղակի օգուտները՝ ստացվելիք եկամտային հարկը (զբաղվածների թվի աճ) և չվճարված նպաստը (նպաստառուների թվի կրճատում)։

Մասնավորապես, եթե որպես աշխատավարձի հաշվարկային մեծություն դիտարկվի 100 000 դրամը, իսկ նպաստի հաշվարկային մեծություն՝ 31 350 դրամը, ապա մեկ շահառուի հաշվով պետական բյուջեի զուտ օգուտը միջին հաշվով կազմում է՝

  • միջոցառման գործողության ընթացքում 248.1 հազար դրամ,
  • միջոցառման գործողության ընթացքում և հաջորդող ժամանակաշրջանում՝ մինչև մեկ տարին լրանալը, 556.2 հազար դրամ։

Միևնույն ժամանակ, միջոցառման հաջող իրագործման դեպքում, եթե շահառուների թիվը նշանակալի լինի, ապա տարաբնույթ անուղղակի օգուտներ կարող են ի հայտ գալ, ինչպես․

  • աղքատության կրճատում,
  • արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատում,
  • հակահասարակական վարքի դրսևորումների թվի կրճատում և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter