
Մոսկվան Երևանին ու Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի մշակման հարցում. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կետերի մշակման հարցում։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դրանց հիմքում են բարձր մակարդակով՝ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջությունը, որոնք նախատեսում են առաջնահերթ մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի բացումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Կողմերին հետևողական աջակցություն ենք ցուցաբերում խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
Նա նշել է, որ հանրագումարում «այդ քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, որի արտացոլումն էլ կդառնա այդ խաղաղության պայմանագիրը»։
«Մեր միջնորդությունն այն է, որ ապահովենք կառուցողական և բովանդակային երկխոսություն փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, հաշվի առնելով երկու կողմերի շահերը։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Խովաևը պարբերաբար այցեր է կատարում Երևան և Բաքու` վերջին անգամ, համապատասխանաբար, փետրվարի 9-10-ը և 14-15-ը։ Մենք նաև գործընկերներին ենք փոխանցել խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և չափանիշների վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները»,- եզրափակել է Գալուզինը։
Լուսանկարը՝ Михаил Терещенко / ТАСС
Մեկնաբանել