Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում ՌԴ կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում էականորեն մեծացել է. հետազոտություն
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում ՌԴ կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում էականորեն մեծացել է. նման եզրահանգման են եկել մի խումբ հետազոտողներ, որոնք ուսումնասիրել են պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։
Այսօր՝ փետրվարի 23-ին փորձագետներ Արմեն Քթոյանը, Աստղիկ Խաչատրյանը և Անուշ Շիրինյանը ներկայացրին իրենց հետազոտության արդյունքները։ Այն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսպեն բացման խոսքում ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմից համաշխարհային տնտեսությունը կրել է 160 մլրդ դոլարի վնաս, իսկ Հայաստանում այն նպաստել է տնտեսության աճին:
ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը խոսեց Հայաստանի տնտեսության ֆինանսաբանկային հատվածի վրա պատերազմի ազդեցության մասին։
Նրա խոսքով՝ գլխավոր ազդեցություններից մեկը Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխանցումներն են։ Վերջին տարիներին չի եղել որևէ ամիս, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները գերազանցեն 100 միլիոն դոլարը։ Ռուսաստանից Հայաստան զուտ ներհոսքը կազմել է 3.1 մլրդ դոլար, որը մի քանի անգամ ավելի է, քան նախորդ տարիների միջին ցուցանիշը։
«2022 թվականին ՀՆԱ-ն կազմել է 8.5 տրիլիոն դրամ, որը, 2021 թվականի ՀՆԱ-ի համեմատությամբ ավել է 1.5 տրիլիոնով։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան միայն ֆիզիկական անձանց կողմից փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է 1.1 տրիլիոն դրամով»,-ասաց նա։
Ըստ հետազոտության՝ հաջորդ խոշոր ուղղությունը բանկային ավանդների ասպեկտն է. 2022 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգում ներգրավված ավանդների շոշափելի աճ է արձանագրվել, նման աճ վերջին 10 տարում երբևէ չի եղել։
«Հետաքրքրական իրողություն է այն, որ ավանդների ընդլայնումը տարվա կտրվածքով 1 տրիլիոն դրամ է կազմել, միևնույն ժամանակ վարկերի տեղաշարժ չկա, այսինքն՝ ավանդների հավաքագրման ընդլայնումը չի վերափոխվել վարկերի ավելացման։ Այս առումով բանկային համակարգը ոչ լիարժեք է կատարում իր գործառույթը, որովհետև բանկային գործունեության տրամաբանությունը ավանդների ներգրավումն է և վարկերի տրամադրումը։ Վարկերի ընդհանուր ծավալը, սակայն, չի ընդլայնվել»,-ասաց փորձագետը։
ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ Անուշ Շիրինյանը խոսեց հակամարտության համապատկերում գլոբալ տնտեսական զարգացումների մասին։ Փորձագետի խոսքով՝ Համաշխարհային բանկը 2023թ. գլոբալ աճը կանխատեսում է 1.7%-ի չափով, ինչը վերջին երեք տասնամյակների ընթացքում տնտեսական աճի երրորդ ամենացածր մակարդակն է։ Բոլոր գլոբալ գլխավոր խաղացողները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանը տնտեսական թուլացման նոր փուլի շեմին են։.
«Հետաքրքրական է, որ Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի այն փոքրաթիվ երկրների շարքում է, որոնց տնտեսական աճի 2022թ. կանխատեսումը վերանայվել է՝ ավելի քան 7% աճի ուղղությամբ։ Այս աճը գլխավորապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեր տնտեսության համար նպաստավոր գործոնների ազդեցությամբ, մասնավորապես ՝ այցելությունների, բիզնեսի վերատեղակայման, դրամական փոխանցումների մեծ ծավալը և այլն»,-ասաց Անուշ Շիրինյանը։
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության խորհրդատու Աստղիկ Խաչատրյանը ներկայացրեց պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության արտաքին հատվածի (արտահանում և ներմուծում) վրա։
Ըստ նրա՝ պատերազմի համատեքստում ստեղծված հնարավորություններով պայմանավորված՝ էական աճ է արձանագրվել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով։ 2022թ.-ի առաջին երկու ամիսներին արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության երկնիշ աճ, արտահանման ծավալներն աճել են 40%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 60%-ով։
«Այս կոնֆլիկտի արդյունքում ՌԴ կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում էականորեն մեծացել է։ Նշեմ, որ ռուսական ռուբլու հիմնական անկումը անցած տարվա մարտի 4-ի պատժամիջոցների հերթական փաթեթից հետո է սկսվել, որից հետո՝ մարտի 7-ին ռուբլի-դրամ փոխարժեքի պատմական նվազագույնն ենք ունեցել, այնուամենայնիվ, ռուսական ռուբլու հետագա արժևորումն իր նպաստն է ունեցել ՀՀ արտահանման ծավալների հետագա աճի ուղղությամբ»,-ասաց խորհրդատուն։
Հանդիպման վերջում հարց հնչեց, թե ո՞րն է հետազոտության նպատակը, և արդյո՞ք փորձագետները առաջարկով հանդես կգան։ Քթոյանը նշեց, որ առաջարկներ կանեն, սակայն հետազոտությունը կարճաժամկետ է, իսկ իրադրությունը՝ դինամիկ փոփոխվող, պատերազմը դեռ շարունակվում է։.
«Մեր խնդիրը եղել է՝ ախտորոշել իրավիճակը, և քանի դեռ իրավիճակը զարգացող է, հիմա միակ առաջարկը կարող է հանգել ռիսկերը գրագետ կառավարելուն։ Շատ տնտեսագետներ արտահայտում են կարծիք առ այն, որ տարբեր ոլորտներում արձանագրված տնտեսական աճը մեր ներուժային հնարավորություններից էապես բարձր է, և դա Հայաստանի համար սպառնալիքներ է ստեղծում։ Երկու տարբեր տեսակետ կա. մի մասը համարում է, որ այդ ներուժայինից բարձր հնարավորությունն օգտագործելը դրական է, իսկ մեկ այլ տեսակետի համաձայն՝ այդ ներուժայինից բարձր աճի վրա գնալը տնտեսությունը կարող է գերտաքացման տանել և հավելյալ խնդիրներ ստեղծել։ Այն իրավիճակն է, որ երկուստեք ճիշտ է և կախված է նրանից, թե բազմաթիվ գործոնները վերջում ինչ համակցությամբ կդասավորվեն»,-նշեց նա՝ հավելելով, որ չպետք է էյֆորիայի մեջ ընկնել սրանից՝ համարելով, որ ՀՀ տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրում և այլն, որովհետև դրա 90%-ը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ։
Քնարիկ Վարդանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել