HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև 2015 թ․ կնքված հուշագրի կետերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև սոցիալական բնակարաշինության վերաբերյալ։  

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների նպատակներն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է,  մասնավորապես՝ ՀՀ ժողովրդագրության ռազմավարության մշակման գործում Չեխիայի Չարլզի համալսարանի պրոֆեսորների և փորձագետների ներգրավման կարևորությունը․

«Սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում Չեխիայի լավագույն փորձը կարող է մեզ համար բավականին հետաքրքիր և արժեքավոր լինել։ Մենք պատրաստ ենք նաև գործնական փուլ տեղափոխել դեռևս 2015 թ․ ստորագրված համագործակցության հուշագրի կետերի իրականացումն ու դրանից բխող ծրագրերի իրագործումը»։

Նախարար Մկրտչյանը խոսել է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին՝ շեշտելով ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետների ներուժի օգտագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ավստրիայի հետ քննարկվում է նմանօրինակ միջոցառումների իրականացման հնարավորությունն ու չեխական կողմին ևս առաջարկել է միանալ նախաձեռնությանը։

Պետր Պիրունչիկը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը։ Նա նշել է, որ Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ապահովությունը ևս առաջնահերթ է․

«Չեխական կողմը հետաքրքրված է համատեղ նոր փաստաթղթի կնքմամբ։ Մենք նաև պատրաստակամ ենք նախարարության հետ 2015 թ․ համատեղ հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման ու կյանքի կոչման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր իրականացնել, ինչպես նաև համատեղել ջանքերը զբաղվածության ապահովման, գործազրկության հաղթահարման ու աշխատանքային օրենսդրության բարելավման ուղղությամբ»։  

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ ոլորտի զարգացման և արդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter