HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանն առաջարկել է Ուկրաինայում խաղաղության իր բանաձևը

Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում պատերազմի մեկ տարվա կապակցությամբ հրապարակել է այդ լայնամասշտաբ պատերազմի կարգավորման իր պլանը։

Փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում և վերնագրված է «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման Չինաստանի դիրքորոշումը»։ 

Փաստաթուղթը բաղկացած է 12 կետից, որոնք Պեկինը կոչ է անում կատարել, որպեսզի կողմերը մոտենան պատերազմի ավարտին։

    • Հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը։ Չինաստանի կարծիքով՝ բոլոր երկրները պետք է խստորեն պահպանեն միջազգային օրենսդրությունը, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները։ Նաև պետք է արդունավետորեն երաշխավորվեն բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, իսկ միջազգային իրավունքը պետք է կիրառվի առանց երկակի ստանդարտների։
    • Հրաժարվել սառը պատերազմի մենթալիտետից։ Այս կետում Չինաստանը կոչ է անում լուրջ վերաբերվել առանձին երկրների անվտանգային օրինական շահերին և չփորձել տարածաշրջանների անվտանգությունն ապահովել ռազմական դաշինքների ուժեղացման կամ ընդլայնման օգնությամբ։ «Մենք պետք է հետևենք անվտանգության ընդհանուր հայեցակարգի և թույլ չտանք ճամբարային դիմակայությունների ձևավորմանը»,- ասված է փաստաթղթում։
    • Կրակի դադարեցում: Չինաստանը նշում է, որ «պատերազմներում հաղթողներ չկան» և երկրներին կոչ անում «կրակի վրա յուղ չլցնել»։ ՉԺՀ-ն նաև պնդում է, որ անհրաժեշտ է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսություն վերականգնում։
    • Խաղաղության բանակցությունների մեկնարկ: «Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ իրական ելքն են»,- նշվում է փաստաթղթում։ Չինաստանը նաև միջազգային հանրությանը կոչ է անում ստեղծել պայմաններ և հարթակ տրամադրել բանակցությունների մեկնարկի համար։
    • Լուծել հումանիտար ճգնաժամը:Պեկինը կոչ է անում կանխարգելել հումանիտար հարցերի քաղաքականացումը, պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը և ստեղծել հումանիտար միջանցքներ նրանց տարհանման համար։ Բացի այդ, ՉԺՀ-ն առաջարկում է մեծացնել հումանիտար օգնությունը և այս հարցում աջարկել ՄԱԿ-ի համակարգող դերին։
    • Քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություն: Չինաստանը հակամարտության կողմերին կոչ է անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքին, խուսափել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, ինչպես նաև հարգել ռազմագերիների հիմնական իրավունքներն ու ստեղծել առավել նպաստավոր պայմաններ նրանց փոխանակման համար։
    • Աջակցել ատոմային էլեկտրակայանների անվտանգությանը։ Չինաստանը հակամարտության կողմերին կոչ է անում «կանխարգելել խաղաղ ատոմային օբյեկտների վրա զինված հարձակումները», ինչպես նաև պահպանել միջուկային անվտանգության կոնվենցիայի կետերը։
    • Ռազմավարական ռիսկերի նվազեցում։ Պեկինն ընդգծում է, որ միջուկային զենքը չի կարող կիրառվել, նմանապես նաև կենսաբանական ու քիմիական զենքերը։
    • Երաշխավորել հացահատկի դուրսբերումը։ Չինաստանը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն Սև ծովով հացահատկի տեղափոխման համաձայնագրի կետերը։
    • Դադարեցնել միակողմանի պատժամիջոցները։ Չինաստանը կարծում է, որ միակողմանի պատժամիջոցները «ոչ միայն չեն լուծում խնդիրները, այլև՝ ստեղծում նորերը»։ Նա բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել միակողմանի պատժամիջոցների չարաշահումը, խաղալ իր դերը ճգնաժամի կարգավորման մեջ և ստեղծել պայմաններ զարգացող երկրների տնտեսությունների զարգացման համար։ 
    • Ապահովել արտադրության և մատակարարումների շղթայի կայունությունը։ Պեկինը բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել համաշխարհային տնտեսությունը և դիմակայել դրա քաղաքականացման փորձերին կամ որպես գործիք ու զենք դրա կիրառմանը։
    • Նպաստել հետպատերազմական վերականգնմանը։ «Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի հակամարտությունների գոտիներում հետպատերազմական վերականգնմանն աջակցության ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ, Չինաստանի խաղաղության պլանի հրապարակման մասին հայտարարել էր Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում։ Դիվանագետն այդ ժամանակ չէր բացել պլանի մանրամասները, սակայն նշել էր, որ անվտանգ աշխարհի ստեղծման համար բոլոր երկրները պետք է հարգեն ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ընդորում, պատասխանելով հարցերին, նա հայտարարել էր, որ «անհրաժեշտ է նաև հարգել Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը»։

Փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ Վան Ին ժամանել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես գրում էր AFP-ն, փաստաթղթի ներկայացումից առաջ, Ուկրաինայի հետ Չինաստանը քննարկումներ չէր ունեցել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության չինական բանաձևին։ Ըստ նրա՝ այս առաջարկը ձեռնտու է միայն Ռուսաստանին։ «Պուտինը ծափահարում է դրան, ինչպե՞ս դա կարող է ինչ-որ լավ բան լինել», - ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը նաև «ոչ ռացիոնալ» է անվանել Ուկրաինայում «տոտալ ոչ արդարացի պատերազմի» դադարեցման բանակցություններում Չինաստանի մասնակցության գաղափարը։ 

Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է «չինացի ընկերների անկեղծ ձգտումը՝ նպաստել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նշել է, որ առաջարկները պլան չեն, այլ պարզապես մտքերի խումբ։ Այդուհանդերձ, նախագահ Զելենսկին դրական է գնահատել այն, որ Չինաստանը սկսել է խոսել Ուկրաինայի մասին։ 

Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ հույս ունի, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին։ «Ես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը կլինի արդար աշխարհի կողմը, իսկ դա նշանակում է՝ մեր կողմը։ Ձեզ անկեղծ կասեմ, և ինձ համար դա կարևոր է։ Ես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը զենք չի մատակարարի ՌԴ-ին։ Մեր համար դա շատ կարևոր է։ Կետ համար մեկ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ եթե դա լինի, կա վտանգ, որ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ։

Ավելի վաղ, Der Spiegel-ը հայտնել էր, որ ռուսական կողմը անօդաչուների արտադրության չինական ընկերությունների հետ բանակցություններ է վարում կամիկաձե դրոնների մատակարարման ուղղությամբ։ Այն մասին, որ Չինաստանը կարող է սկսել Ռուսաստանին զենք մատակարարել, փետրվարի սկզբին հայտարարել էին նաև ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Anatolii Stepanov / AFP - Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter