HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Դժբախտություն եւ սեր

Աչքերը բացեց՝ ինչ-որ ծանր բան ճնշում էր ու չէր թողնում շնչել: Շարժվեց ու քիչ մնաց բղավեր ուսի սարսափելի ցավից: Մյուս ձեռքով շոշափեց ուսն ու զգաց, որ թաց է: Անմիջապես ամեն ինչ տեղը բերեց: Թշնամին հարվածեց իրենց դիրքին, ու հետո աչքերը մթնեցին:

Լարեց լսողությունը՝ հեռվում, մթության միջից ադրբեջաներեն խոսքի պատառիկներ հասան, թշնամու զինվորները բղավում էին իրար վրա, կարծես ինչ-որ բան էին բաժանում իրար միջեւ: Կրծքին տղերքից մեկի ոտքն էր՝ ճտքավոր ծանր կոշիկով: Իջեցրեց ու շոշափեց՝ Արսենի ոտքն էր, գտավ նրա ձեռքը՝ սառն էր: Երեւի ողջ չէ: Իսկ մյուսնե՞րը: «Արամ, Գոռիկ, Սամ, Դվո, ողջ ե՞ք», համարյա շշնջոցով մի քանի անգամ կրկնեց նա: Լռություն էր, տղերքն անշարժ պառկած էին: Վահիկը, այդպես էր զինվորի անունը, ձեռքը մի կերպ երկարեց ու շոշափեց մոտիկ տղերքին՝ սառն էին, թաց՝ երեւի արյուն էր, ու դա էլ սառն էր: Պետք է հեռանալ դիրքից՝ թշնամին կարող է մոտենալ ու լույս գցել, երեւի միայն ինքն էր ողջ մնացել այն բանից հետո, երբ իրենց դիրքում որոտաց պայթյունը:

Մութ գիշերվա մեջ միակ լուսավոր շերտը երկինքն էր, որը կարծես իջել ու կպել էր հողին՝ վախեցնելով եւ ճնշելով: Հեռվում թշնամի զինվորները դեռ վիճում էին: Գլուխը մի կերպ շրջեց այդ կողմ եւ տեսավ մեքենայի ուրվագիծ, որի մոտ էլ երեւի ադրբեջանցիք էին: Հրաշքով էր, ուրեմն, ողջ մնացել, ուսն արյան մեջ էր,ամեն շարժումից սարսափելի ցավում էր, չէր կարողանում ոտքի կանգնել, ու երեւի չարժեր անգամ փորձել:

Իրենց դիրքը կիրճին մոտիկ էր, ողջ ամառն այդտեղ էին հերթապահել, կիրճի մյուս կողմում արդեն ամենամոտիկ գյուղը տանող ճանապարհն էր: Ամառվա ընթացքում մի անգամ իջել էր կիրճի ամենաներքեւի հատվածը, որը մոտ տասը մետր խորություն ուներ: Ամռանն այնտեղ մի նկարիչ էր գալիս նկարելու, ու Վահիկը մի քանի ժամ նրա քողտիկում էր անցկացրել, նրա հետ հաց կիսել, դիտել նրա հրաշալի նկարները: Նկարիչն ասում էր, որ Շուշիի տակ գտնվող այդ խորունկ կիրճը աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է, այնտեղ ապրում են մարդկանց կողմից լքված հեքիաթները, ու նկարիչն այդ հեքիաթներն է նկարում: Վահիկն էլ էր սիրում էր նկարել: Մտքին այդ քողտիկն էր, որը կիրճի վերեւից չէր երեւում: Այնտեղ իջնելը փրկվել կնշանակեր:

Ադրբեջանցիները լռեցին, մեքենայի շարժիչը միացավ՝ երեւի նրանք հեռացան: Վահիկը կարող էր միայն աջ կողքի վրա սողալ, ու նա մինչեւ կիրճի պռունկ մի կերպ սողաց, հետո գիտակցությունը կորցրեց: Որոշ ժամանակ անց, երբ աչքերը կրկին բացեց՝ զգաց, որ շուտով լույսը կբացվի, ու ողջ մնալու միակ շանսը կիրճ իջնելն էր: Նա մի կերպ կիսանստեց աջ կողքի վրա ու փորձեց այդ դիրքով սանտիմետր առ սանտիմետր ցած սահել: Մտածում էր՝ միայն գիտակցությունը չկորցնի, վերքն անընդհատ թրջվում էր: Հասավ թեք աճած մի ծառի ու մի կես ժամ հանգստացավ, բայց դեռ անվտանգ տեղում չէր, լույսն արդեն բացվում էր, ու իրեն կնկատեին: Էլի ցած սահեց՝ մի ձեռքով թփերից կառչելով: Հասավ մի ելուստի ու տեսավ, որ տակը դեպի ներս փոս կա, կիրճի հատակից մի մարդաբոյ բարձր էր: Հողը պոկվեց տակից , ինքն էլ ցած ընկավ ու կրկին գիտակցությունը կորցրեց:

Երբ կրկին աչքերը բացեց՝ տեսավ որ ինչ-որ տանիքի տակ է, վերքը լվացված ու վիրակապված էր, վրան ոչխարենու քուրք էր գցած: Գլխաշոր կապած կարճահասակ մեկը կարտոֆիլ էր մաքրում, ու երբ Վահիկը շարժվեց՝ կարտոֆիլ մաքրողը դանակը դրեց հասարակ փայտից պատրաստված փոքր սեղանին ու մոտ եկավ. ջահել աղջիկ էր՝ ուռած-կարմրած աչքերով: «Փրկվեցիր... Վերքդ մեծ է, բայց խորը չէ» , ասաց նա՝ մի բաժակ ջուր մեկնելով: Վահիկն ագահաբար խմեց ու հասկացավ, որ շատ սոված է: Նայեց՝ փոքրիկ մի ապաստան էր, մի քանի փայտով ու ճյուղերով սարքած, բայց դա նկարչի քողտիկը չէր, սա հավանաբար գետի հոսանքով մի կես կիլոմետր ներքեւ է, քանի որ հիշեց, թե նկարչի քողտիկի շուրջը մի քանի հարյուր մետրի վրա ոչ մի բնակության պիտանի կացարան չկար: Մի քիչ խորքում մեկը պառկած էր: «Հիվանդ ունե՞ք», հարցրեց փրկված զինվորը: Աղջիկը փղձկաց՝ ոչինչ չպատասխանելով:

Նավթավառ կար՝ աղջիկը վրան կարտոֆիլ տապակեց ու մի կտոր չոր լավաշով մոտեցրեց տղային: Տղան մի կերպ թեք հենվեց նստարանի թիկունքին, որին պառկած էր, ու կարտոֆիլ վերցրեց ձեռքով: Մի ճյուղ փիփերթ կար նաեւ կավե ափսեին՝ երեւի մոտերքից քաղած: Լուռ կերան երկուսն էլ: Մեծ ջրամանից տղան ջուր խմեց ու տնքաց. «Արսենը, Արամը, Գոռը, Դավիթը, Սամվելը զոհվել են» ,-ասաց, եւ արցունքները գլորվեցին աչքերից: Աղջիկը լուռ նայեց ու խաչակնքեց: Լռեցին:

Լռությունը շատ երկար էր, փրկված զինվորը մի քանի անգամ խախտեց լռությունը՝ կրկնելով իր զոհված ընկերների անունները: Հետո առողջ ձեռքով սրբեց արցունքները եւ հետաքրքրվեց, թե ո՞վ է հիվանդը, որ հավանաբար գիտակցություն չուներ, քանի որ ոչ շարժվում էր, ոչ ձայն հանում:

Աղջիկը կրկին լաց եղավ. «Մայրս է, մահացել է, չգիտեմ՝ ինչ անեմ» ,-ասաց:

Ծայր առավ զրույցը: Երկու դժբախտ ջահելները միմյանց պատմեցին իրենց գլխին եկածը: Կիրճի կացարանը աղջկա մայրական պապինն էր, որն անցած տարի է մահացել: Պապը սիրում էր ամռանն այստեղ անցկացնել՝ իր տնկած ընկուզենիների մոտ, վայելելով կիրճի գեղեցկությունը: Ձմռանը նա գալիս էր Ստեփանակերտ՝ թոռնուհու եւ դստեր բնակարանում ձմեռելու, իսկ ամռանը վերադառնում էր կիրճ: Հոր մահից հետո մայրը մի տարուց ավելի այս կացարանը չէր եկել, սեպտեմբերի վերջին որոշեց իջնել եւ ընկույզի առաջին հավաքն անել՝ դեռեւս թաց ընկույզը սիրում էին մայրն էլ, ինքն էլ: Աղջիկն էլ նրա հետ իջել էր կիրճ, որոշել էին մի գիշեր մնալ եւ առավոտյան միայն ընկույզը տանել: Այդ գիշերն արդեն թշնամին ռմբակոծում էր կիրճի ձախ ափը՝ պատերազմը, որի մասին այդքան շատ էին խոսում, ու որի սկսվելուն չէին հավատում, հենց այդ գիշեր սկսվեց, որքան էլ անհավատալի դա թվար: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ կիրճից դուրս գալը վտանգավոր է: Մի քանի օր մայր ու աղջիկ անցկացրին կիրճի ձախ՝ գնդակոծվող ափից չերեւացող, լավ խորք ընկած կացարանում: Ուտում էին դեռ անցած տարվանից հողում մնացած-պապի մեկ տարի առաջ ցանած կարտոֆիլը, պապի կացարանի անկյուններից գտած նավթավառի վրա եփելով: Լավ է՝ մի տարա նավթ էլ գտնվեց: Ուտելու համար ունեին ընկույզ, կարտոֆիլ, չորացած լավաշ, որ շատ հին էր, բայց ուտելի էր: Թփերի վրա հոն կար: Ջուրը վերցնում էին գետից՝ համեղ, մաքուր ջուր էր, դնում էին դույլով, ավազը նստում էր, ու խմում էին: Գնդակոծությունների սկսվելու յոթերորդ օրը, առավոտ մութուլույսին աղջիկն աչքը բացեց շատ մոտիկ կրակահերթից: Նայեց՝ մայրը կողքին փռած քուրքի վրա չէր, դռան նմանվող շրջանակը հետ բերեց ու տեսավ՝ մայրն ընկած է մի քանի մետր այն կողմ, կիրճի մեջտեղով հոսող գետում, դույլի կողքին. մութուլույսին ցանկացել էր խմելու ջուր վերցնել, ու ադրբեջանցիներից մեկը վերեւներից տեսել -ավտոմատը շաղ էր տվել վրան: Աղջիկը ուշ երեկոյան միայն կարողացավ մորը մոտենալ, քանի որ վերեւից անընդհատ ադրբեջանցիների խոսակցություններն էր լսում ողջ օրը: Մայրը հավանաբար հենց տեղում էր մահացել, կրակահերթի պահին, քանի որ բազմաթիվ վերքեր ուներ: Նրան տարավ խրճիթ, պառկեցրեց փայտաշեն միակ մահճակալին, ծածկեց սավանով , ու արդեն շատ օրեր քնում է նրա դիակի կողքին:

Զինվորը քարացել էր: Լսածն ահավոր էր, ի՞նչ էր զգացել աղջիկը՝ Ասյան, որն իր տարեկիցն էր համարյա, մի քանի ամիս էր մեծ իրենից, ինչպե՞ս էր միայնակ մնացել այդ ահավոր դժբախտության դիմաց ու ո՞նց չէր խելագարվել...

Հետագա օրերին նրանք միասին մտմտում էին անելիքը: Վահիկի առաջարկով աղջկա մորը թաղեցին խրճիթի հետեւում, կիրճի խոր ընկած մասում, Վահիկը վիրավոր ձեռքի ուժը տվել էր աջ ձեռքին, միայնակ փորեց փոսը, եւ երկուսով թաղեցին դժբախտ կնոջը: Ահա այդ էր թշնամու էությունը՝ ավտոմատով անպաշտպան կնոջը գնդակահարելը:

Այդտեղից պետք էր հեռանալ, սակայն Վահիկը մտածում էր բարձրանալ կիրճի ձախ զառիվերը՝ տեսնելու, թե ինչ եղան զոհված ընկերների մարմինները: Եթե հնարավոր լիներ՝ ուզում էր նրանց զիվորական գրքույկներն ու հեռախոսները վերցնել, որպես մասունքներ. միգուցե ողջ մնար ու հասցներ նրանց ծնողներին: Միասին մանրակրկիտ ծրագիր էին կազմում, մի քանի օր դրանով զբաղվեցին՝ վերեւի գնդակոծություններն էլ դադարել էին, երեւի թշնամին քաշվել-գնացել էր կիրճի բերանից:

Դժբախտությունն ու փորձանքները աննկատ մտերմացրեցին երկուսին՝ նրանք երկուսն էլ չզգացին, թե որ պահին նրանց մեջ բողբոջ տվեց եւ ողջ ուժով անսպասելի հորդաց երիտասարդ, բոլոր տեսակի խոչընդոտներն արհամարհող սերը. վերեւում պատերազմ, ներքեւում՝ հարազատի կորուստ ու հուղարկավորում, բայց եւ անկասելի, ընկուզենիներից ու գեղեցիկ կիրճից ուժ առած սեր, որ նրանցից ոչ մեկի մտքում անգամ չէր կարող երազվել: Բայց այն ծնվեց, ուժ առավ ցավից, ու ուժեղացրեց փորձանքներով անցած երկու երիտասարդ մարդու, նրանց ծրագրեր ու որոշումներ տվեց, ողբին խառնեց տխուր երջանկություն:

Աղջիկը գիտեր այն արահետը, որով հեշտ կարելի էր բարձրանալ կիրճի ձախ բարձունքը: Վերեւի լռությունն աջակից ունենալով՝ նրանք երկուսով կեսգիշերից հետո բարձրացան վեր ու գտան տղայի դիրքը: Այնտեղ այլեւս զինվորների մարմինները չկային: Վահիկը մթության մեջ երկար ափլփեց տարածքը՝ մի բան գտնելու հույսով, բայց ոչինչ չկար: Դիրքում մի անցք կար, որտեղ հեռախոսներն էին պահում՝ անջատելով հերթապահության ժամանակ: Դիրքը քանդվել էր, բայց այդ անցքը Վահիկը մթության մեջ գտավ եւ շոշափեց՝ Գոռի հին հեռախոսն այնտեղ էր: Վերցրեց, ծունկի եկավ եւ լուռ ողբաց.«Արսեն, Արամ, Գոռ, Սամ, Դվո, կներեք տղերք, որ ես ողջ եմ մնացել», փղձկում էր նա:

Ձախ թեւը դեռ անշարժ էր, աջին հենվելով բարձրացավ եւ հեռախոսը ձեռքի մեջ՝ կուզեկուզ մոտեցավ կիրճի պռնկին, ուր Ասյան էր սպասում: Աղջիկը մի ձեռքով գրկեց տղայի գոտկատեղը , ու նրանք լուռ արահետով իջան: Որոշել էին Ասյայի իմացած ճանապարհներով բարձրանալ կիրճի մյուս ափ, որտեղից ռուս զինվորների ձայնն էր գալիս:

Մնալ այլեւս չէր կարելի, ճակատագրի հետ խաղ չեն անում, Ասյան պետք է Ստեփանակերտ հասներ, իսկ Վահիկը լուր տաներ իր զոհված ընկերների ծնողներին…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter