HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանին լիցենզիայից զրկելու գործը Վճռաբեկ դատարանում է

Վարչական դատարանը հօգուտ համալսարանի վճիռ է կայացրել՝ անվավեր ճանաչելով նախարարի հրամանը, որով դադարեցվել էր տրված լիցենզիաների գործողությունը: Նախարարության բողոքով Վերաքննիչ վարչական դատարանը բեկանել և փոփոխել է վճիռը՝ ամբողջությամբ մերժելով համալսարանի հայցը: Համալսարանը դժգոհ է մնացել այս որոշումից և բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Համալսարանը լիցենզիաներից զրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար 2022թ. փետրվարի 18-ի հրամանով՝ մի շարք պահանջներ չբավարարելու պատճառաբանությամբ:

Այն ժամանակ նախարար Վահրամ Դումանյանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիայից զրկելու իր հրամանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ համալսարանը թույլ է տվել պարտադիր պայմանների և պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ անհամապատասխանություններ են արձանագրվել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովության, ուսումնական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման պահանջներին:

2022թ. մարտ ամսին մի քանի օր ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դիմաց՝ պահանջելով իրենց փաստաթղթերը: Դժվարություններ էին առաջացել հատկապես օտրերկրացի ուսանողների դեպքում:  Նրանք ավարտելուց հետո պետք է վերադառնային իրենց երկիր, սակայն չէին կարողանում ավարտական փաստաթուղթ ստանալ, քանի որ համալսարանը զրկվել է լիցենզիայից:

Ազգային անվտանգության ծառայությունը 2022թ. մարտի 3-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր են բացահայտվել  համալսարանի ծառայողները կողմից։

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դիմել է վարչական դատարան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը՝ համալսարանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ, անվավեր ճանաչելու պահանջով:

Համալսարանի ներկայացուցիչը վարչական դատարանում հայտնել է, որ վիճարկվող հրամանի հիմքը եղել է նախարարի  հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքը: Աշխատանքային խումբը ղեկավարել է նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը, իսկ խմբում, ի թիվս այլնի, ընդգրկված է եղել նաև նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ Վարուժան Խաչատրյանը:

Նշված նույն անձինք ընդգրկված են եղել նաև «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կազմում համապատասխանաբար որպես նախագահի տեղակալ և քարտուղար:

«Այսինքն՝ ստացվում է, որ «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստը, որտեղ ուսումնասիրության արդյունքներով կազմված տեղեկանքի հիման վրա պետք է քննարկվեր հայցվորի լիցենզիաները դադարեցնելու հարցը, կրել է բացարձակ ձևական բնույթ՝ զուտ ընթացակարգը պահելու համար: Իրականում հարցի քննարկումն արդեն իսկ եղել է կանխորոշված այնքանով, որքանով հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը, նախապես հայցվորի մոտ արձանագրելով «խախտումներ», պարզապես չէին կարող օբյեկտիվ քննարկեին իրենց կողմից կազմված տեղեկանքում արձանագրված խախտումների լինել-չլինելու հարցը»,-դատարանին հայտնել է համալսարանի ներկայացուցիչը:

Բացի այդ, հայտնել են, որ հանձնաժողովի նիստին չի ապահովվել համալսարանի ներկայացուցչի մասնակցությունը: Միջնորդել են նիստը հետաձգել, քանի որ համալսարանի ներկայացուցիչը փաստաբան է ու ծանրաբեռնված է եղել այլ գործով, չի ընդունվել: Հանձնաժողովի նիստը կայացել է առանց համալսարանի ներկայացուցչի, որտեղ պետք է ներկայացվեր հակափաստարկներ, ինչի մասին նախապես հայտնել էին:

Նախարորթւյուննից էլ հայտնել են, թե համալսարանի լսված լինելու իրավունքի խախտման, ուսումնասիրության սուբյեկտիվ և կողմնակալ լինելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում տեղի չունանելու վերաբերյալ պնդումներն անհիմն են:

«Ակնհայտ է, որ արձանագրված խախտումների պայմաններում իրավաչափ չէր կարող լինել Համալսարանի ծրագրերով լիցենզիաների գործողությունը չդադարեցնելը»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, հետևություն է արել, որ վիճարկվող հրամանի ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումներին հայցվորը փաստացի մասնակից չի դարձվել, քանի որ վարչական մարմինը նրա համար լսումներին մասնակցելու իրական հնարավորություն չի ստեղծել՝ ոչ իրավաչափորեն զրկվելով նրան վարչական վարույթում իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից:

Դատարանն անդրադարձել է նաև Աշոտ Արշակյանի և Վարուժան Խաչատրյանի անաչառությանը:

«Նշված անձանց անաչառության վերաբերյալ կասկածը դիտարկվում է ոչ թե որպես հաստատված հանգամանք, այլ զուտ օբյեկտիվ դիտորդի և ողջամտության սահմաններում, քանի որ նման կասկածը հարուցվում է հենց նույն անձանց՝ վարչական վարույթի այնպիսի տարբեր փուլերին մասնակցությամբ, որն օբյեկտիվ դիտորդի ողջամիտ գնահատման շրջանակներում չի կարող դիտվել որպես իրավաչափ՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր փուլը հետապնդել է առանձին նպատակ, և դրանք չէին կարող նույն անձի միջոցով իրացվել»,-նշված է վճռում:

Նշված հանգամանքներով պայմանավորված վարչական դատարանը հայցը բավարարել էր՝ անվավեր ճանաչելով նախարարի՝ համալսարանին լիցենզիաներից զրկելու հրամանը:

Նախարարությունը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է ստորադաս դատարանի վճիռը: Հիմքում դրվել է այն, որ համալսարանի ներկայացուցիչը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու խնդրանքով: Մի քանի անգամ այդ խնդրանքը բավարարվել է: Սակայն, վարչական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու համար՝ որպես կանոն օրենքով սահմանված վարույթի 30-օրյա առավելագույն ժամկետի հաշվառմամբ

Բացի այդ, վերադաս դատարանը փաստել է, որ համալսարանն ունեցել է նաև այլ ներկայացուցիչ, և կարող էր ներկայացուցչի փոխարինում կատարել՝ ապահովելով մասնակցությունը:

«Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ննկերությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումները (թվով 21) իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ հայցադիմումով վկայակոչված ննկերության փաստարկները որևէ պատշաճ ապացույցով ապահովված չեն։ Ընդ որում, նախարարության կողմից Վարչական դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա գրավոր ապացույցներն ուղղակիորեն վկայում են արձանագրված խախտումների հավաստիության մասին»,-նշված է Վերաքննիչ վարչական դատարանի որոշման մեջ:

Հենց այդ հիմնավորումներով էլ նախարարության վերաքննիչ բողոքը վբավարարվել է և բեկանվել ու փոփոխվել է վարչական դատարանի վճիռը՝ ամբողջությամբ մերժելով համալսարանի հայցը:

Համալսարանը 2023թ, փետրվարի 13-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը մակագրվել է դատավոր Հովսեփ Բեդևյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter