HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տուն, որ կարող ես վերցնել քեզ հետ

Շատերիս համար տունն այն վայրն է, որտեղ կարող ենք գտնել խաղաղություն, սփոփանք, խուսափել խնդիրներից, քանի որ «Իմ տունը, իմ ամրոցն է» միտքն ամուր նստած է յուրաքանչյուրիս գլխում: Մենք ձգտում ենք ունենալ մեր սեփական տունը՝ թեկուզ ամենափոքրը, բայց հարազատ ու ջերմ, ուր կարող ենք վերադառնալ եւ գտնել հանգստություն: Չէ՞ որ տունը պարզապես շինություն չէ՝ լցված կահույքով ու զանազան մանրուքներով: Տունը մեր փոքր աշխարհն է, որ շատ ժամանակ ցանկանում ենք վերցնել ու տանել մեզ հետ: «Ամել» ապրանքանիշի հիմնադիր, գյումրեցի գրաֆիկ-նկարչուհի Լուսինե Մովսիսյանի աշխատանքները դիտելիս ցանկանում ես հենց նման մի տուն ձեռք բերել՝ փոքրիկ, գունեղ, ջերմ ու կանչող, որ ուր էլ գնաս՝ ձգտես վերադառնալ, ինչպես թզուկի ու տնակի մասին հայտնի պատմությունում:  

-Իսկ դա ի՞նչ պատմություն է,- հետաքրքրվում է Լուսինեն:

-Հեքիաթ այն մասին, թե ինչպես թզուկը, որ երկար տարիներ ապրել է նույն տանն ու երբեք չի բացակայել, մի օր որոշում է գործով մեկնել: Տունը, մենակ մնալով, տխրում է, ու որպեսզի բաժանումը ծանր չլինի, գնում է թզուկի հետեւից: Վերադառնում է թզուկն ու չի գտնում տունը, նետվում է փնտրելու նրան: Տունը վերադառնում է, թզուկը չկա, թզուկն է գալիս, տունը չկա: Միայն մեկ տարի անց նրանք գտնում են իրար եւ երդվում այլեւս չբաժանվել: Քո աշխատանքները հենց այդպիսի զգացողություն են ծնում՝ չլքելու, չհեռանալու,-խոստովանում եմ ես:

-Ճիշտն ասած, որ ստեղծում էի տների այս շարքը, մտքովս չէր անցնում, թե մեծ արձագանք կունենա,-նկատում է Լուսինեն,-մինչ սա, ես փայտի կտորների վրա ամանորյա պատկերներ էի նկարում, վաճառում էինք, որպես տոնածառի զարդ, հետո ամուսինս փայտից մոմակալներ էր պատրաստում, ես էլ նկարազարդում էի: Տներից բաղկացած կոմպոզիցիա ստեղծելու միտքն եկավ շատ պատահական՝ մեր նոր տունը գնելուց հետո: Տունը հին էր ու կարիք կար մեծ վերանորոգման: Երբ հատակն էինք քանդում, մաշված, տեղ-տեղ փտած փայտը վառելու մտքից անմիջապես հրաժարվեցինք: Արմանն ասաց՝ ես կմշակեմ, հետո կորոշենք՝ ինչ սարքել: Ես փայտի մի փոքր կտոր էի ձեռքիս պահել, որ տուն էր հիշեցնում: Հենց այդ ժամանակ էլ գաղափարը ծնվեց: 

Հատակը երկար տարիներ էր ծառայել նախկին տերերին, եւ նորեկները, որ պիտի հինը փոխարինեին նորով, ցանկացան մեկ այլ՝ առավել գեղեցիկ կյանքով ապրելու հնարավորություն տալ փայտին: «Առաջին տնակներս նաեւ որպես կախիչ էին ծառայում: Գիտեք, մարդկանց տեսակ կա, որ ինչ-որ բան գնելիս անպայման ուզում են ֆունկցիոնալ լինի, ինչ-որ բանի ծառայի: Առաջին օրինակները, որ սարքել էի, եղան գնորդներ խնդրեցին հարմարություն ստեղծել՝ բանալիները կախելու համար: Ես, ճիշտն ասած, էդքան էլ չսիրեցի էդ օղակները, բայց որ ուզում էին, արեցինք,-պատմում է զրուցակիցս,-փայտն է հիմնական հումքը, որից պատրաստվում են տները, ծառի սաղարթի համար ընկույզի կեղեւ եմ օգտագործում, տարբեր չափի մեխերն են պետք գալիս, լարեր: Ամուսինս շատ է օգնում: Չնայած ինքը միշտ ասում է, թե իմս տեխնիկական է, ես փայտ տաշողն եմ, բայց ես անընդհատ խորհրդակցում եմ իր հետ, թեկուզ կոմպոզիցիայի առումով»:

Լուսինեի ամուսինը՝ Արմանը, անգլերեն լեզվի մասնագետ է: Բուհ-ն ավարտելուց հետո, երկու տարի դասավանդել է Արցախի Սղնախ գյուղում, որ ցավոք հիմա թշնամու տիրապետության տակ է: Այսքանով ավարտվել է Արմանի կարիերան մանկավարժության ոլորտում՝ ուսուցչի աշխատավարձով հնարավոր չէր այդ տարիներին ընտանիք պահել: «Արվեստի հետ էլ կապ չեմ ունեցել, բայց էսթետ եմ եղել, երեխա ժամանակ անգամ պարսատիկը, որ սարքում էի, պիտի լիներ հղկված, սիրուն, տարբերվող: Փայտի գործ անողների կողքը շատ էի կանգնում, ինքս էլ էի ձգտում ինչ-որ բաներ պատրաստել: Փաստորեն, տարիներ անց արհեստավորական ունակություններս ընտանիքս կերակրելու հարցում ինձ ավելի շատ պետք եկան»,- Արմանը ժպտում է:

«Ես դեռ Ակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանող էի, որ ամուսնացանք: Ուրիշ աղջիկների սիրածները, փեսացուները ծնունդներին ու տոներին ծաղիկ, օծանելիք կնվիրեին, Արմանն ինձի տարբեր գործիքներ կբերեր, ես էլ դժգոհ չեմ եղել,- Լուսինեն ծիծաղում է ու կեսկատակ-կեսլուրջ պատմում է իր համերաշխ ընտանիքի մասին,- մեր էս տունը, բառիս բուն իմաստով, սեփական ձեռքերով ենք սարքել: Արմանի ձեռքից ամեն ինչ գալիս է, ճիշտ է, ինքը սորված, կուլտուրական տղա է, բայց խնդիր չկա, ամեն ինչից հասկանում է: Դե ես էլ լավ շպակլյովկա կենեմ, շուշաթղթել, ներկել: Մեր դարպասը ես եմ հղկել, ներկել, հարեւանները կտեսնեին, կզարմանային, կիսուրիս կհարցնեին՝ հարսդ է էրե՞լ ըսիկ, կիսուրս կսեր՝ հա՛, ինքը սիրեգը: Հղի էի, տղես պիտի ծնվեր, որոշեցի, որ պարապ նստելու տեղը լուսամուտները շուշաթղթեմ, ներկեմ:  Ելա, սկսեցի գործ էնել, մեկ էլ կիսուրս խառնված եկավ, թե՝ հմի կերսարդ գուկա իմ վրես կճվա, մի էրա, խայտառակ էղանք»:

«Ամել» ապրանքանիշն էլ ընտանեկան աշխատանքի ծնունդ է: Անունը Լուսինեն ստացել է ամուսնու, աղջկա, տղայի եւ իր անվան առաջին տառերի միավորումից: Համարում է, որ արդարացի որոշում է, քանի որ տնակային փոքրիկ թաղամասերի ստեղծմանը մասնակցում են բոլորը՝ ամեն մեկն իր ունակությունների ու կարողությունների չափով:

«Ամեն մի կոմպոզիցիան ստեղծելու վրա ամիս, ամիսուկես ժամանակ ենք ծախսում: Վերջին շրջանում կենտրոնացել եմ գյումրվա տների շարք ստեղծելու վրա: Դա չի նշանակում, թե մակետ եմ անում, ուղղակի վերցնում եմ շատ ճանաչելի դետալ տվյալ շինությունից, ասենք, Ձիթողցյանների տնից, ու դա ընդհանուր աշխատանքը դարձնում է ճանաչելի,-նկատում է Լուսինեն,-ես հրաժարվում եմ կոնկրետ շինություն վերարտադրելու պատվերներից, դա իմը չէ»: 

«Ամել»-ի տների գաղափարը ծնվել է 2019թ-ին, ճանաչում ստացել 2020թ-ի համաճարակի ժամանակ: Լուսինեն ասում է, որ այդ շրջանում չէր դադարում զարմանալ, երբ տներում փակված, վաղվա օրվա նկատմամբ անվստահությամբ լցված մարդիկ իրեն պատվերներ էին տալիս եւ երջանկանում՝ դրանք փոստով ստանալիս: Անցած 4 տարիների ընթացքում մոտ 40 աշխատանք է ստեղծվել:

«Տուն, որ կարող ես վերցնել հետդ․ կարծում եմ՝ սա է մարդկանց գրավում: Մենք ամենաջերմ բաները միշտ պատկերացնում ենք տուն, ծառ ու ծաղիկ, ընտանի կենդանի նկարելով: Օտարության մեջ տխրելիս կամ մենակ զգալով, մենք սփոփվում ենք, որ հայրենիքում, թեկուզ հեռավոր մի գյուղում թողած տուն ունենք,-նկատում է զրուցակիցս,-դե, իսկ կան մարդիկ էլ, որ ձեռք բերելով իմ գործերը՝ հեքիաթի իրենց անկյունն են ստեղծում: Բայց մենք մի շատ կարեւոր ուղերձ էլ ունենք՝ սկսելով գյումրվա տների շարքը. պահպանել այն, ինչ ունենք՝ դա մեր բոլորիս պատմությունն է»: 

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Միշտ հիանում ենք Լուսինեի աշխատանքներով ❤️

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter