HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են մարզերի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թ. գործունեության արդյունքները

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ 2023թ. փետրվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022թ. գործունեության արդյունքները:

Կայազորի զինվորական դատախազները ներկայացրել են զինված ուժերում հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրները:

Դատախազության հաղորդմամբ՝ կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորի տարածքում տեղակայված զորամասերում և այլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և պարտադիր ու պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներն ու դասախոսություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու, քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս:

Հանցագործությունների կանխման տեսանկյունից Գրիգոր Էլիզբարյանը նաև հանձնարարել է արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև մահվան դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով, դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով: 

Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:

Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Գրիգոր Էլիզբարյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter