HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, եւ մեծապես կարեւոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը:  Ալեն Սիմոնյանը նկատել է, որ նախորդ շաբաթը Հայաստանում Լյուքսեմբուրգի շաբաթ էր. ԱԺ խոսնակը փետրվարի 23-ին խորհրդարանում կարեւոր զրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:

«Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ)  հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաեւ Վրաստանը եւ Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը:

Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել  ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձեւերի համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները:

Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարեւորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը եւս ընդգրկված է առաքելության կազմում:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին եւ այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter