HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հիփոթեքը՝ միայն ՀՀ դրամով. Գևորգ Պապոյանի նախագծի խութերը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու նրա երկու գործընկերները՝ պատգամավորներ Նարեկ Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանը, առաջարկում են բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտադրել ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

Այս նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց և հարցերին պատասխանեց Գևորգ Պապոյանը, ինչից պարզ դարձավ, որ գաղափարի հիմնական հեղինակը նա է: Փետրվարի 10-ին օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մարտի 13-ին, ըստ Պապոյանի, կլինի երկրորդ ընթերցումը: 

Պատգամավորների ու տնտեսագետների մի մասը խնդրահարույց է համարում այս նախագիծը և ռիսկեր տեսնում: Մինչդեռ Պապոյանը համոզված է, որ դրանով վարկառուներին՝ քաղաքացիներին են պաշտպանում հետագա ֆինանսական կորուստներից:  

«Իր ռիսկերը կառավարելու համար քաղաքացին պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ». Գևորգ Պապոյանի առաջարկը

Հայաստանյան բանկերը, որպես կանոն, արտարժույթով, հիմնականում՝ դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի համար ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանում, քան ՀՀ դրամով հիփոթեքի դեպքում: Այսօր, երբ դոլարը դրամի նկատմամբ շատ ավելի ցածր է (միջին փոխարժեքը՝ մոտ 390 դրամ), քան, ասենք, երկու տարի առաջ էր (մոտ 530 դրամի սահմաններում), քաղաքացիների մի մասը «գայթակղվում է» այդ փոխարժեքով և ավելի ցածր տոկոսադրույքով ու նախընտրում բանկերից հիփոթեքային վարկը ստանալ դոլարով: Սակայն հետագայում, երբ դոլարը թանկանա, նրանք կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, ընդհուպ՝ տունը կամ բնակարանը կորցնելը: 

Առաջ անցնելով՝ նշենք, որ արտարժույթով հիփոթեքային վարկեր ունեցող քաղաքացիների թիվն ու վարկերի ծավալն այսօր զգալի զիջում են դրամայինին, այսինքն՝ ոչ բոլոր քաղաքացիները, ըստ իրենց ցանկության, կարող են դոլարային հիփոթեքային վարկ ստանալ: Ֆինանսական կառույցներն այս հարցում բավականին զգույշ են: 

Սակայն, նույնիսկ եթե դոլարով վարկերը հիփոթեքային ընդհանուր վարկերի կազմում փոքր են (15-16%), միևնույն է՝ առանձին քաղաքացիների համար դրանք ծանր բեռ են: 

Արտարժույթի հետագա ռիսկերից նոր վարկառուներին ապահովագրելու համար Պապոյանն ու նրա երկու գործընկերներն առաջարկում են միայն դրամով հիփոթեք տրամադրել ՀՀ քաղաքացիներին: 

«Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց նրա մասին է, որ եթե քաղաքացիները՝ ռեզիդենտները, չունեն արտարժութային եկամուտներ՝ առանձին, փոքր բացառությունները չհաշված, ապա նրանք չեն կարող ստանալ և չպիտի ստանան արտարժութային վարկեր։ Սա հատկապես տարածված է լինում այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական բարձր գրագիտություն չեն ունենում, տարվում են 1-2%-ով ավելի էժան վարկի գայթակղությամբ և հետագայում շատ մեծ խնդիրների առաջ են կանգնում: Պատկերացրեք՝ քաղաքացի, որն այս պահին կարող է վերցնել դոլարով վարկ՝ 20 տարով։ Հիմա փոխարժեքը 400 դրամ է և պատկերացրեք՝ 10 տարի հետո փոխարժեքը լինի 500, 600 կամ 700 դրամ։ Կարող է լինել ավելի ցածր էլ։ Մեզ մոտ փոխարժեքը լողացող է։ Դրա հետևանքով կարող է այնպես ստացվել, որ տասնյակ հազարավոր մարդիկ չկարողանան իրենց վարկային պարտավորությունները կատարել, և տասնյակ հազարավոր մարդիկ կորցնեն իրենց բնակարանները։ Ֆինանսական շուկան և անշարժ գույքի շուկան կհայտնվեն անելանելի վիճակում»,- ասում է Գևորգ Պապոյանը: 

Նախագիծը չի վերաբերում բիզնես վարկերին: Խոսքը միայն հիփոթեքային վարկերի մասին է:  Ըստ Գևորգ Պապոյանի՝ նախագիծը ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի մարտի 13-ին: Առաջին ընթերցումից հետո, պատգամավորի խոսքով, բովանդակային փոփոխություններ չեն արվել: 

Թեև նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն վերջնական ընդունված կհամարվի, եթե անցնի նաև երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ 64 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ` 29: Դեմ քվեարկողները նախագծի խութերն են մատնանշում: 

Թադևոս Ավետիսյան. «Քաղաքացին զրկվում է ընտրության իրավունքից. բանկերը կարող են բարձրացնել տոկոսադրույքները»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը համարում է, որ այս նախագծով ներքին արժութային սահմանափակում է դրվում, որը նվազեցնելու է մեր ազգային արժույթի լիկվիդայնությունը։ 

Չնայած արժութային ռիսկը քաղաքացուց տեղափոխվում է բանկեր, սակայն բանկերն ու վարկային կազմակերպությունները այդ ռիսկերը կառավարելու համար կարող են բարձրացնել հիփոթեքի տոկոսադրույքները, որպեսզի հետագայում ֆինանսական կորուստներ չունենան։ «Եթե բանկը ռեսուրսը վերցնում է արտարժույթով, բայց դրամով է վարկը տրամադրում, ամբողջ արժութային ռիսկը վերցնում է իր վրա, վարկային տոկոսադրույքն է բարձրացնելու»,- ասում է պատգամավորը:  

Մյուս բացասական ազդեցությունն, ըստ Ավետիսյանի, կլինի այն, որ քաղաքացին կզրկվի ընտրության իրավունքից: Նույն քաղաքացին գուցե նախընտրում է ոչ թե բարձր տոկոսադրույքով ու ցածր ռիսկով վարկ վերցնել, այլ՝ ցածր տոկոսադրույքով ու բարձր ռիսկով վարկ: 

Ի պատասխան այս մտահոգությունների՝ Գևորգ Պապոյանն ԱԺ նիստին հայտարարել է, որ բանկային համակարգը հանգիստ կարող է «մարսել» այս նախագիծը և չի կարծում, որ տոկոսադրույքները կբարձրանան: Նա շեշտում է, որ բանկային համակարգի վիճակագրությունը ցույց է տվել, որ արտարժույթի տատանումների դեպքում  դոլարով վարկերի կազմում չաշխատող վարկերի կշիռը ավելի արագ է բարձրանում:  

Արտարժույթի տեսակարար կշիռը հիփոթեքային վարկերի կազմում 16% է

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի 18 բանկերում միասին 849 մլրդ դրամին համարժեք հիփոթեքային վարկ կա:

Վերջին տասը տարիներին հիփոթեքային վարկերի ծավալը լայն թափով աճել է: Եթե 2012 թվականի վերջի դրությամբ այն կազմել է ընդամենը 127 մլրդ դրամ, ապա այսօր՝ մոտ 7 անգամ ավելի: Հիփոթեքային շուկային էական զարկ տվեց 2015 թվականից գործարկված եկամտային հարկի վերադարձի ծրագիրը: 

Տարիների ընթացքում արտարժույթի կշիռը հիփոթեքային վարկերում աստիճանաբար նվազել է: Եթե տասը տարի առաջ ՀՀ դրամով և արտարժույթով (հիմնականում՝ դոլարով) հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռները գրեթե հավասար էին, ապա այսօր արտարժույթի կշիռը մոտ 16% է: 

Տնտեսագետ. «Եթե մի քաղաքացի գալիս է և ցույց է տալիս, որ ինքն ունի դոլարային եկամուտներ, թող իրեն դոլարով հիփոթեք տան»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Գևորգ Պապոյանի և նրա գործընկների նախագիծը լավագույն լուծումը չի համարում քաղաքացիներին արտարժույթի հետագա ռիսկային տատանումներից ապահովագրելու հարցում: Նա համաձայն է, որ նման ռիսկեր այսօր կան, սակայն դրանք ապահովագրելու ճանապարհին չպետք է խախտվեն այն մարդկանց իրավունքները, որոնց իսկապես ձեռնտու է դոլարով հիփոթեք ստանալը: 

«Մարդիկ, տեսնելով, որ այս պահին դոլարի փոխարժեքը ցածր է, կգնան դոլարային վարկեր կվերցնեն, հետագայում տատանումներ կլինեն, և նրանք կտուժեն: Հաշվի առնելով բնակչության ֆինանսական գրագիտության ոչ այդքան բարձր մակարդակը՝ նման ռիսկ կա: Բայց այն լուծումը, որը առաջարկում են Գևորգ Պապոյանը և իր գործընկերները, կարծում եմ՝ ճիշտ լուծում չէ: Սահմանափակվում է մեկ այլ խմբի մարդկանց իրավունքը: Նաև ֆինանսական տեսանկյունից գրագետ որոշում կայացնելու հնարավորություն չի տալիս»,- ասում է տնտեսագետը: 

Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք ունեն դոլարային եկամուտներ, և ֆինանսական գրագիտության պարզ տրամաբանությունն ասում է, որ նաև դոլարով պարտավորություններ պետք  է ունենան: Այսինքն՝ այդ մարդկանց վարկերը դոլարով պետք է լինեն, որպեսզի իրենք արտարժութային ռիսկ չկրեն:

«Հիմա, եթե մենք բացարձակ կանոն ենք սահմանում, որ դա պետք է լինի միայն դրամով, մենք ռիսկի ենք ենթարկում թեկուզ այն փոքրաթիվ մարկանց, խոսքը կարող է նույնիսկ մի քանի հազար մարդկանց մասին լինել: Այդ մարդուն ոչ մի ձև հնարավորություն չենք տալիս օպտիմալ ֆինանսական որոշում կայացնել: Այդ մարդուն դնում ենք ռիսկի տակ, որովհետև իր եկամուտները դոլարով են»,- նկատում է  Հայկազ Ֆանյանը: 

Նա առաջարկում է Կենտրոնական բանկի կանոնակարգերով իրականացնել նոր որոշումները: Օրինակ՝ երբ բարձրացվեց հիփոթեքային վարկի կանխավճարի չափը, դրա նպատակն էր՝ կանխել անհարկի հիփոթեքային վարկերի տրամադրումը, որ հետագայում նույն վարկառուներն այն մարելու խնդրի առաջ չկանգնեին, այլ ունենային ֆինանսական բարձիկներ: Նույն կերպ պետք է այսօր նոր կանոնակարգեր սահմանվեն: «Եթե մի քաղաքացի գալիս է և ցույց է տալիս, որ ինքն ունի դոլարային եկամուտներ, թող իրեն դոլարով հիփոթեք տան: Մյուսը չի կարողանում, թող դրամային տան միայն»,- ասում է տնտեսագետը:

Այլապես, ըստ նրա, պետությունն անընդհատ փորձում է միջամտել քաղաքացու կողմից որոշումների կայացման գործընթացին՝ սահմանափակելով քաղաքացու ընտրության հնարավորությունը:

«Եթե այսպես, թե այնպես դոլարի կշիռը հիփոթեքային վարկերի կազմում, առանց որևէ միջամտության, նվազում է (տես երկրորդ ինֆոգրաֆիկան), արժի՞ որևէ քայլ անել ու միջամտել այս պահին»,- հարցին տնտեսագետը պատասխանում է, որ իդեալական տարբերակն է՝ թողնել այնպես, ինչպես այսօր կա: Դա շուկայական կարգավորման մեխանիզմներով պետք է իրականացվի: 

Այս հարցին ԱԺ-ում անդրադարձել է նաև Գևորգ Պապոյանը. «Բնական ձևով է իջեցումը տեղի ունենում դոլարի կշռի, մենք հիմա դա արագացնում ենք»: 

Հայկազ Ֆանյանը ևս համաձայն է այն դիտարկմանը, որ բանկերը մեծ միջոցներ են ներգրավում դոլարով: Եթե ստիպված լինեն տեղաբաշխում իրականացնել միայն ՀՀ դրամով, արտարժութային ռիսկ կստանձնեն: Արտարժութային ռիկսը, բնականաբար, փոխանցելու են հաճախորդին՝ հիփոթեքի տոկոսադրույքները բարձրացնելով: Այսինքն՝ նախագծի վերջնարդյունքում բանկերը չեն տուժի, կտուժեն միայն քաղաքացիները:

«Քանի որ մեզ մոտ առաջնային շուկայից վերցրած հիփոթեքի տոկոսը տալիս է պետությունը՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շրջանակներում, վերջին հաշվով, այդ գումարը վճարելու է պետությունը՝ հարկատուները»,- նշում է Հայկազ Ֆանյանը: 

Նա նաև նկատում է, որ այս նախագծի շրջանակներում Կենտրոնական բանկը որոշակի հետաքրքրություն կունենա այն պարագայում, երբ բանկերը նախընտրեն դրամային միջոցներ ներգրավել Կենտրոնական բանկից: Կոպիտ ասած՝ դրամով հիփոթեք տրամադրելու դեպքում բանկը Կենտրոնական բանկից կվերցնի ու կտա քաղաքացիներին: Այս դեպքում Կենտրոնական բանկի եկամուտները որոշակիորեն կարող են աճել: Չնայած դրա մասնաբաժինը, իրականում, շատ փոքր է լինելու, բայց որոշակի շահ ԿԲ-ն կարող է ունենալ: 

Իսկ հաճախորդների մի մասը շահելու է, մյուս մասը՝ տուժելու:

Նախագծի ռիսկերի մասին ԱԺ-ում  քննարկումների ժամանակ խոսել է նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նա հայտարարել է, որ բանկերի ու վարկային կազմակերպությունների շրջանում որոշ մտահոգություններ կան։ Սակայն Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ այդ մտահագությունները փարատված են: 

 «Պետական գերատեսչությունները, բանկերը, Կենտրոնական բանկը բովանդակային առարկություններ չունեն: Միայն 1-2 վարկային կազմակերպություն մտահոգություն ուներ, որոնք փարատվեցին: Այս նախագիծը քաղաքացիների շահերը պաշտպանելու համար է»,- մեզ հետ զրույցում շեշտեց Գևորգ Պապոյանը: 

Ընդգծենք, որ նախագիծը չի տարածվելու արդեն իսկ հիփոթեքային վարկ ունեցողների վրա: 

ԿԲ նախագահի տեղակալ. «8 հազար քաղաքացի ունի արտարժույթով հիփոթեքային վարկ»

 Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի հայտնած տվյալների համաձայն՝ ներկայում մոտ 8 հազար ՀՀ քաղաքացի արտարժույթով հիփոթեքային վարկ ունի: Վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 133 մլրդ դրամ:  

«Ֆինանսական համակարգի տեսանկյունից, մեծ հաշվով, էական գումար չէ, բայց քաղաքացու բյուջեի, եկամուտների տեսանկյունից մեծ բեռ է։ Փոխարժեքի ազդեցության պատճառով դրա պարտքի մեծացումը հանգեցնում է նրան, որ այդ մարդն ուղղակի տունը կորցնում է։ Դրանք փոքր ժամկետանց վարկեր չեն, այլ՝ մարդու ճակատագրի վրա ազդող խնդիր, երբ պարտքը տնից թանկ է լինում»,- փետրվարի 10-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանն ասել է Հովհաննես Խաչատրյանը:

Կենտրոնական բանկի տվյալներով՝  ամբողջ բանկային համակարգի ակտիվների մեջ դոլարային հիփոթեքային վարկերը 3.6% են կազմում: 

Հարցին, թե հիփոթեքի տոկոսադրույքների վրա ինչպես կազդի այս նախագիծը, Հովհաննես Խաչատրյանը պատասխանում է, որ վարկերի տոկոսադրույքների վրա բազմաթիվ գործոններ են ազդում, սակայն հույս ունեն, որ աճ չի լինի:  

Ինչ վերաբերում է բանկերին, վերջիններս դեռևս հրապարակային կարծիք չեն հայտնել այս նախագծի վերաբերյալ: Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ բանկերի հետ քննարկել են այն և նրանք դեմ չեն: Ըստ պատգամավորի՝ նախագիծը բանկերի և պետական գերատեսչությունների հետ քննարկվում է դեռևս 2020 թվականից:

Գլխավոր լուսանկարում՝ Գևորգ Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter