
Խնձորեսկում բացվեց 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջ
Պատմում են, որ երբ տասնամյակներ առաջ Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ օդանավակայան են կառուցել, տեղացիները մեծամտացել են. «Որոշ գյուղեր առանց օդանավակայան ո՞նց են ապրում»:
Նույնը կրկնվեց, երբ շահագործման հանձնվեց «Տաթեւեր» ճոպանուղին, ու հարակից գյուղերի բնակիչները սկսեցին պարծենալ, որ իրենց այցի են գալիս աշխարհի տարբեր անկյուններից: Միայն թե այս անգամ խնձորեսկցիները «չդիմացան», որոշեցին իրենց «անթել» ճոպանուղին կառուցել, և ամիսների ընթացքում կառուցվեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որի երկարությունը 160 մետր է, բարձրությունը` 63 մ, քաշը` 14 տոննա:
Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը», որտեղից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:
Հին ավանդույթը պատմում է, որ երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:
Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս… »:
Ճոճվող կամուրջը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, կառուցվել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների` Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին:
![]() |
![]() |
կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տ | ճոճվող կամուրջը միաժամանակ կարող է սպասարկել 700 մարդու |
«Վերջնական նպատակս, բնականաբար, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, սակայն որպես այս հող ու ջրի մարդ, շատ էի ուզում, որ հին Խնձորեսկը, որտեղ գտնվում է նաև հայրական տունս, կարողանա այս միջոցով նաև ներկայանալի լինել աշխարհին, որ նաև հայրենասիրություն ասվածը միայն բառեր չմնան, երիտասարդների համար այս կամուրջը իրենց արմատներին վերադառնալու ճանապարհ դառնա»,- ասում է Ժորա Ալեքսանյանը, ով չի թաքցնում, որ երբ առաջին անգամ անցել է արդեն պատրաստի կամրջի վրայով, չի կարողացել արցունքները զսպել: Նա նաև իր երախտիքն է հայտնում համագյուղացիներին, ովքեր աջակցել են իր մտահղացումը կյանքի կոչելուն: Հիացմունքով է խոսում հատկապես եռակցող Սեյրանի մասին:
![]() |
![]() |
շինարար Հակոբ Գյուրզադյան | գործարար-բարերար Ժորա Ալեքսանյան |
Ճանապարհաշինարար Հակոբ Գյուրզադյանի խոսքով՝ կախովի ճոճվող կամուրջն իր տեսակի մեջ բավական հետաքրքիր է, և նախաձեռնողները կարողացել են հաջող լուծումներ գտնել մտահղացումը կյանքի կոչելու համար: Նրա կարծիքով՝ կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու:
![]() |
տեսարան ճոճվող կամրջից |
Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Վարդան Վարդանյանի գնահատմամբ՝ կամուրջն իսկապես լավագույն խթան կհանդիսանա տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար: Նրա կարծիքով՝ կառույցը հետաքրքրական է այն առումով, որ ամբողջը կատարվել է ձեռքի աշխատանքի միջոցով. որևէ տեխնիկական միջոցներ չեն օգտագործվել:
Խնձորեսկի համայնքային իշխանության ղեկավար Սերյոժա Հայրապետյանը նշում է, որ բոլոր ժամանակներում Խնձորեսկում արտագաղթը էական դեր չի խաղացել, ավելին՝ Խնձորեսկում կարծես թե ավանդույթ է դարձել, որ օտար ափերում բնակվող գործարար խնձորեսկցիները ոչ թե տեղացիներին աջակցում են աշխատուժ «արտահանելով», այլ հնարավորության դեպքում ներդրումներ են կատարում, որպեսզի սահմանամերձ Խնձորեսկն էլ ավելի բարգավաճի, որ գյուղի երիտասարդներն իրենց բարեկեցությունն ապահովելուն զուգահեռ կարողանան իրենց ժամանցը կազմակերպել: Այս աոումով, ըստ գյուղապետի, նորակառույց կամուրջը ոգևորում է երիտասարդներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կամրջի գաղափարն իրականություն դարձնելու գործում. անգամ որոշ հատվածների բետոնի ծածկույթի համար ձիով շինանյութ են տեղափոխել:
![]() |
![]() |
Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյան | Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան |
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում վստահվեց կամրջի բացման պատիվը, նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գորիսում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար ընդարձակ ծրագիր է կազմվել, ըստ որի՝ «ճանաչողական և կրթական-մշակութային զբոսաշրջության համար իբրև կենտրոններ են վերցրվել Սյունիքի մարզի Տաթև, Խնձորեսկ, Հալիձոր, Քարահունջ գյուղերը, որտեղ ավելի լավ են պահպանված անցյալից եկող, ոչ նյութական ժառանգության մաս կազմող Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը», և այս առումով Խնձորեսկի ճոճվող կամրջի կաուցումը առաջին քայլերից մեկն է: Ըստ նրա՝ Սյունիքի յուրաքանչյուր անկյունը կարող է խթանել մարզում զբոսաշրջության զարգացմանը, եթե նման նախաձեռնություններն ավելի շատ լինեն, եւ մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրականացմանը:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել