HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի գործով առաջին անգամ հաշտություն է հաստատվում, բայց դատախազությունն անձանց մասին տեղեկատվություն չի տալիս

«Ապօրինի գույքի» գործերով առաջին անգամ Հակակոռուպցիոն դատարանում հաշտության համաձայնություն է հաստատվում: Սակայն, դռնբաց դատական նիստում քննվող դիմումի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չի փոխանցում: Մասնավորապես, գործով շահագրգիռ անձանց անունները հայտնի են, բայց դատախազությունը չի ասում, թե ովքեր են, ինչ պաշտոն կամ դիրք են զբաղեցնում: Մեր փորձերը՝ ստանալ տեղեկատվություն հաշտության համաձայնության կողմի վերաբերյալ, մատնվեցին անհաջողության:

Նշենք, որ հակակոռուպցիոն գործերի քննությունը և դրանց հետ կապված իրավական գործընթացներն ունեն հանրային հետաքրքրություն, հետևաբար՝ անհասկանալի է Գլխավոր դատախազության պասիվ վարքագիծը:

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հաշտության համաձայնության կողմերն են՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը և շահագրգիռ անձինք՝ Արթուր Մանուկյանն ու Հասմիկ Բիչախչյանը:

Թե ովքեր են Արթուր Մանուկյանն ու Հասմիկ Բիչախչյանը, ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում, որ անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով, Գլխավոր դատախազությունը չի հայտնում:

Դիմողները դատարանին խնդրել էին նիստն անցկացնել իրենց բացակայությամբ, որևէ մեկը չէր եկել դատարան: Փետրվարի 28-ի նիստում դատավոր Կարապետ Բադալյանը թեև շարունակեց դիմումի քննությունը կողմերի բացակայությամբ, սակայն հայտնեց, որ դատարանը գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե, որի պատասխանը չի ստացվել, ինչը կարևոր է հաշտության համաձայնություն կնքելու համար: Հենց այդ հիմքով էլ նիստը հետաձգեց մինչև մարտի 20-ը:

Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է հայտարարագիր։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիրը ներառում է հետևյալ տվյալները՝

  1. անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը,
  2. հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ,
  3. հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս,
  4. ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները,
  5. ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները,
  6. ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ։

Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75%-ը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։

Հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանն ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև՝ եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա փոխանցվում է դրա շուկայական արժեքը՝ դրամով։

Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և համաձայնության կողմերի համատեղ ստորագրված դիմումով ներկայացվում է առաջին ատյանի դատարանի հաստատմանը: Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը։

Դիմումի քննության արդյունքներով դատարանը դիմումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է վճիռ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ չհաստատելու մասին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter