
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 25-ին Միսնկում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Վստահ եմ, որ բելառուսական կողմի արտահայտած տեսակետը կհասնի գործընկերների գիտությանը, որոնց ես ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին Մինսկում՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում»,- նրա խոսքերը մեջբերել է բելառուսական БелТА գործակալությունը։
Մինսկում մարտի 1-ին կայացել է ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը: Հանդիպման արդյունքում Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կազմակերպությունում այդ երկրի նախագահության ժամանակաշրջանում կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոնֆլիկտային ներուժի նվազմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը՝ անդամ երկրների համատեղ գործողությունների միջոցով։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում այս տարի նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին։ Ռազմական այս դաշինքին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Հայաստանը տարբեր մակարդակներով քննադատության էր ենթարկել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ժամանակ ցուցաբերած անգործության համար։
Լուսանկարը՝ РИА Новости-ին
Մեկնաբանել