HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի անդամակցությունը։ Ինչպես հայտնում է ֆիննական Yle.fi կայքը, խորհրդարանի 200 պատգամավորից կողմ է քվեարկել 184-ը, դեմ՝ 7-ը։ 

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ են քվեարկել «Ձախ միություն» կուսակցության ներկայացուցիչները։ Եվս 7 պատգամավոր չի մասնակցել նիստին, 1 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել։ Խորհրդարանի անդամները քննարկել են նաև միջուկային զենքին վերաբերվող հարցեր։

Որպեսզի Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին, այդ որոշումը պետք է վավերացնեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները։ Ներկա պահին մնացել են միայն Թուրքիան և Հունգարիան։ Հյուսիսատլանտյան դաշինքի մնացած 28 անդամներն աջակցել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մտադրությանը։ 

Yle.fi-ն հայտնում է, որ Հունգարիայում այսօր սկսել են դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Այսօր ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հունգարական խորհրդարանին կոչ էր արել վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հայտերը։

Ամենաբարդը թերևս Թուրքիայի հետ բանակցություններն են։ Անկարան պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային հանձնեն քուրդ գործիչներին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։ Վերջիններս քաղաքական ապաստան էին ստացել սկանդինավյան այդ երկրներում։ Թուրքական կողմը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հետ բանակցությունները շատ ավելի հարթ են ընթանում, և Անկարան կվավերացնի Ֆինլանդիայի անդամակցության հայտը, փոխարենը իրավիճակն ավելի բարդ է Շվեդիայի պարագայում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Ստոկհոլմը չի կատարում իր պահանջները։

Լուսանկարը՝ Ֆինլանդիայի խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter