
Էրդողանը հաստատել է մայիսի 14-ին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ այդ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակել են թուրքական հեռուստաընկերությունները։
«Մայիսի 14-ին մեր ժողովուրդը կանի այն, ինչ անհրաժեշտ է (խմբ. ի նկատի ունի ընտրություններին մասնակցությունը)»,- հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով իր ու կառավարության հասցեին ընդդիմության քննադատությանը։
Ավելի վաղ, Էրդողանը մայիսի 14-ն անվանել էր ընտրությունների անցկացման ամենահարմար ժամկետը։ Նույնը հաստատել էին նաև նրա գլխավորած կուսակցության ներկայացուցիչները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները «մեկնել էին երկրաշարժի գոտի տեսախցիկների առջև երևալու համար» և «հոգ տարել ունեցվածքի մասին այն ժամանակ, երբ իշխանությունները մտածում էին մարդկային կյանքերի մասին»։ Էրդողանը նաև հավելել է, որ իր վարչակազմը «համապատասխան գրառումներ է վարում» ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողությունների վերաբերյալ, որոնք «իրենց ժամանակին կհրապարակվեն»։
Դեռ մինչև փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերը, Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հունիսի 18-ից ընտրությունների օրը տեղափոխել մայիսի 14, որպեսզի հասցնեն այն կազմակերպել մինչև արձակուրդների, ուսումնական հաստատություններում քննությունների և կրոնական տոների սկիզբը։
Ակնկալվում է, որ նա մարտի 10-ին կամ 11-ին պաշտոնապես կհայտարարի Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերջնական օրվա մասին։ Դրա հաստատման համար անհրաժեշտ կլինի կամ խորհրդարանի հաստատումը, կամ էլ նախագահի առանձին հրամանը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել