HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց. պաշտոնյան պնդում է, որ ՊԵԿ-ը որևէ պարտավորություն չունի

Այսօր ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչներից մի քանիսը հավաքվել էին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նրանք պահանջում էին հանդիպում ՊԵԿ պաշտոնյաների հետ, որ ներկայացնեն իրենց պահանջները։

Փետրվարի 16-ին շենքից վտարված քաղաքացիների պահանջը մնում է անփոփոխ՝ նրանք ցանկանում են Կառավարության որոշում, ըստ որի՝ շենքին կտրվի բնակելի կարգավիճակ, իսկ իրենք կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։

Քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացել է ՊԵԿ գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ Էդգար Հովսեփյանը։

Բողոքի ակցիան լուսաբանող լրատվամիջոցները տեսագրել են հանդիպումը։ Քաղաքացիները մի շարք հարցեր են տվել ՊԵԿ պաշտոնյային՝ կապված փետրվարի 16-ին իրենց շենքից վտարելու, շենքի հետագա կարգավիճակի, սոցիալական ապահովման և այլ հարցերի հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

Պաշտոնյայի խոսքով՝ կենտրոնի նախագիծը այժմ մշակման փուլում է, իսկ աշնանը նախատեսվում է շինարարական աշխատանքների սկիզբը, ապագայում շենք են տեղափոխվելու ՊԵԿ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները։

Անցած շաբաթ այցելել էինք շենքի տարածք։ Դրսում չգիշերելու համար քաղաքացիները մեկ վրան էին տեղադրել։ 10 հոգու համար նախատեսված վրանում քնում էր մոտ 25 հոգի, կանայք և երեխաները մնում էին վրանում, իսկ տղամարդիկ հիմնականում գիշերում էին դրսում։

«Հետքի» հետ զրույցում շենքի բնակիչներից Անուշիկ Ավետիսյանը պատմեց, որ մի քանի օր առաջ նրանք ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջնորդությամբ և աջակցությամբ տեղադրել են երկրորդ վրանը։

Անուշիկի խոսքով՝ գրեթե երկու շաբաթ անդադար նստացույց իրականացնող վտարված բնակիչներից շատերը հիվանդացել են։ Հիվանդացողների թվում է նաև Անուշիկի փոքր երեխան։

«Չորս ամսական բալիկս իրանց պատճառով հայտնվեց հիվանդանոցում՝ բրոնխների հիվանդության և միակողմանի թոքաբորբ դիագնոզով։ Հիմա ինքը ապարատով ա շնչում, դեղերը բավականին թանկ են, մարդիկ կան որ առել են այդ դեղերը, որովհետև ես ի վիճակի չեմ»,- պատմում է Անուշիկը։

ՊՆ նախկին շենքի տարածք նա տեղափոխվել է մի քանի ամիս առաջ։ Վարձով տան գների թանկացման պատճառով հայտնվել է դրսում, ծանոթներից լսել է շենքի մասին և եկել է այդտեղ բնակվելու։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Անուշիկը երեխային բերել է հետ՝ շենքի տարածք, երկուսն էլ մյուսների նման ապրում են վրանում։

Վտարված բնակիչներից շուրջ 10 ընտանիք տեղափոխվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած ժամանակավոր կացարան, սակայն այնտեղ ու հանրակացարաններում բնակվելը բնակիչներից շատերը խնդրի լուծում չեն համարում։ Ասում են, որ վաղ, թե ուշ նրանք ստիպված կլինեն այդտեղից էլ հեռանալ։ Գոհ չեն նաև հանրակացարանների պայմաններից։ Պահանջում են խնդրի համապարփակ լուծում։

Անցած ամիս շենքի տարածքը ազատելու դիմումը ոստիկանությանը ներկայացրել էր ՊԵԿ-ը։

Էդգար Հովսեփյանը պնդում է, որ ՊԵԿ-ի դիմումից հետո Ոստիկանությունը մի քանի անգամ ծանուցել է շենքի բնակիչներին տարածքը լքելու վերաբերյալ։

«Մենք հոկտեմբերին պարբերաբար այցելել ենք այդ տարածք՝ աշխատանքներ անցկացնելու, այնտեղ բնակիչներ չեն եղել։ Եղել են քաղաքացիներ, որոնք մտել ու դուրս են եկել, բայց բնակիչներ չեն եղել։ Նոյեմբերից է այնտեղ սկսվել ակտիվ բնակեցումը, այդ ժամանակ էլ ՊԵԿ-ը դիմել է Ոստիկանություն, որ վերացվի ապօրինի ներխուժումը։ Ինչո՞ւ իրենց պետք է թույլ տրվի այնտեղ բնակվել, այդ տրամաբանությամբ յուրաքանչյուր քաղաքացի նույն ցանկությունը կարող է հայտնել»,- բնակիչների հետ հանդիպումից հետո այսօր ասել է ՊԵԿ պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը վտարված բնակիչների առջև որեւէ պարտավորություն չունի։

Գրել էինք, որ բնակիչների գույքը մնացել է շենքում, շատերը բողոքում էին, որ ոստիկանության ծառայողները որոշների գույքը ջարդել կամ վնասել են, իսկ գույքի մի մասը անհետացել է։ Տարածքում գիշերները տաքանալու համար բնակիչները հիմնականում այրում են հին անվադողեր և պլաստիկ։ Վառելափայտը, ըստ նրանց, մնացել է շենքում և ոստիկանները իրենք են վառել փայտը տաքանալու համար։

Փետրվարի 27-ին epress.am կայքի թղթակիցը եղել էր շենքի տարածքում և նկարահանել էր բնակիչների բողոքը։ Ոստիկանությունը սկսել էր շենքից դուրս բերել բնակիչներին պատկանող գույքը՝ անտեսելով գույքի համար տեղ գտնելու հավելյալ ժամանակ տրամադրելու խնդրանքները։

«Հետքի» հետ զրույցում բնակիչները պնդում են, որ պետական կառույցները անտեսում են իրենց և չեն ցանկանում հարցին մարդակենտրոն լուծում տալ։ Նրանց խոսքով՝ պետական կառույցները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում, արդյունքում դրսում հայտնվել են իրենք։

«Մեր ապագան պարզ չէ, չգիտենք, թե վաղը ինչ կլինի, բայց էս հարցին պետք ա մարդկային լուծում տրվի»,- ասում է Անուշիկ Ավետիսյանը։

«Հետքը» կշարունակի հետևել իրադարձություններին։

Գլխավոր լուսանկարը՝ Սամսոն Մարտիրոսյանի, hetq.am
Անուշիկ Ավետիսյանի լուսանկարները` իր անձնական արխիվից
Տեսանյութերը՝ news.am-ի, epress.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter