Օլսենը խոստովանել է, որ բախտն իրենց կողմից էր
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը «Եվրո-2012»-ի ֆավորիտներից հալանդացիների նկատմամբ տարած հաղթանակից (1-0) հետո խոստովանել է, որ մարզական բախտը եղել է իրենց կողմից: «Ես ուրախ եմ ու հպարտ: Կարծում եմ՝ հիանալի խաղ անցկացրինք: Հոլանդիան, իհարկե, գոլային պահեր ուներ, սակայն մենք էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեինք: Ինձ թվում է՝ սուբյեկտիվ չեմ լինի, եթե ասեմ, որ մենք ավելի քան արժանի էինք հաղթանակի: Խոսքը հավատի ու վստահության մասին է: Մենք կռիվ ենք տալիս մեկս մյուսի համար: Հոլանդացիները սիրում են դոմինանտ լինել դաշտում եւ, երբ տեսնում են, որ մրցակիցը վախենում է, նրանց պահել հնարավոր չէ: Բայց մենք այդպիսի հնարավորություն նրանց չտվեցինք»,- նշել է դանիացի մասնագետը:
Օլսենը խոստովանել է, որ լավ խաղալը քիչ է՝ նման ուժեղ խմբի մրցակիցներին հաղթելու համար: Պետք է նաեւ հաջողակ լինել: Նա նաեւ հավելել է, որ թիմը կարող էր ավելի լավ գործել՝ օրինակ, չկորցնել գնդակը դաշտի միջին հատվածում: Ըստ Օլսենի՝ թիմը դեռ ավելացնելու տեղ ունի պորտուգալացիների հետ խաղում:
Բերտ վան Մարվեյկը, ընդհակառակը, իր թիմին գովել է՝ նշելով հետեւյալը. «Եթե դու նման խաղում այսքան ուժեղ ես մրցակցից, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ մեկ քայլ առաջ գնալու փոխարեն պիտի հետ գնաս: Դժվար է խաղացողներին ստիպել նահանջել, երբ նրանք հրաշալի գրոհում են: Կարծում եմ՝ սա վերջում խաղաց իր դերը, նաեւ պիտի նշեմ բարձր խոնավությունը, սակայն արդարացում չեմ փնտրում»:
Մարվեյկը դաշտում եղած ֆուտբոլիստներից լավագույնը համարել է Սնեյդերին, որն անընդհատ խորքից փոխանցումներով հարվածային դիրք էր դուրս բերում ընկերներին: «Մենք փորձում էինք օգտագործել մեր ուժեղ կողմերը: Տղաները շատ էին ուզում իրենց հնարավորություններն իրացնել, սակայն գնդակը հրաժարվում էր դարպասը մտնել: Պահեստայինների նստարանից մարտի նետեցինք տղաներին, սկսեցինք ավելի ակտիվ գրոհել ու ավելի շատ պահեր ստեղծեցինք, սակայն այսպիսին է ֆուտբոլը: 4, իսկ գուցե եւ 5,6 ֆուտբոլիստ չօգտագործեցին իրենց պահերը»,- նշել է հոլանդացին:
«Մենք ուժեղ էինք մրցակցից, սակայն ֆուտբոլում պետք է գոլ խփել: Դա խաղի մասն է: Մենք դեռ շատ բանի ենք ունակ, ուղղակի պետք է հաղթենք Գերմանիային: Հեշտ չի լինի, սակայն մեր առջեւ այժմ այդպիսի առաջադրանք է, ու բոլորը դա հասկանում են»,- եզրափակել է վան Մարվեյկը:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել