HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրիբոյեդովում արտահերթ ընտրություններ են (վիդեո)

Դեռ խորհրդարանական ընտրությունները «չմարսած»` Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում հունիսի 24-ին պատրաստվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին: Համայնքապետ Բաղդասար Գաբրիելյանը մոտ 2 ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի, սակայն ամիսներ անց նա նորից առաջադրեց իր թեկնածությունը:

Գրիբոյեդովում համայնքապետի թեկնածուները երեքն են` Բաղդասար Գաբրիելյանը, Վահե Գրիգորյանը եւ նախկին համայնքապետ Կամո Ջամալյանը:

Թեկնածուներից ամենաերիտասարդը Վահե Գրիգորյանն է. նա այսօր դարձավ 28 տարեկան: Վահե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե առաջադրումն իր կողմից ինքնանպատակ չի եղել, այլապես ցանկացած մարդ քնից կարող էր արթնանալ եւ թեկնածություն առաջադրել:

«Առաջարկություն եղել է ժողովրդի կողմից: Ճիշտ է, երիտասարդ եմ, բայց խորհրդակցելով գյուղի մեծերի հետ, առաջարկեցին, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը, մանավանդ՝ այսօր տարիքը չէ, որ փոխում է: 22 տարեկանից աշխատում եմ, մարդկանց հետ շփվում եմ: Այստեղ, չեմ կարծում, որ փորձը մեծ կապ ունի համայնքապետի պաշտոնի հետ: Ամեն մարդ, եթե գիտակցելով է գալիս լավ բան անելու, կարծում եմ՝ փորձը կապ չունի, եւ աշխատանքի ընթացքում ամեն ինչ կհարթվի»,-ասում է Վ. Գրիգորյանը:

Մշակույթի տունը

Թեկնածուն վստահ է, որ գյուղը հնարավոր է ղեկավարել եւ համատեղ խնդիրները լուծել միայն մարդկանց եւ հատկապես` տարեցների կարծիքն ու փորձը հաշվի առնելով, քանի որ վերջիններս ավելի քաջատեղյակ են խնդիրներից: Վ. Գրիգորյանն ասում է, որ իր ծնողները եւ տատը գյուղացիներին միշտ լավն են կամեցել, ինքն էլ այդ ամենը տեսնելով՝ գալիս է «լավ բան անելու համար»:

«Պաշտոնի ձգտում չկա: Ես հիմա «Զվարթնոց» օդանավակայանում եմ աշխատում, ստանում եմ ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքապետի աշխատավարձն է, սակայն ուզում եմ գյուղում լավ բաներ անեմ»,-ավելացրեց Վահե Գրիգորյանը:

Երիտասարդ թեկնածուն ընտրվելուց հետո խոստանում է առաջնահերթ վերացնել գյուղի աղբակույտերը, որպեսզի անցորդը չտեսնի մշակույթի տան հարակից կանաչ տարածքում արածող կովերին: Ըստ նրա՝ այդ խնդիրը լուծելու համար ոչ կառավարության միջամտության կարիքը կա, ոչ էլ լուրջ ֆինանսական ծախսեր են պահանջվում, պարզապես պետք է համայնքապետը կարգադրի եւ իր հեղինակությամբ լուծի խնդիրը:

«Գյուղում աշխատանքներ կատարվել են, որ ասեմ լրիվ անմխիթար վիճակ է, այդպես չէ, բայց ահագին բաներ էլ կան, որ պետք է արվեն: Օրինակ՝ շատ քիչ գյուղեր կան, որ բուլվար ունեն, սակայն մեր գյուղն ունի ու լցված է աղբով»,-ավելացրեց Վահե Գրիգորյանը:

Թեկնածուի խոսքերով`ինքը երբեք կուսակցական չի դառնա եւ իր հույսն էլ միայն ժողովրրդի աջակցությունն է:

Վահեի մայրն ասաց, որ սկզբում ընտանիքը դեմ է եղել տղայի առաջադրմանը, քանի որ գյուղն ունի շատ խնդիրներ եւ միգուցե նա չկարողանա այդ ծանր բեռի տակից դուրս գալ, սակայն, ծանոթ լինելով որդու խառնվածքին եւ խնդիրները լուծելու ձգտումներին, ստիպված համակերպվել են եւ այժմ խրախուսում եւ նույնիսկ պատրաստ է որդուն աջակցել, եթե վերջինս ընդունի մոր աջակցությունը:

Վահե Գրիգորյանը նշեց, թե հրապարակային աշխատելու կողմնակից է եւ իր մրցակից երկու թեկնածուներին առաջարկել է բնակչության հետ համատեղ հանդիպում կազմակերպել, սակայն, ավելի փորձառու լինելով հանձերձ, երկու թեկնածուներն էլ հրաժարվել են:

Բաղդասար Գաբրիելյանն էլ ասաց, որ գյուղում ինչ ծրագրավորած եղել է, ամեն ինչ կատարվել է            ՝ սկսած գազաֆիկացումից, մինչեւ ոռոգման ջրի կիսախողովակների անցկացումը: Միակ խնդիրը գյուղի ճանապարհներն են, սակայն, Բաղդասար Գաբրելյանի ասելով, համայնքապետարանի ուժերից վեր է, քանի որ նախնական հաշվարկներով մոտ 200 միլիոն դրամ է անհրաժեշտ:

«Արդեն ամաչում եմ, որ դրսի մարդը գալիս է, կմտածի գյուղապետը չի աշխատում, քանի որ ճանապարհները վատ վիճակի են: Ճիշտ է, տարբեր ծրագրորով խոստացան, որ ճանապարհները կվերանորոգեն, սակայն այդ ծրագրերը մնացին օդում»,-ասաց Բ. Գաբրիելյանը:

Թեկնածուն, անդրադառնալով մոտ երկու ամիս առաջ համայնքապետի պաշտոնից հրաժարվելուն, նշեց, թե գալիս է մի տարիք, երբ մարդը ոչ էներգիա է ունենում, ոչ էլ «ֆանտազիա», ուստի համայնքապետի պաշտոնից հրաժարվելով ցանկանում էր իր տեղը զիջել երիտասարդներին: «Արդեն փոքր գործերն էլ ինձ չեն ուրախացնում, եթե մի 10 տարի առաջ լուսավորության հարց էինք լուծում, ուրախանում էինք, ասում էին` աշխատանք է կատարվել: Հիմա դա էլ չկա, որ ուրախանանք, երկրորդն էլ` մեծ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել մեր սուղ միջոցներով: Ես էլ կարծում եմ, որ պետք չի ատամներով կառչել այս քնձռոտ աթոռին, պետք է տեղ տանք, որ երիտասարդներն աշխատեն, վերջ ի վերջո ապագան նրանցն է»,-ասում է Բ. Գաբրիելյանը:

Հրաժարական տալուց հետո, Բ. Գաբրիելյանը մտածել է, թե գյուղը համախմբված տեղ կտա երիտասարդ թեկնածուին, քանի որ նա ավելի եռանդով կաշխատի, սակայն տեղեկանալով, որ համայնքապետի թեկնածու առաջադրվել է նաեւ նախկին համայնքապետ Կամո Ջամալյանը, ինքը նորից առաջադրվել է, որ թույլ չտա նրան ընտրվել:

Թեկնածուն տեղեկացրեց, որ իր մրցակիցներից մեկը «բամբաներկան թեւի տակ» տնետուն ընկած ձայն է խնդրում, իսկ ինքն իրեն թույլ չի տա, որ գնա խնդրի, որ իրեն ընտրեն:

«Եթե այսօր գնաս խնդրես, թե ինձ ձայն տուր, ոչ միայն ստորանում են, այլեւ վաղը չես կարող աշխատել: Մարդիկ երեսով կտան, կասեն` հիշում ես եկել խնդրում էիր: Ես ոչ մի անգամ չեմ խնդրել, մարդիկ պետք է մտածված գնան ընտրության»,-ասում է թեկնածուն:

Կամո Ջամալյանը ներկա էր մեր զրույցին: Երբ նրանից էլ պարզաբանում խնդրեցինք, ասաց, թե «պատրաստ չէ» եւ հրաժարվեց կարծիք հայտնելուց: «Հաստատ չեմ ասի, որ հավասարությունը խախտել եք»,-ասաց Կ. Ջամալյանը:

Մեկնաբանություններ (1)

zohrab
i am a diasphoran i visited griboyadov first of all you can renew the sign at entrance of villge it will not cost much it gives a visitor a shock when u see itfirst time i didnt have much chance to see all of griboyadov but be sure im coming to checkit all up

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter