
2035 թվականին Երկրագնդի բնակչության կեսից ավելին կունենա ավելորդ քաշի խնդիր. զեկույց
2035 թվականին Երկրագնդի բնակչության կեսից ավելին կունենա ավելորդ քաշի խնդիր, իսկ բազմաթիվ դեպքերում՝ ճարպակալում, եթե անմիջապես քայլեր չձեռնարկվեն իրավիճակի շտկման ուղղությամբ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային ֆեդերացիային։
Խոսքը գնում է 4 միլիարդից ավելի մարդու մասին, որոնք կբախվեն ավելորդ քաշի հետ կապված խնդիրների հետ։ Ըստ կազմակերպության տվյալների` ամենամեծ խնդիրը սպասվում է, որ կլինի երեխաների ու դեռահասների մոտ, ընդ որում, ցածր եկամուտներ ունեցող աֆրիկյան ու ասիական երկրներում։ Այս երկրներում խնդրի հիմնական արմատը, փորձագետների կարծիքով, առավել էժան վերամշակված մթերքների օգտագործումն է, որոնք տարբեր հավելումներ են պարունակում։ Մասնավորապես, մսի փոխարեն, որը բնակչության որոշ շերտերի գրպանին հասանելի չէ, մարդիկ օգտագործում են երշիկ և նրբերշիկ։
Ասիայի և Աֆրիկայի երկրներում ճարպակալման մյուս պատճառներից կարող են լինել սննդի վերահսկողության ինստիտուտների բացակայությունը, մարքեթինգային թույլ քաղաքականությունը, քաշի հետ կապված խնդիրների պատճառների ու հետևանքների վերաբերյալ բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը, ինչպես նաև նստակյաց ապրելակերպը։
Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհում ճարպակալման կանխարգելման և բուժման հետ կապված ծախսերը 2035 թվականին կգերազանցեն չորս տրիլիոն դոլարը, Իսկ համաշխարհային տնտեսության կորուստները, որոնք կապված են ճարպակալման հետ, 12 տարի անց կարող են կազմել համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 3 %-ը։
Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Լուիս Բաուերը տարբեր երկրների կառավարություններին կոչ է անում արդեն հիմա սկսել գործել, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունից և տնտեսական հետևանքներից։
Զեկույցում հատուկ տեղ է հատկացվել երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման զարգացման դինամիկային։ Սպասվում է, որ այս հատվածում 2035 թվականին ավելորդ քաշի հետ կապված խնդիր ունեցողների թիվը կրկնակի կլինի՝ 2020 թվականի ցուցանիշների հետ համեմատած։ Բաուերի կարծիքով՝ դրանից հնարավոր կլինի խուսափել առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերի պետական ֆինանսավորման ճանապարհով, որոնք ուղղված կլինեն երիտասարդ բնակչությանը։
Զեկույցի հեղինակները առանձին ընդգծում են, որ իրենց աշխատանքում իրենք որևէ կերպ չեն ակնարկում, որ մարդիկ, որոնք ունեն ճարպակալման հետ խնդիրներ, իրենք են մեղավոր իրենց վիճակի համար։
Ճարպակալումը բժշկական տերմին է, որը նկարագրում է մարմնի զանգվածի ինդեքսի էական գերազանցումը։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել