
Ուկրաինան պատրաստվում է Բախմուտից զորքերի դուրսբերմանը. ISW
Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, պայմաններ են ստեղծում Բախմուտի որոշ շրջաններից զորքերի վերահսկելի հետ նահանջի համար, որը ռուսական զինուժը փորձում է գրավել 2022 թվականի մայիսից։ Այդ մասին մարտի 3-ի տեղեկագրում գրում են Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները։
Ուրբաթ օրը հրապարակված կադրերը հաստատում են, որ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի շրջանում պայթեցրել են երկու կարևոր կամուրջ։ Դրանցից մեկը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում՝ Բախմուտովկա գետի վրա, իսկ մյուսը Բախմուտից արևմուտք՝ Խրոմովո գյուղի մոտ գտնվող մայրուղու հատվածում։ ISW-ի վերլուծաբանները նշում են, որ կամուրջների կանխարգելիչ ոչնչացումը կարող է վկայել այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը, Բախմուտի արևելյան հատվածներում, փորձում են խանգարել ռուսական զորքերի առաջխաղացմանը և սահմանափակել դեպի արևմուտք այդ ուժերի հնարավոր ելքի ուղիները։
Փորձագետներն այն կարծիքին են, որ եթե Ուկրաինայի ռազմական հրամանատարությունն անհրաժեշտ համարի Բախմուտից զորքերի դուրսբերումը, ապա, հավանաբար, կիրականացնի սահմանափակ և կառավարելի դուրսբերում՝ Բախմուտի արևելյան բարդ հատվածներից։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 04 March 2023
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) March 4, 2023
Find out more about Defence Intelligence: https://t.co/ujfolFp8zj pic.twitter.com/76A97lCWK3
Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն էլ իր հերթին ևս ուշադրություն է դարձրել Բախմուտում երկու կամուրջների պայթեցմանը՝ դրանցից մեկն անվանելով «կենսական նշանակություն ունեցող»։ Այն քաղաքը կապում է վերջին հիմնական մատակարարման երթուղու՝ Չասով Յարի հետ։ Ընդորում, բրիտանական պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի հյուսիսային շրջաններն ամրապնդում է էլիտար ստորաբաժանումներով, որոնք երեք կողմից խոցելի են դարձել ռուսական հարձակումների համար։
Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 4-ի իր առավոտյան տեղեկագրում նշել էր, որ ռուսական զորքերը չեն դադարեցնում Բախմուտը շրջափակելու փորձերը։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ վերջին օրերին Բախմուտի ուղղությամբ հետ են մղվել ռուսական մի շարք հարձակումներ։ Դրանք եղել Բախմուտի, ինչպես նաև Վասյուկովկա, Դուբովո-Վասիլևկա, Բոգդանովկա և Իվանովսկոյե բնակավայրերի շրջաններում։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերի գծով խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները կարող են Բախմուտից իրականացնել ռազմավարական նահանջ։
Լուսանկարը՝ Serhii Nuzhnenko/Radio Free Europe/Radio Liberty/Reuters
Մեկնաբանել