
Ուկրաինայում Ռուսաստանի կորուստները գերազանցում են 200 000-ը. Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Քավոլին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 200 000-ը։ Նրա խոսքերը փոխանցում է Der Spiegel-ը։ Ընդորում, կորուստներ ասելով ամերիկացի գեներալն ի նկատի ունի զոհերին ու վիրավորներին։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարի խոսքով՝ սպայական կազմի կորուստները գերազանցում են 1800-ը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև կորցրել է ավելի քան 2000 տանկ։ Բացի այդ, Քավոլին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերն օրական միջինում արձակում են 23 հազար արկ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից 2023 թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ռուսական բանակը կորցրել է մոտ 150 000 մարդ, ինչպես նաև ավելի քան 3000 տանկ ու 6,5 հազար զրահամեքենա։
Ավելի վաղ, բրիտանական հետախուզությունը, Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը և The New York Times պարբերականը հայտնել էին, որ ՌԴ ԶՈւ-ն մեծ կորուստներ է կրել Ուգլեդարի մոտ, այդ թվում էլիտար ստորաբաժանումների շրջանում։
NYT-ն, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին և զինվորականներին, գրել էր, որ ռուսական բանակը փետրվարին Ուգլեդարի մոտ տանկային մարտերի ժամանակ կորցրել է առնվազն 130 տանկ և զրահափոխադրիչ, որը դարձել է Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր ամենախոշորը։
Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալներով՝ ծովային հետևակի առանձին ստորաբաժանումներ միացվել են զորախմբերի, որտեղ գերակայում են ցամաքային զորքերը։ «Այդպիսով, ծովային հետևակը իրականացրել է պատերազմի ժամանակ ամենաբարդ մարտավարական խնդիրներից մեկը և կրել աննախադեպ մեծ կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ևս նշել էր, որ ՌԴ զինված ուժերը Ուգլեդարի մոտ կիրառել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի 155-րդ և 40-րդ բրիգադների անձնակազմերից։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել