HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Կոռուպցիան մեզնից կպել, պոկ չի գալիս

Երեւում է' կոռուպցիայի արմատներն այլեւս այնքան խորն են մխրճվել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ դրա հետեւանքները, այսպես շարունակվելու դեպքում, կարող են ազգային անվտանգության գլխին մեծ փորձանք բերել: Չէ՞ որ որքան բարձր է կոռումպացվածության աստիճանը, այնքան երկիրը խոցելի է արտաքին մարտահրավերների առջեւ:

Իրավիճակի աղետալիությունը հետզհետե բյուրեղանում է' մտահոգելով ՀՀ շարքային քաղաքացիներին: Անհանգստության նշաններ են երեւում նաեւ հայրենի ընտրախավի որոշ ներկայացուցիչների հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում:

Որ կոռուպցիան վատն է, չարիք է, այս է, այն է, ըստ էության, գիտակցում են անխտիր բոլորը, ուստիեւ տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները, օլիգոպոլիայի կարկառուն դեմքերը' ժամանակ առ ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի թեմային, մակդիրներ չեն խնայում' դատափետելու պժգալի այդ երեւույթը, հավաստիացնելու հասարակությանը, որ ամեն ջանք կգործադրվի «անկոչ հյուրի» նման մեր շլինքից կախված եւ ոչ մի կերպ պոկվել չցանկացող պատուհասի դեմն առնելու համար:

Ասում են' լեզվի տակ ոսկոր չկա: Խոսքով, իհարկե, կարելի է ցանկացած իրավիճակ շտկել, բարեփոխումներ իրականացնել, կյանքը դարձնել շեն ու երջանիկ: Մինչդեռ գործնականում' մանավանդ եթե խոսքը կոռուպցիային է վերաբերում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

Չնայած չարիքը սանձահարելու փորձեր իսկապես կան ու եղել են' որքան ուզեք. մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն, ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման մարմիններ, կազմակերպվել են հանային լսումներ, խորհրդաժողովներ, քարոզարշավներ, հեռախոսային «թեժ գծեր», թողարկվել են թեմատիկ բուկլետներ:

Իրենց հերթին' յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն, պետական կառավարման այլ կառույցներ Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխեցրել են տվյալ համակարգին բնորոշ պայքարի սեփական հայեցակարգը, մշակել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր:

Եվ սա դեռ ամենը չէ: Կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի «սայլին» լծվել են ինչպես հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններ, այնպես էլ միջազգային շատ կառույցներ' «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եւ այլք:

Միայն վերջինիս ծրագիրը, որը մեկնարկել է 2007 թվականից, ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀԿ-ների եւ զանգվածային տեղեկատվական միջոցների դերի բարձրացմանը:

Հիմնադրամի կողմից հակակոռուպցիոն ցանցին տրամադրվել են մի շարք դրամաշնորհներ, որոնք ծախսվել են ռազմավարական եւ ընթացակարգային առաջարկների, դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ ուսուցողական այցերի, համաժողովների ու դասընթացների համար:

Մի խոսքով, կարծես թե, քիչ աշխատանք չի կատարվել, քիչ միջոցներ չեն ներդրվել, բայց արի ու տես, որ կոռուպցիա կոչվածը աներես շան պես շնթռկել է մեր տան շեմին ու հեռանալու միտք չունի:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության' անցած տարեվերջին հրապարակած տվյալների, Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) մեզանում 2010-ին կազմել է 2,6 միավոր, ինչը բնութագրական է կոռումպացվածության բարձր սանդղակ ունեցող երկրներին:

Այդպիսով Հայաստանն աշխարհի 178 երկրների մեջ Էրիթրեայի, Մադագասկարի եւ Նիգերի հետ անցյալ տարի կիսեց 123-126 տեղերը: Քիչ է սփոփում այն հանգամանքը, որ թշնամի Ադրբեջանը ԿԸՀ-ի 2,4 արժեքով մեզնից էլ ետ էր' 134-րդ հորիզոնականում:

Ամենազավեշտալին այն է, որ 2000-ական թթ. սկզբներին, երբ կոռուպցիայի թեմայով գոնե մեծադղորդ հայտարարություններ շատ չէին հնչում եւ հակակոռուպցիոն ներդրումներն էլ, եթե չեմ սխալվում, բավականին պակաս էին, Հայաստանի ԿԸՀ-ն տատանվում էր 2,9-3 միավորի միջակայքում, այսինքն' վիճակը համեմատաբար բարվոք էր:

Փաստորեն ստացվում է' որքան հետագայում հաճախակիացան հիմնախնդրի արծարծումները եւ որքան ավելի շատ միջոցներ հատկացվեցին չարիքն արմատախիլ անելու համար, այնքան ցուցանիշները սկսեցին նվազել: Ի՞նչ կատարվեց: Չլինի՞ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղվող միջոցները նույնպես մանրից վերածվեցին կոռուպցիայի առարկայի: Թե չէ' միլիոնավոր դոլարների գումար է ներդրվում (չնայած տվյալ դեպքում տեղին է օգտագործել մսխվում բառը), մշակվում է մի ամբողջ ռազմավարություն, գրվում են հոյակապ հայեցակարգեր ու ծրագրեր, սակայն այդ ամենի ՕԳԳ-ն իշխանավորների սնամեջ խոստումներից այնկողմ չի անցնում:

Առհասարակ' բնակչության ցածր եկամուտ ունեցող երկրներում կոռուպցիայի բարձր մակարդակի պահպանումը կարող է «հումանիտար աղետի» հանգեցնել:

Դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի երկրներում դժվար է կոռուպցիայի դեմ պայքարում օգտվել հանրային աջակցությունից, առանց որի կայուն առաջընթացի մասին խոսելն ավելորդ է:

Այդ առումով նույնպես Հայաստանի պարագան յուրօրինակ է. մի հասարակություն, որը «Մարտի 1» է տեսել եւ որտեղ իրականացվող հեռախոսային գաղտնալսումները, ընդդիմության հալածանքները, դատաիրավական ամենաթողությունը սովորական երեւույթ են' ժամանակ ու ջանքեր դեռ շատ կպահանջվեն վախի, հուսալքության համախտանիշը հաղթահարելու եւ, մանավանդ, մարդկանց մտածողությունը փոխելու համար:

Խնդրին տիրապետող փորձագետների պնդմամբ' կոռուպցիան ՀՀ-ում համակարգային բնույթ ունի, ինչը պայքարի համարժեք միջոցների կիրառում է ենթադրում:

Մինչդեռ մերոնք, որպես կանոն, պատճառները թողած' զբաղվում են հետեւանքների վերացմամբ' անտեսելով, որ մեզանում կոռուպցիայով ախտահարված են ամբողջ համակարգեր ու ոլորտներ եւ, առաջին հերթին, իշխանական բուրգը' վերից վար:

Իսկ այլասերված համակարգը, ինչպես հայտնի է, ինքն իր դեմ երբեք չի պայքարի, այսինքն' չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Լավագույն դեպքում «քավության նոխազ» կդարձնի 1-2 «սլաքավորի», եւ ընդամենը:

Մանավանդ' եթե խոսքը քաղաքական կոռուպցիայի մասին է, ասենք, ընտրակեղծիքի, որի հիմնաքարը դրվեց 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ ավելի խորացավ հատկապես 1998թ. իշխանափոխությունից հետո:

Հիմա դաժան իրականությունն այն է, որ կոռուպցիան սողոսկել է մեր նյութական ու հոգեւոր տիրույթները եւ ավերածություններ է գործում: Այլեւս պետական ամենաբարձր մակարդակով սկսել են խոստովանել, որ միայն հարկային համակարգում կաշառակերների թիվն անցնում է 2 հազարից կամ, օրինակ, ԱԺ-ում լիքը գործարարներ կան, ինչը ինքնին կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեւույթ է:

Այդ մասին բարձրաձայնող մեր պետական այրերը վաղուց պետք է հասկանային, որ խորհրդարանը նրանց տեղը չէ: Կամ' որ հարկայինի ու նրա նմանների «կապը» պետք է ժամանակին քաշեին:

Չեն քաշել ու հիմա թթուն խմում են: Հեռուն գնալ պետք չէ, ամենավառ օրինակը ՀՀ կենսաթոշակային հիմնադրամում վերջերս բացահայտված ալան-թալանի' ավելի քան 113 միլիոն դրամի յուրացման փաստերն են:

Այդպես պետական չարաշահումների շղթան' ի հեճուկս պաշտոնապես հայտարարված բարեփոխումների, երկարում է ու, թվում է, երբեք վերջ չի ունենալու:

Գանձագողություն, բյուջետային միջոցների փոշիացում, պետական ու վարկային գումարների յուրացումներ... եւ այս ամենը շարունակվող արտագաղթի ու աղքատության, քայքայված տնտեսության, սոցիալական բազում չլուծված խնդիրների խորապատկերին:

Իսկ գալիք տարում, երբ ոչ խերով-բարով թեւակոխենք $ 3,5 միլիարդի հասնող արտաքին պարտքի սպասարկման ակտիվ փուլ' տարեկան շուրջ $ 200 միլիոն, հոգսերի բեռը, թերեւս, ավելի է ծանրանալու միջին վիճակագրական հայաստանցու վտիտ ուսերին: Տա Աստված' ես սխալ դուրս գամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter