
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Շուշիի շրջանում երկու կողմից զոհերի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական զինուժի միջև զինված բախում է տեղի ունեցել Շուշիի շրջանում։ Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության տվյալների՝ երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ։
Ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել է իբր «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) ավտոճանապարհով ռազմական տեխնիկա ու զինվորներ տեղափոխելու փորձի մեջ»։ Ըստ այդ երկրի ՊՆ տարածած հաղորդագրության՝ իբր «փաստաթղթերի ստուգման նպատակով ադրբեջանցի սահմանապահները կանգնեցրել են շարասյունը, որից հետո սկսվել է փոխհրաձգություն»։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ։
Ընդ որում, ըստ ադրբեջանական կողմի, «զինված բախումը տեղի է ունեցել գրունտային ճանապարհի վրա» և ոչ Լաչինի միջանցքում։ Իր հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է ու հայկական կողմին մեղադրել միջանցքը շրջանցող ճանապարհի օգտագործման մեջ։
Իրավիճակի այլ մեկնաբանություն է ներկայացնում հայկական կողմը։ Այսօր, ավելի վաղ, Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, համաձայն որի՝ Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում։
«Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը միգուցե փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել ու «նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի պաշտպանության բանակը դեռևս որևէ հայտարարություն չեն արել Շուշիի շրջանում հայ-ադրբեջանական հնարավոր բախումների վերաբերյալ։ Ռուսական խաղաղապահ զորակազմը ևս որևէ հայտարարություն դեռևս չի արել։
Մեկնաբանել