HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները Ստեփանակերտից գնում էին իրենց հերթափոխի վայր, մեքենայում զենք-զինամթերք չի եղել. Արցախցի ՆԳՆ

«Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր»,- հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը: 

Ըստ ՆԳՆ-ի՝ Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան. «Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։ Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։ Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա: ՆԳՆ տարածած լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: 

Առավոտյան Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող և վիրավորվել մեկ այլ ծառայող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter