Աշխարհի նախկին ու ներկա չեմպիոնները բաժանվեցին խաղաղությամբ
Աշխարհի գործող ու նախկին չեմպիոններ Իսպանիայի եւ Իտալիայի հանդիպումը «Եվրո-2012»-ի C խմբում անցավ հետաքրքիր պայքարում: Առաջին կեսում թիմերը հավասար խաղ անցկացրին: Շատերին զարմացրել էր այն հանգամանքը, որ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիների մեկնարկային կազմում չկար մաքուր հարձակվող: Եվ սա այն դեպքում, երբ պիրենեյցիները միշտ էլ աչքի են ընկել առջեւի հզոր գծով: Այս անգամ հարձակման գիծը կազմել էին կիսապաշտպաններ Սիլվան, Ֆաբրեգասը եւ Ինիեստան:
Առաջին կեսում գոլ չգրանցվեց: Արդեն երկրորդ կեսում Բալոտելիին փոխարինեց դի Նատալեն, որը, ինչպես եւ ենթադրվում էր, իր արագությամբ ու ճարպկությամբ լարվածության մեջ էր պահում իսպանացի պաշտպաններին: Պիռլոյի սուր փոխանցումից հետո հենց դի Նատալեն մեն-մենակ մնաց Կասիլյասի դիմաց եւ նրան ոչ մի հնարավորություն չթողեց՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Թվում էր, թե դել Բոսկեն անմիջապես պիտի դաշտ նետի իր հարձակվողներից մեկին, եթե ոչ երկուսին: Սակայն մինչ նա դա կաներ, կենտրոնական հարձակվողի դիրքում խաղացող Ֆաբրեգասը Սիլվայի նուրբ փոխանցումից հետո Բուֆոնի կողքով գնդակն ուղարկեց դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը: Փաստորեն դել Բոսկեի այս քայլն արդարացրեց իրեն:
Դաշտ դուրս եկած Տորեսը, ըստ էության, նոր թափ պիտի հաղորդեր գրոհներին ու ավելի թարմ ուժերով փորձեր հաղթահարել իտալական պաշտպանությունը, որը վատ չէր խաղում: Եվ չնայած իսպանացիները երկրորդ կեսում շոշափելի առավելություն ստացան, սակայն նույն Տորեսը չօգտագործեց նվազագույնը երկու շատ լավ հնարավորություն:
Նախկին ու ներկա չեմպիոնների պայքարն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 1-1:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել