
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի մշակութային և սպորտային մի շարք հաստատություններ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ժաննա Անդրեասյանը շաբաթ օրը՝ մարտի 4-ին, աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզում գտնվող մի շարք մշակութային և սպորտային հաստատություններ։
Նախարարի առաջին կանգառը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։ Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ն։ Նախարարը շրջել է արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել խնդիրներին։ Արգելոցի տարածքն ունի ոռոգման համակարգի կառուցման, ընդհանուր տարածքի բարեկարգման, մասնավորապես` ցանկապատի կառուցման և թանգարանային շենքի նորոգման, լուսավորության ցանցի արդիականացման խնդիր։ Հարևան բնակավայրի բնակիչները արգելոց-թանգարանի տարածքը օգտագործում են նաև որպես ճանապարհ, ինչին նպաստում է կիսաքանդ, տեղ-տեղ էլ ընդհանրապես գոյություն չունեցող ցանկապատը։ Շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով պատմամշակութային տարածքն ունի պատշաճ սպասարկման անհրաժեշտություն, ինչը, ըստ թանգարանի տնօրենության, հնարավոր չէ լիարժեք իրականացնել առկա երկու հավաքարարի և մեկ բանվորի միջոցով։
««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր ամենակարևոր պատմամշակութային այցեքարտերից մեկն է և պետք է անպայման բարեկարգ ու ներկայանալի լինի՝ ընդգրկվելով զբոսաշրջային ծրագրերում»,- իր խոսքում ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա թանգարանի տնօրենությանը հանձնարարել է ներկայացնել բարեկարգման նախահաշիվ՝ միաժամանակ շեշտելով, որ այս տարվա ծրագրերում թանգարանի շենքային հատվածի տանիքի նորոգումն արդեն ներառված է, սակայն շատ կարևոր է նորոգման աշխատանքների ամբողջական իրականացումը։ Մասնավորապես` թանգարանի մուտքային հատվածից մինչև տաճարի հատված տանող ճանապարհատվածի բարեկարգումը, ինչպես նաև շենք-շինությունների պատշաճ սպասարկումն ու նպատակային օգտագործումը, որը նաև դրական ազդեցություն կունենա այցելուների թվի վրա։
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանն էր։ Հայաստանում ամենամեծերից մեկը համարվող թանգարան-հուշահամալիրի շուրջ 31 հա մակերեսը մշտական հոգածության անհրաժեշտություն ունի, որն ապահովում են կառույցի 102 աշխատակիցները։ Նախարարի այցելության պահին տարածքում սանիտարական մաքրման աշխատանքներ էին կատարվում։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը տարեկան միջինը ունենում է 30-40 հազար այցելու, որոնց շորջ 20 տոկոսը պետական տարբեր ծրագրերի շրջանակում ունեն անվճար մուտքի իրավունք։ Տնօրենի խոսքով՝ նրանք հիմնականում ՀՀ տարբեր զորամասերի զինծառայողներ են, դպրոցականները և ուսումնական տարբեր ծրագրերում ընդգրկվածները։ Թանգարանում էքսկուրսիաներն անցկացվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն։ Նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով գորգերի հավաքածուով։ Ավելի քան 2200 գորգերի և գրեթե նույն քանակությամբ կարպետների հիմնական մասը պահվում է պահոցներում։ Ըստ տնօրենի՝ դրանց մոտ 60 տոկոսը համապատասխան նորմերի և կանոնների պահպանմամբ մաքրվել և առանձնացվել է, մաքրման աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի։ Թանգարանում՝ գորգերի ցուցադրության սրահում, աշխատում է նաև գորգագործ վարպետը՝ ներկայացնելով գորգագործության արվեստը՝ որպես թանգարանի կողմից իրականացվող կրթական ծրագիր։
Մեկնաբանել