HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատախազությունը Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջում է բռնագանձել առանձնատներ և այլ անշարժ գույքեր

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից օգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր և դրամական միջոցներ։ Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը (գլխավոր նկարում)։

Հայցապահանջն այսօր Հակակոռուպցիոն դատարանում ներկայացրեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ Դատական նիստին չէր ներկայացել ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը։

Ստորև ներկայացնում ենք Տարոն Մարգարյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից, ըստ դատախազության, hօգուտ պետությանը բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրա ձեռքբերման մանրամասները։ 

Տարոն Մարգարյանից և կնոջից՝ Գոհար Սարգսյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Ջերմուկ քաղաքում գտնվող առանձնատունը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը` 67 միլիոն 893 հազար դրամ գումար։ Տարոն Մարգարյանը 2007թ.-ին է գնել Ջերմուկի առանձնատունը, որն այն ժամանակ արժեցել է 5 միլիոն 200 հազար դրամ։ Գույքը գնելիս Տարոն Մարգարյանը օրինական եկամուտի մնացորդ չի ունեցել։ Այդ պայմաններում, ըստ դատախազության, այս գույքն ամբողջությամբ հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

Տարոն Մարգարյանի որդուց՝ Անդրանիկ Մարգարյանից և նրա կնոջից՝ Կարինե Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 7-րդ ավտոտնակը և «Տոյոտա կորոլա» տեսակի ավտոմեքենան։ Նշված գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել համապատասխանաբար՝ 295 միլիոն 865 հազար դրամ, 6 միլիոն 50 հազար դրամ և 9 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար։

Տարոն Մարգարյանը 2004թ․-ի օգոստոսի 17-ին 5 միլիոն դրամով է ձեռք բերել Ավանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, որի արժեքի 98.2 %-ը չի հիմնավորվել նրա այդ ժամանակ ունեցած օրինական եկամուտներով։ Նույն գույքը 2019թ․-ի հուլիսի 18-ին նվիրատվությամբ փոխանցվել է Անդրանիկ Մարգարյանին։

Տարոն Մարգարյանի մյուս որդուց՝ Նահապետ Մարգարյանից և նրա կնոջից՝ Աստղիկ Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեի տունը, իսկ անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 295 միլիոն 260 հազար դրամ։  Բացի այդ Նահապետ և Աստղիկ Մարգարյաններից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել Բաբաջանյան փողոցի 24/1 հասցեի գույքի միջին շուկայական արժեքը՝ 99 միլիոն 850 հազար դրամ, Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 3-րդ ավտոտնակը և «Տոյատո Քեմրի» տեսակի ավտոմեքենա։ Անհնարինության դեպքում Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել 5 միլիոն 990 հազար դրամ (ավտոտնակի համար) և 13 միլիոն 375 հազար ՀՀ դրամ (Ավտոմեքենայի համար)։

Տարոն Մարգարյանը 2005թ․-ի օգոստոսի 17-ին 6 միլիոն 825 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասը։ Ըստ դատախազի, Տարոն Մարգարյանը տվյալ օրվա դրությամբ կարող էր ունենալ օրինական եկամուտի մնացորդ ընդամենը 93 հազար 957 դրամ գումար։ Հետևաբար, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող տարածքում գտնվող 8-րդ հողամասի 98.6%-ը ձեռք է բերվել ապօրինի միջոցներով։ 

2005թ․-ի օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը միավորվել են, իսկ դեկտեմբերի 21-ին Տարոն Մարգարյանը, չունենալով օրինական եկամուտի մնացորդ, ընդլայնել է Բաբաջանյան փողոցին հարող հողատարածքում գտնվող 7-րդ և 8-րդ հողամասերը, որոնց համար վճարել է 3 միլիոն 619 հազար 200 դրամ։ Նշված հողամասերի վրա 2005-ից 2007թթ․-ին կառուցվել են անշարժ գույքեր, որոնք ստացել են Բաբաջանյան 77/7 հասցեն։ 2020թ․-ի հուլիսին այս հասցեում գտնվող օժանդակ շինություններն առանձնացվել են և դրանց տրվել է Բաբաջանյան 24/1 հասցե, որոնք նվիրատվությամբ փոխացնվել են Տարոն Մարգարյանի որդուն՝ Նահապետ Մարգարյանին։

Տարոն Մարգարյանի մորից՝ Սուսաննա Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոց 28 հասցեի բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում 125 միլիոն 50 հազար դրամ։ Բացի այդ Սուսաննա Մարգարյանից պահանջվում է հօգուտ պետությանը բռնագանձել կրկին Ավան վարչական շրջանում գտնվող՝ Սաֆարյան փողոց 10, Սաֆարյան փողոց 10/10 և Սաֆարյան փողոց 10/20 հասցեների տները, իսկ անհնարինության դեպքում՝ 174 միլիոն 472 հազար 500 դրամ, 261 միլիոն 600 դրամ և 173 միլիոն 895 հազար դրամ գումար։

«Ինչպես նաև Տարոն Անդրանիկի Մարգարյանից հոգուտ ՀՀ-ի բռնագանձել Լեքսուս LX 570 մակնիշի ավտոմեքենայի միջին շուկայական արժեքը՝ 16 միլիոն  475 հազար դրամի չափով: Լեքսուս LS 600 մակնիշի ավտոմեքենայի միջին շուկայական արժեը՝ 19 միլիոն 350 հազար դրամի չափով։ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շենք շինությունների միջին շուկայական արժեքը, ինչպես նաև կոմպլեկտավորող մասերի հետ միասին 4 տիպի սարքավորումների միջին շուկայական արժեքը։ «Ռոբերտ Տարոն» ՍՊԸ-ի 100% մասնակցության միջին շուկայական արժեքը և 98 միլիոն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում Տարոն Մարգարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, հնարավոր չէ նույնականցնել և բռնագանձել և 755 միլիոն 154 հազար 928 դրամ որպես ապօրինի եկամուտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- հայցապահանջը ներկայացրեց դատախազ Ռուզան Խուդավերդյանը։

Դատավոր Կարապետ Բադալյանը հայցի առարկայի ներկայացումից հետո նիստը հետաձգեց, որպեսզի գործով պատասխանողները հնարավորություն ունենան դիրքորոշում ներկայացնելու։

Մեկնաբանություններ (1)

Նիկոլ
Հիմա հարց , եթե գլխավոր դատախազի հայրը եղել է Տարոն Մարգարյանի հիմնադրամի տնօրենը,ինչպես կարող է գլխավոր դատախազը Տարոն Մարգարյանին եվ նրա շրջապատին, այդ թվում` Ավան վարչական շրջանի նախկին թաղապետ Մանվել Ջավադյանին գույքի բռնագանձման պահանջ ներկայացնել ։Ես մէ տեսակ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter