HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերությունից վերադարձած մայորը գումարի դիմաց պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է փոխանցել

ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021թ. հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու: 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն, մինչև 2021թ. սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021թ. դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

Դատախազության հաղորդմամբ՝ պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար: 

2023թ. փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023թ. մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter