
ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ-ում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել