
Այս տարվա «Ոսկե ծիրանին» ներկայացվել է 600 ֆիլմի հայտ
Հուլիսի 10-17-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը, որի մասնակցում է 57 երկիր' ներկայացնելով 600 ֆիլմի հայտ: Մինչդեռ «Ոսկե ծիրան» 1-ին կինոփառատոնին մասնակցել էր 11 երկիր' ներկայացնելով 122 ֆիլմի մասնակցության հայտ:
Այս տարի ևս փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված են խաղարկային ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը և վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը: Այս ծրագրերում կներառվի աշխարհի տարբեր երկրների' վերջին 2 տարվա ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին: Այս տարի ևս «Ոսկե ծիրանում» ընդգրկվել է հայկական համայնապատկեր մրցութային ծրագիրը, որում կներառվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայազգի կինոգործիչների ստեղծած լավագույն ֆիլմերը:
8-րդ փառատոնին ավելացել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթը' «Կորիզ» խորագրով: «Ոսկե ծիրանը» երիտասարդներին հնարավորություն է ընձեռել այս խորագրի ներքո իրականացնելու իրենց ծրագրերը, ինքնուրույն ձևակերպելու խնդիրներն ու պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաև ֆիլմերի ընտրությունը:
«Կորիզում» ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները կփորձեն արդեն այսօր հասկանալ վաղվա կինոյի տեսակն իր ժանրային առանձնահատկություններով:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մշտապես հետաքրքրվում է նաև ուսումնական ծրագրերով: Վերջին տարիներին ստեղծված «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում այս տարի կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:
Այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով նոր արտամրցութային ծրագիր' նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին:
Կինոփառատոնի շրջանակներում, ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս կիրականացվեն հոբելյանական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված' կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր, կներկայացվեն Հայաստանի ու հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների նկարահանած ֆիլմեր: Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված' կցուցադրվեն իտալական դասական և ժամանակակից ֆիլմեր:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ' «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի հայազգի ակնառու կինոգործիչների հոբելյաններին. Ռոման Բալայան-70, Էդմոնդ Քյոսայան-75, Դմիտրի Կեսայանց-80:
Փառատոնի պետական աջակիցն է մշակույթի նախարարությունը, հովանավորն ու գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Մեկնաբանել