
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 90 ռուսաստանցի զինվորականի վերադարձի մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Գերիների փոխանակումը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 7-ին։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Ավելի ուշ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի։ Նրա խոսքով՝ հայրենադարձվածների մեծամասնությունն ունի ծանր վիրավորում։
«Գերիների հերթական փոխանակում։ Մեզ հաջողվել է տուն վերադարձնել մեր 130 մարդկանց՝ 126 տղամարդ ու 4 կին պաշտպանների։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի, սահմանապահ ուժերի, Տրանսպորտի հատուկ պետական ծառայության մարտիկներ են»,- հայտարարել է Երմակը։ Հայրենադարձվածների թվում 87-ը մասնակցել են Մարիուպոլի պաշտպանությանը, 71-ն էլ եղել են «Азовсталь»-ում։ «Նաև վերադարձվել են Բախմուտի և Սոլեդարի շրջաներում գերեվարված ընդհանուր 35 մարդ»,- ասել է Երմակը։
Փետրվարի կեսերին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայացել էր գերիների փոխանակում 101-ը 101-ի դիմաց սխեմայով։ Երմակի խոսքով՝ Ուկրաինա էր վերադարձել 100 զինվորական և 1 քաղաքացիական։ Հայրենադարձված ուկրաինացի մարտիկների թվում են եղել ազգային գվարդիականներ, սահմանապահներ և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ։ Նրանցից 94-ը եղել են Մարիուպոլի պաշտպանության մասնակիցներ, 63-ն էլ կռվել «Азовсталь»-ի համար։
Լուսանկարը՝ AFP/ FADEL SENNA
Մեկնաբանել