HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանը հրատապ է համարում միջազգային առաքելության գործուղումը ԼՂ՝ նոր ագրեսիան կանխելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկչություն որակեց Լեռնային Ղարաբաղում երեք ոստիկանների սպանությունը։

«Երեք ամիս Լաչինի միջանցքի` Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Lեռնային Ղարաբաղում»,- Կառավարության մարտի 9-ի նիստում ասաց նա։

Նախորդ կիրակի Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով  Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա։ Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։

«Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում։ Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թ. փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Արբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին»,- հայտնեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, որ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ։

«Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և ահա այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած, 3, 2 և 1 երեխա ունեցող երեք քաղաքացիներ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։

«Այս առումով պիտի ընդգծեմ, որ ԼՂ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- նշեց Փաշինյանը։

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն, ըստ Կառավարության ղեկավարի, կեղծ ապացույցներ ստեղծելն է, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։

«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ։

Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին։

Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով։ Նախ՝ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդ՝ «ՈՒԱԶ»-ի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր ԼՂ ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ մեքենայում բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից որևէ այլ բան չի եղել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը արյունոտ ահաբեկչությամբ նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր ձևավորելն էր, որոնք կծածկեին այն փաստը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

Վարչապետը հիշեցրեց՝ դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։

«Եվ ահա այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվել, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար։

Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաsտահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,- ասաց Փաշինյանը՝ վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Մեկնաբանություններ (1)

Sevag Mardirosyan
Bravo Mr Pashinyan! No value added PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter