HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատի համայնքապետարանը փոխել էր ավագանու անդամների քվեարկությունը

«Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ ՓԲԸ» -ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը» հոդվածում հայտնել ենք, որ Արարատ համայնքի ավագանին «Արարատցեմենտ ՓԲԸ»-ին զիջել է համայնքին 6 տարի հողի հարկը չվճարելու հետ կապված տույժերը։ Տեղեկացրել էինք, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ տույժեր չկիրառելու մասին որոշմանը ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող, Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կարո Կարապետյանը։ 

Այս կուսակցությունը գլխավորում է Արարատ քաղաքային համայնքի նախկին ղեկավար, այժմ ավագանու անդամ Հայկ Հայկյանը, որը կողմ է քվեարկել տույժերը զիջելուն։ Նույն կուսակցությունից Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավար Կարեն Ղազարյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից Վահե Հարությունյանը ձեռնպահ են քվեարկել։

Հոդվածի հրապարակումից հետո խմբագրություն զանգեց Արարատ համայնքի նախկին ղեկավար, Արարատ համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք կուսակցության» կազմը գլխավորող Հայկ Հայկյանը և հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել այդ որոշմանը։ Պրն Հայկյանին հայտնեցինք, որ Արարատի համայնքապետարանն է այդպես ներկայացրել քվեարկության արդյունքները, և այդ հարցը նրանց հետ պետք է պարզաբանել։ Պարզվեց, որ պրն Հայկյանը չի հետևել, թե համայնքապետարանն ինչպես է ներկայացրել քվեարկության արդյունքները։ 

Քիչ հետո նա տեղեկացրեց, որ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ պարզաբանել է հարցը, վերջինս արդարացել է, թե մուտքագրողն է քվեարկության արդյունքները սխալներով մուտքագրել համակարգչում։ Քիչ հետո համայնքապետարանի պաշտոնական կայքում քվեարկության արդյունքները փոխեցին։ Ըստ այդմ՝ որոշմանը դեմ է քվեարկել ավագանու 6 անդամ, որոնք ներկայացնում են «Իմ հզոր համայնք կուսակցություն»-ը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունից Վահե Հարությունյանը ձեռնպահ է քվեարկել։ 

Հոդվածում նշել ենք նաև, որ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը տեղեկատվություն չի տրամադրել «Հետք»-ին և օրենքով չնախատեսված պահանջներ է ներկայացրել մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար։ «Գրությամբ հայցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անունից հանդես գալու լիազորությունը և լրագրող լինելը հավաստող ապացույց»,- հայտնել է համայնքի ղեկավարը։

Մեկ օր առաջ համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրել, է թե «Հետք»-ում հրապարակված «Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ ՓԲԸ» -ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը։ Եվ դարձյալ իր համայնքի բնակիչներին չի ցանկացել տեղեկացնել, թե որն է իրականությունը։ 

Խմբ. Զարմանալիորեն, համայնքապետարանի «հերքումը» հրապարակել են slaq.am եւ irakanum.am կայքերը՝ ըստ էության այդպիսով համաձայնություն հայտնելով Արարատի համայնքապետի՝ օրենքով չսահմանված պահանջներին։ Արդյոք այս խմբագրություններում տեղյակ չեն, որ տեղեկատվության հարցման համար լրագրողը պարտավոր չէ լրատվամիջոցի ղեկավարից լիազորագիր եւ լրագրող լինելը հավաստող փաստաթղթեր ներկայացնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter