
Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազությունները կհամագործակցեն
Հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը Երևանում ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:
Ըստ այդմ, կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց:
Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ և չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն հետևյալ թեմաներով.
-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,
-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,
-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան և խնդիրները:
Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրում են երկու երկրների գլխավոր դատախազները: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թ. Պեկինում:
ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին և խնդիրներին, քննարկվել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:
Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան:
Հայաստանի դատախազությունը, ի լրումն միջազգային կոնվենցիաներով նախատեսված համագործակցության սկզբունքների, գործնական քայլեր է ձեռնարկում նաև քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ այլ պետությունների դատախազությունների հետ երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Արդեն 14 երկրի դատախազությունների հետ Հայաստանը ստորագրել է համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները՝ նաև համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր՝ միջոցառումների ժամանակացույցի և թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի դատախազության հետ:
Մեկնաբանել