HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը

Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 9-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: 

ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Արարատ Միրզոյանը և Սամեհ Շուքրին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ: Այս առումով կարևորվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավածության կարևորությունը: Նախարար Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter