HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու են տեխնիկայի խանութներում անկանխիկ վճարմամբ ապրանքներն ավելի թանկ

«Հետք»-ի ընթերցողը օրեր առաջ որոշել է ականջակալ գնել երևանյան էլեկտրատեխնիայի խանութներից, որի դիմաց պատրաստվել է վճարել բանկային քարտով։ Ուսումնասիրելով արժեքները՝ նկատել է, որ խանութների մեծ մասում նույն հեռախոսի, ականջակալի կամ մեկ այլ աքսեսուարի համար կանխիկ և անկանխիկ վճարումների համար տարբեր գներ են սահմանված։

«Օրինակ` AirPods 3 մոդելի ականջակալները կանխիկ գնման համար հասանելի են 79.000 դրամով, իսկ անկանխիկ գնման դեպքում գինը փոխվում է 86.900 դրամի (նկարը ստորև)։ Այլ խանութներում անկանխիկ գնման գինը նույնիսկ տարբերություն է տալիս շուրջ 10.000-30.000, կանխված նրանից, թե ինչ արժեքի ապրանք ես գնում»,- «Հետք»-ին ուղարկած նամակում պատմում է ընթերցողը (անունը չի նշվում իր խնդրանքով)։

Խոսքը երկու դեպքում էլ ոչ ապառիկ գնման մասին է։ 

Ընթերցողը հղում է անում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքին, որի 4-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը իրավունք չունեն անկանխիկ վճարումների դեպքում առաջարկել կամ ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարման դեպքում։

Ապրանքների կանխիկ և անկանխիկ արժեքների տարբերություն մենք արձանագրել ենք էլեկտատեխնիկայի բազմաթիվ խանութներում։ Պարզվում է՝ խանութները իրենց բացատրությունն ունեն դրա համար։ Պետական մարմիններից և ոչ մեկը չի համարում, որ այն վերահսկելու գործառույթ ունի։ Մինչդեռ՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը այստեղ սպառողների իրավունքների ոտնահարում է տեսնում, ինչպես նաև՝ օրենքի խախտման և ստվերային գործունեության ռիսկեր։

Տեխնիկայի խանութ. «Կանխիկի դեպքում բանկերին սպասարկման գումար չենք տալիս, ապրանքի գինը զեղչում ենք»

«Ռեդ սթոր» էլեկտրոնիկայի խանութների ցանցը ևս այն խանութների ցանկում է, որտեղ նույն ապրանքի համար երկու գին է սահմանված. անկանխիկն ավելի թանկ է։ Խանութից մեզ հետ զրույցում մեկնաբանում են, որ կանխիկ վճարման դեպքում հաճախորդի համար զեղչ են սահմանում։ Այսինքն՝ ըստ նրանց, կանխիկ գին ձևակերպման ներքո պետք է հասկանալ զեղչված արժեքը, չնայած որ մեր այցելած մասնաճյուղում կանխիկ արժեքի կողքին զեղչի մասին որևէ բան գրված չէր։ Ըստ խանութի ներկայացուցչի՝ քանի որ բանկերն անկանխիկ վճարումների դեպքում իրենց ծառայությունների համար տնտեսվարողներից միջնորդավճարներ են գանձում, տնտեսվարողը չի կարողանում անկանխիկի դեպքում զեղչել ապրանքը։

«Ունենք գին և ունենք զեղչված արժեք։ Երբ հաճախորդը վճարում է կանխիկ արժեքը, արդեն զեղչված արժեքը գործում է։ Բանկերը պոս-տերմինալի միջոցով վճարման կամ ապառիկ համագործակցությամբ գործարքի դեպքում խանութ-սրահներից գանձում են գումար՝ գործարքի 3-6%-ի չափով (մատուցված բանկային ծառայությունների համար,- հեղ.)։ Իսկ երբ հաճախորդը արդեն կանխիկ գնում է կատարում, մենք այդ գումարը հօգուտ հաճախորդի ենք անում, զեղչում ենք հաճախորդի համար այդ 3-6%-ը։ Օրինակ՝ 300 հազար դրամի դեպքում դա կազմում է մինչև 18 հազար դրամ։ Մենք չենք կարող դա, կոպիտ ասած, վերցնել մեր ծախսերի վրա։ Իսկ երբ հաճախորդը գնում է կանխիկ, այդ հավելյալ գումարը մեզ արդեն պետք չէ, զեղչում ենք հաճախորդին»,- մեզ հետ զրույցում ասաց խանութի ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ խանութի պաշտոնական կայքում արտացոլված գները ևս նույն տրամաբանությամբ են գործում։ 

Պարզվում է՝ խանութներում կանխիկի վճարման պարագայում այլ նրբություններ էլ կան։   Թեև գնի տակ գրված է «կանխիկ», սակայն, երբ այն գերազանցում է 300 հազար դրամը, կանխիկ չեն վճարում, այլ՝ տեղադրված վճարային տերմինալների միջոցով մուտք են անում խանութի բանկային հաշվին, օրինակ՝ «Թել-սել», «Իզի փեյ» և այլ տերմինալներով։ Այդ դեպքում 300-400 դրամից ավել գումար չի գանձվում որպես միջնորդավճար։

«Ենթադրենք 800 հազար գնման դեպքում պետք է 48 հազար դրամ բանկին վճարել, սակայն երբ կանխիկով տերմինալի միջոցով մուտք ենք անում, մեզնից չի գանձվում և դա հօգուտ հաճախորդի ենք անում»,- նշում են «Ռեդ սթոր» խանութից։

Այս կերպ էլ ոչ միայն նշված խանութը, այլև՝ մյուս խանութները, որոնք մենք այցելել ենք և ճիշտ նույն մեկնաբանությունները լսել, չեն խախտում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ եթե ապրանքի գինը գերազանցում է 300 հազար դրամը, ապա գործարքը պետք է իրականացվի անկանխիկ։ Այս դեպքում՝ վճարային տերմինալով վճարումը համարվում է անկանխիկ։

Սպառողների իրավունքների պաշտպան. «Խանութները օրենքը չեն խախտում, սակայն սպառողները տուժում են, կան ստվերային գործունեության ռիսկեր»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ևս արձանագրում է, որ խանութներն իրավունք ունեն անկանխիկի համար զեղչեր սահմանել իրենց հաճախորդների համար։ Օրենքը դա չի արգելում։ Սակայն, դրանով միևնույն ժամանակ, անկանխիկ վճարում կատարողների համար անհավասար պայմաններ են ստեղծվում։ Խանութն իրավունք ունի կանխիկի ավելի ցածր արժեքը որպես զեղչ մեկնաբանել և պետական ոչ մի մարմին չի կարող նրան վերահսկել կամ տուգանել, սակայն փաստացի դրա արդյունքում ստացվում է, որ անկանխիկն ավելի թանկ է, քան կանխիկը։

Բացի այդ, այստեղ նաև ստվերային շրջանառության հարցեր կարող են առաջանալ։

Եվ ստացվում է, որ անկանխիկ վճարողները տուժում են՝ իրենք իրենց ուսերին են վերցնում բանկային միջնորդավճարները, մինչդեռ դրանք տնտեսվարողը պետք է անի։ Նույն տրամաբանությամբ՝ սուպերմարկետները կարող էին քարտով վճարման դեպքում ավելի թանկ գին սահմանել, սակայն դա անհնար կլիներ, քանի որ խոսքը փոքր արժեքի և մեծ քանակի ապրանքների մասին է։ Իսկ տեխնիկայի խանութները կարողանում են դա անել, քանի որ բարձր արժեքի ապրանքներ են, և գնորդը ոչ մեծաքանակ գնում է անում։

«Խնդիրը կառնչվեր հարկային մարմիններին, երբ 300 հազար դրամը գերազանցող ապրանքների դեպքում կանխիկ վճարում ընդունվեր, քանի որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 300 հազար դրամը գերազանցելու պարագայում գործարքը պետք է կատարվի անկանխիկ եղանակով։ Սակայն, խանութները դա կատարում են վճարային տերմինալների միջոցով, որը համարվում է անկանխիկ»,- ասում է Պիպոյանը։

Ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ՝ կանխիկով գնումը զե՞ղչ է, թե՞ ոչ, երբ կանխիկի արժեքն ավելի ցածր է լինում, քան անկանխիկը։ Եվ երբ խանութները դա մեկնաբանում են որպես անհատական զեղչ իրենց հաճախորդի համար, այդտեղ օրենսդրական խախտում չի առաջանում։

«Կարող է ասել՝ ես կանխիկի դեպքում կիրառում եմ զեղչ, և ոչ մեկ չի կարող ասել, թե իրավունք չունի։ Չեն հայտարարել, որ դա հատուկ զեղչ է, որ մենք էլ կարողանանք գնալ ու ստուգել՝ սահմանված չափորոշիչներո՞վ է հայտարարել, թե՞ չէ։ Դա անհատական մոտեցում է, ինքն ունի դրա իրավունքը, տեղում է որոշում»,- ասում է Պիպոյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, այստեղ ստվերի հարց կարող է լինել։ Ռիսկեր կան, որ անկանխիկի դեպքում խանութը կարող է ցույց չտալ շրջանառությունը, եթե արժեքը չի գերազանցում 300 հազար դրամը, և պարտավորություն չկա այն տերմինալով վճարելու։ Սա արդեն հարկային մարմինների տիրույթում է։

«Կամ պետք է ստվեր ունենա, որ դա հետաքրքրի կամ երկրորդ տարբերակ՝ Անկանխիկի մասին օրենքի բացասական հետևանքն է սա»,- նկատում է Բաբկեն Պիպոյանը։

ՊԵԿ-ը, մրցակցության հանձնաժողովը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը համարում են, որ այս հարցում գործառույթ չունեն

Տեխնիկայի խանութներում ապրանքների կանխիկի և անկանխիկի արժեքների տարբերության թեման հարկային մարմինների դաշտում չէ։ Այս մասին «Հետք»-ին փոխանցեցին Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։

«Կանխիկ և անկանխիկ գների պարագայում գնային ինչ տարբերություն կդնի, խնդիրը ՊԵԿ-ին հետաքրքիր է միայն այն կտրվածքով՝ արդյո՞ք այդ գներին համապատասխան ՀԴՄ կտրոն է տրամադրվում։ Տնտեսվարողը կարող է պատճառաբանել, որ անկանխիկի դեպքում բանկը տոկոսավճարներ է գանձում, և ինքն ունենում է ավելի բարձր ինքնարժեք, հետևապես՝ վաճառում է անպես, ինչպես իրեն է ձեռնտու»,- մեզ հետ զրույցում նշեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս այստեղ անելիք չի տեսնում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչ Տաթև Զորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառույցը կարող է ստուգել և վերահսկել, օրինակ՝ արդյոք խանութում վաճառվող տեխնիկան համապատասխանու՞մ է անվտանգային կանոնակարգին, սերտիֆիկատ ունի՞, թե՞ ոչ և այլն։

«Տեսչական մարմինը գնի նկատմամբ վերահսկողություն չունի»,- նշեց Տաթև Զորյանը։

Փոքր տնտեսվարողների շրջանում գնի նկատմամբ վերահսկողություն չունի նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ եթե խանութը կանխիկի ավելի ցածր գինը որակում է որպես զեղչ, ապա նշված մարմինները որևէ վերահսկողություն չեն կարող իրականացնել։ Այլ հարց է՝ եթե խանութները ստվերային շրջանառություն են դրանով ապահովում, ապա կոնկրետ դեպքերով պետք է զբաղվի Պետական եկամուտների կոմիտեն։

Անկանխիկի շուկան խթանելու փոխարեն կանխիկն է խրախուսվում

«Կարևոր մեսիջ է նաև, որ մենք բոլորս հիմա հանրությանը պիտի տանք, որ անկանխիկ, թե կանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողի կողմից պիտի նույնը լինի։ Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե մարդը վճարում է կանխիկ կամ անկանխիկ, առավել ևս՝ անկանխիկ եղանակով»,- այս մասին 2022 թվականի հուլիսի 23-ին Կառավարությունում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

300 հազար դրամը գերազանցելու դեպքում պարտադիր անկանխիկ գործառնությունների մասին օրենսդրական դրույթը ընդունելուց առաջ նախագծի հեղինակները՝ Կենտրոնական բանկի գլխավորությամբ, հայտարարում էին, որ փոփոխության գլխավոր նպատակն է նվազեցնել կանխիկի շրջանառությունը Հայաստանում։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսից։ Անկանխիկ գործառնությունների ծավալն ավելացնելու հիմնավորումն այն է, որ դրանով կրճատվում է ստվերային շրջանառությունը, գործարքները դառնում են ավելի վստահելի ու ապահով։ 

Սակայն, այսօր, ինչպես երևում է, տեխնիկայի խանութները կարողանում են մանևրել և փաստացի կանխիկ ու անկանխիկ վճարումների դեպքում տարբեր գներ սահմանել ու միևնույն ժամանակ «ջրից չոր դուրս գալ»։ Իհարկե, անկանխիկի դեպքում բանկային ծառայությունների բարձր միջնորդավճարները նպաստում են դրան, բայց փաստացի ստացվում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, գոնե, այս մասով խրախուսվում է ոչ թե անկանխիկի շրջանառությունը, այլ՝ կանխիկինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter