Բարեգործական մրցավազք՝ ի նպաստ Աջափնյակի այգու վերականգնմանը
«Ավստրիական ավիաուղիներ» և «Best Western Congress Hotel» ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են «Yerevan Business Run» մրցավազքը:
Միջոցառմանը նպատակը Երևանում գործող գործարար կառույցների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու մասնավորապես բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր:
Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով՝ 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վազորդները։ Երկորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ռեսո» ապահովագրական ընկերության և «Իդեալ» համակարգի թիմերը:
Նույն օրը՝ երեկոյան, տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող և մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր և սահմանված այլ մրցանակներ:
Ողջունելով նախաձեռնությունն ու կարևորելով Երևանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը՝ մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլև խթանում են առողջ ապրելակերպը: Նաև ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վազքարշավից և հաջորդ տարի ևս միջոցառումն անցկացնելու դեպքում՝ սիրով կմասնեկցեն:
Նշենք, որ մրցավազքից հավաքված ամբողջ գումարը տրամադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել