640 հազար դրամ չվճարած վարկի համար գյուղացուն զրկեցին իր տնից
Այս տարվա հունվար ամսին հրապարակել էինք Լոռի բերդի բնակիչ Արմեն Առաքելյանի պատմությունը։
640 հազար դրամ չվճարած վարկի և տարիների ընթացքում կուտակված տույժերի ու տուգանքների պատճառով բանկի պահանջով բռնագանձվել էր նրա տունը, ՀԿԱԾ-ն (նախկին ԴԱՀԿ) այն աճուրդով վաճառել էր:
Առաքելյանները մեզ տեղեկացրին, որ երեկ ՀԿԱԾ-ի աշխատակիցները տնից վտարել են Արմենին և տանը բնակվող ընտանիքի անդամներին, դուրս են բերել նրանց պատկանող գույքը և արգելել են տուն մտնել։
Հիմա Արմեն Առաքելյանը և իր ընտանիքը հայտնվել են դրսում, ժամանակավոր մնալու են հարևանի տանը։
«Հետքը» զրուցել է տան համասեփականատեր Ջուլիետա Առաքելյանի փաստաբան Կարո Ասատրյանի հետ։ Նա ՀԿԱԾ գործողությունները ապօրինի է համարել՝ խոսելով մի շարք իրավախախտումների մասին։
Նրա խոսքով, ՀԿԱԾ-ն տան այլ սեփականատերերին (բացի Արմեն Առաքելյանից, տունն ունի մի քանի համասեփականատեր, որոնցից մեկն է Ջուլիետա Առաքելյանը) չի համարել կատարողական վարույթի կողմ և հրաժարվել է որևէ բացատրություն տալ։
«Այս դատական գործընթացի և հետագա զարգացումների հետ կապված ապօրինությունները շարունակական են եղել, դեռ ի սկզբանե դատական գործը կոպիտ խախտումներով է ընթացել»,- մեկնաբանում է փաստաբան Կարո Ասատրյանը։
Տարիներ տևած դատական գործընթացներում խախտվել են ոչ միայն Արմենի, այլև տան համասեփականատերերի սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները։ Դատական պրոցեսների մասին նրանք տեղեկացված չեն եղել և նիստերին չեն մասնակցել, տան համասեփականատերերի՝ առաջնահերթության իրավունքով Արմեն Առաքելյանի մասնաբաժինը ձեռք բերելու իրավունքը դատարանը անտեսել է։
Խախտված իրավունքները վերականգնելու համար տան համասեփականատեր Ջուլիետա Առաքելյանը մի քանի հայցով դիմել է դատարան, մասնավորապես՝ Վարչական և Վճռաբեկ դատարաններ։ Հայցերից մեկը Վարչական դատարանը վարույթ է ընդունել և առաջին նիստը նշանակվել է այս տարվա հունիսին, իսկ մյուս հայցը դեռ հունվար ամսին ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Հիմա սպասում են Վճռաբեկի՝ հայցը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին պատասխանին։
«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ժամանակը աշխատում է Առաքելյանների դեմ՝ դատական համակարգը դանդաղ է աշխատում, իսկ ՀԿԱԾ-ն պնդում է, որ ուղղակի կատարում են նախորդ դատական վճիռները։ Իրենց չի հետաքրքրում, որ մենք բողոքարկում ենք այդ վճիռները։ Ըստ էության, ասում են՝ հենց նոր որոշում ունենաք, մենք կառաջնորդվենք այդ որոշումներով»,- ասում է փաստաբան Կարո Ասատրյանը։
Հիշեցնենք, որ տան գնորդը ծնունդով ստեփանավանցի դատավորի բարեկամն է։ Առաքելյանները համոզված են, որ սա պատահականություն չէ։
Տան նոր սեփականատերը տունը աճուրդով գնելուց հետո գրեթե միանգամից այն վաճառելու հայտարարություն էր տեղադրել list.am-ում։ Ընտանիքի կարծիքով, նա փորձում է արագ ազատվել այս տան «գլխացավից» և ցանկանում է արագ վաճառել, քանի դեռ բողոքարկման գործընթացը ընթացքի մեջ է։
«Հետքը» կշարունակի հետևել զարգացումներին։
Մեկնաբանել