HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բրուցելոզով վարակված 100 խոշոր եղջերավոր անասուն է մորթվել

Ջրաձորցի Վահագն Ադամյանի գոմը լիովին դատարկվել է: 47 գլուխ խոշոր եղջերավոր անասունն էլ հարկադիր մորթվել է:

14 անձից բաղկացած ընտանիքը, որ ապրում է անասնապահությունից ստացվող եկամտով, հայտնվել է բավականին դժվար կացության մեջ:

«Եթե երկու տարի էլ որեւէ խնդիր չլիներ, ֆերմա կունենայինք, գարունն արդեն 15 հորթով պիտի ավելանար անասնագլխաքանակը, կդառնար 63 գլուխ,- ասում է Վահագն Ադամյանը,- բայց վերջին կովը 20 օր առաջ մորթեցինք: Հարցն էն է, որ հիվանդությունը մեկից ի հայտ չի գա կենդանիների մոտ, որ իմանաս, թե որ մեկն է, մորթես պրծնիս: Մեկը մեկին կվարակե, ու ամեն մեկի մոտ տարբեր ժամանակ ի հայտ գուկա, էն էլ մենակ արյուն վերցնելուց, լաբորատորիա ղրկելուց հետո կիմանանք, որ բրուցելոզ է»:

Բրուցելոզ կոչվող հիվանդությունը Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի անկման պատճառ է դարձել: Դեռեւս անցած աշնանը որոշ անասնատերեր զգացել էին վտանգն ու պարզել, որ «Նոր աղբյուր» կոչվող ամառանոցից վերադարձած անասունների մի մասը վարակված է: Այս հիվանդության դեմ որեւէ պատվաստանյութ չի օգտագործվում, բուժում եւս չկա, միակ տարբերակը մորթելն է:

Մարդու վարակվելու դեպքում, եթե հիվանդությունն ուշ է հայտնաբերվում, ապա լիարժեք բուժման երաշխիքները եւս չնչին են:

Փորձառու անասնապահ Վահագն Ադամյանի հավաստիացմամբ, այդ հիվանդությունը արտաքին որեւէ տարբերիչ նշան չունի, սովորաբար առաջնահերթ վարակվում են ցուլերը, այնուհետեւ վարակն անցնում է կովերին:

«Մենակ 15 գլուխ կթու կով էր, ցուլիկներ ունեինք, հորթ էր, էրինջ էր: Կովի կաթը կհանձնեինք ու մեր հաշվարկով սեզոնին ամիսը 1000 դոլարի եկամուտ պիտի ունենայինք,- իր հաշվարկներն է ներկայացնում Վահագնի կինը` տիկին Նատալյան,- հենց իմացանք հիվանդության մասին, պանիր սարքելը, կաթ հանձնելն էլ թարգեցինք: Ճիշտ է, կըսեն, թե եռացնելուց բացիլը կվերանա, բան չունիմ ըսելու, բայց ամեն դեպքում մենք չուզեցինք ռիսկի էրթալ»:

Բրուցելոզի հարուցիչները շատ հեշտությամբ կենդանուց կարող են փոխանցվել մարդուն սննդի միջոցով` չեռացրած կաթի, վատ եփած մսի եւ պանրի միջոցով: Վարակը շատ արագ փոխանցվում է, եթե անասունի հետ շփվելիս մարդու ձեռքերին թեկուզ թեթեւ քերծվածք կամ վերք է լինում: Վահագն Ադամյանն ասում է, որ ինքը բազմիցս հարցուփորձ է արել մեծահասակ համագյուղացիներին ու իմացել, որ խորհրդային տարիներին բրուցելոզի դեմ պատվաստում արվել է, մի բան, որ ներկայում անհնար է պատվաստանյութի բացակայության պատճառով:

«Ախուրիկից ու Հայկավանից մեր ամառանոց անասուններ են բերել, հենց իրանցից էլ վարակվել են մերոնք,- ասում է Վ. Ադամյանը,- նախքան ամառանոց տանելը, ըստեղ գյուղի անասնաբույժը արյան անալիզ է վերցրել, տարել ստուգել են, մեր անասունն առողջ է եղել, բայց աշունն արդեն, փաստորեն, հիվանդ հետ եկան: Հետո իմացանք, որ հենց էդ ըսածս գյուղերում էլ անասունները էդ պատճառով մորթել են: Ջրաձորից հիվանդ կով կամ ցուլիկ ամառանոց չի տարվել, թե հըմի ում հիվանդ անասունն է հարեւան գյուղերից բերվել, ով է բժշկի սուտ թղթով անասուն հասցրել ամառանոց` հայտնի չէ: Ջրաձորում մենակ էս 8 տան անասունը ջարդվավ, լրիվս նույն ամառանոցն էինք տարել: Գյուղի մնացած մարդիկ, որոնք ուրիշ ամառանոց էին տարել իրանց կովերը, էդ մարդկանց անասունին էսօրվա դրությամբ հեչ բան չկա»:

Ջրաձորցիներից մեկը բացատրեց, որ շատ դեպքերում անասնատերերը հիվանդությունը թաքցնում են, որ չմորթեն: Եթե բրուցելոզը հայտնաբերվում է, ասենք, գարնանը, ապա անպատասխանատու մեկը կարող է չբարձրաձայնել ու անասունը հասցնել ամառանոց, որտեղ կենդանին քաշ կհավաքի ու կարելի կլինի ավելի շատ գումար աշխատել մորթելու դեպքում: Այս ընթացքում միայն 91 խոշոր եղջերավոր անասուն է մորթվել Ջրաձորում, իսկ միսը հայտնվել է շուկայում:

«Մենք ղասաբներին զգուշացրել ենք, որ անասունը վարակված է,- ասում է ջրաձորցի Վարդան Հովակյանը,- իրանք էլ մեզնից էդ պատճառաբանությամբ միսն առել են 1300-ով, բայց գիտեմ, որ քաղաք արդեն 2000-ով, 2500-ով ծախել են: Իրանք խո առնողին չե՞ն ըսե, թե միսը բրուցելոզով հիվանդ տավարի է, արեք էժան տամ, տարեք: Մեզի հավասար ղասաբները փող աշխատան: Իմ 9 կովից 4-ն արդեն մորթել եմ: Երեք հատ կով մորթեցի ծախեցի, էդ գնին մենակ մե կովմ կրցա առնեի, բայց էն էլ վարակվավ, էն էլ եմ մորթել»:

Վարդանն ասում է, որ նոր գնած կովին տարել ուրիշի գոմում է կապել, աղբյուրից ինքն անձամբ դույլերով է ջուրը բերել անասունի համար, բայց մեկ է` վարակվել է ու ստիպված մորթել է:

Ասում են, որ եթե տվյալ տարածքում վարակը կա, ապա ամենաշուտը վարակվում են դրսից բերված անասունները, ու կապ չունի` որտեղ ես պահում, եթե հիվանդությունը գյուղի տարածքում առկա է, ապա մնացած առողջ կենդանիներն էլ կհիվանդանան: Բրուցելոզի բացիլը շատ կենսունակ է, 270 օր կարող է ապրել, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն:

Ջրաձորում համապատասխան միջոցառում ասվածը եղել է 15 օրը մեկ կենդանիներից լաբորատոր հետազոտման համար արյուն վերցնելը եւ քլորով գոմերի ախտահանումը:

«Քոռցանք մինչեւ էդ ախտահանումն էրինք,- դժգոհում են Վարդանն ու էլի մի քանի ջրաձորցիներ,- բերին քլորն ու կիրը տվին ձեռներս, բացատրին, թե ինչխ բդի էնենք, ու իրանք քաշվան մի կողմ: Երկու օր աչքերս չէր բացվի, էդ թույնը շնչել կեղնե՞ր, մառլյայով բերաններս փակել էինք, բայց օգուտ չկար»:

Նմանատիպ միջոցառումներ խորհրդային տարիներին կատարել են մասնագետները անասնաբուժական ծառայություններից` հատուկ դրա համար նախատեսված արտահագուստներ եւ դիմակներ օգտագործելով, պահպանելով անվտանգության կանոնները: Վարդան Հովակյանը պատմում է, որ իր գոմում առաջին նման միջոցառումն իրականացրել է դեկտեմբերին: Ցրտին երեք օր անասունը պահել է դրսում, ինքն էլ գիշերել նրանց կողքին, որ չգողանան կամ գայլը չտանի, սակայն վերջնարդյունքում էլի զրկվել է 4 կովից:

«Ամասիայից մի քանի անգամ եկել արյուն են վերցրել անասուններից, 20 հազար դրամ փող եմ տվել, չնայած գիտեմ, որ բդի ձրի էղնի: Իրանց տեղը ախտահանում եմ էրել աչքերս քոռցնելով ու էլի վերջում տուժողը ես եմ եղել: Հմի ռիսկ չենք էնե կով առնինք: Կըսեն` անասնապահություն զարգացրեք, ի՞նչխ զարգացնենք, զարգացնելը խո մենակ մաքուր ձեռքերով կով կթե՞լը չէ: Հեչ էս Կառավարությունը չի՞ ըսե, թե գյուղացի, բրուցելոզի պես հիվանդությունը, որ սաղ ունեցածդ կջարդե, արի կեղնի ես քու կողքդ կանգնիմ, օգնեմ, մինչեւ ոտքի կանգնիս, տեսնինք` ինչ կեղնի»,-դժգոհում է Վարդան Հովակյանը:

Ջրաձորում ամենամեծ վնասը կրած Վահագն Ադամյանը եւս մտածում է, որ նման դեպքերում  Կառավարությունը պիտի սատար կանգնի գյուղացուն:

«Իմացել ենք, որ Կառավարության ծրագրով երինջներ են բերել ու որպես օգնություն կուտան գյուղացիներին, մեկն էլ կըսե` չէ, մենակ ֆերմերներին, որովհետեւ թանկ են` 4000 դոլար արժեն: Հմի մենք ի՞նչ էնենք, որ բրուցելոզի երեսից չհասցրինք ֆերմեր դառնալ, դաժե արդեն գյուղացի էլ չենք, գոմս դարդըկվավ, դառանք թամամ քաղքցի: Ես 7 երեխա ունիմ` 6 տղա, մեկ աղջիկ, 3 հատ էլ թոռ ունիմ: Տղեքիցս 4-ին ու աղջկաս հլա պիտի նշանեմ: Գյուղից էրթալ չենք ուզե: Սաղ կյանքս աշխատել, ստեղծել եմ, բայց հմի մնացել եմ շվարած: Էդ 47 գլուխ խոշոր եղջերավոր անասունը 10 տարվա ստեղծած մեր ապրուստն էր, որ մեկից կորցրինք»,- ասում է Վահագն Ադամյանը:

Ջրաձորում բրուցելոզով հիվանդ դեռ 8 անասուն էլ կա, որ տերերը չեն ցանկանում մորթել: Ջրաձորցիները հիշեցին, որ խորհրդային տարիներին հազվադեպ հանդիպող այս հիվանդության ժամանակ համալիր միջոցառումներ էին իրականացվում, անընդհատ հսկողություն կար անասնաբույժների կողմից, իսկ մորթել չցանկացող անասնատերերին ստիպում էին գնալ այդ քայլին ոստիկանների միջոցով:

«Հիմա շատ դժվար է հարկադրելը, հորդորելու մեթոդն է մնացել,-ասում է Ջրաձորի համայնքապետ Գեւորգ Հովակյանը,- մարդու, ասենք, էդ երկու կովն է հիվանդ, քանի դեռ հնարավոր է կաթը կթել` կպահեն, հետո էլ կմորթեն  ու կծախեն: Իրանց ապրուստն է, գիտեն, որ տեղը իրանց ոչ մեկ չի բերի ուրիշը տա, դրա համար էլ բացարձակ չեն անհանգստանում, թե հարեւանի եղածն էլ է կոտորվում»:

Համայնքապետ Գեւորգ Հովակյանի ունեցած անասնագլխաքանակն էլ պակասել է 21-ով: Ասում է, որ խնդրի մասին տեղյակ է պահել բոլոր հնարավոր կառույցներին, բայց առ այսօր դրական տեղաշարժ չկա: Երբ իրեն պատկանող անասնագոմում եւս հայտնաբերվել է բրուցելոզի հարուցիչը, տանեցիներին անհապաղ տարել է բժշկական ստուգման: Ջրաձորում մարդկանց հիվանդացության դեպքեր առայժմ չեն արձանագրվել, բայց հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր արդեն վարակվել են, սակայն տեղյակ չեն:

Փաստորեն, բրուցելոզով հիվանդ անասունի կաթը հանձնվել է կաթ մթերող կազմակերպություններին: Գյուղացիներն իրենց այդ քայլն արդարացնում են նրանով, որ բարձր ջերմաստիճանի ստերիլիզացման պայմաններում բացիլը ոչնչանում է: Առնվազն վերջին 4-5 ամիսներին Գյումրու մսի շուկայում բրուցելոզով հիվանդ տավարի միս է վաճառվել:

Ասում են` սա էլ անհանգստացնող չէ. լավ եփելու դեպքում վտանգը վերանում է: Սակայն կա մի սննդամթերք, որի մեջ բրուզելոզի հարուցիչը պահպանվում է` պանիրը, որ շատ հաճախ գյուղացիները, մի քանի գլուխ պատրաստելով, հասցնում են քաղաք, ՙբիրիք՚ հանձնում վերավաճառողներին ու գնում: Եթե պանիրը պատրաստվել է բացիլակիր կաթից, ապա հիվանդության հարուցիչը վերանում է միայն պանիրն առնվազն 6 ամիս աղաջրում պահելուց հետո:

«Էհ, ո՞ր մի գյուղացին էդքան կպահե պանիրը, շատ-շատ 2 ամիս,- ասում է Վահագն Ադամյանը,- հետո շատ հնարավոր է, որ մարդն էդ ժամանակ չիմանա էլ, որ իրա անասունը հիվանդ է, քանի որ մենակ արյուն վերցնելուց հետո հայտնի կեղնի: Էս ընթացքում գյուղերը ապրանքափոխանակության գուկան, շոր է, կոշիկ է պանրով, յուղով փոխեն, կերթան: Հմի ի՞նչ իմանաս, թե էդ քաղքցուն ինչ պանիր ես տվել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter