HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ի եւ իշխանության փխրուն հավասարակշռությունը թյուրիմացաբար է անվանվում երկխոսություն

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, 2006-2008թթ. ԱԺ նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ

Ընդդիմության պահանջներից մեկը մարտի 1-ի գործով ազատազրկվածներին ազատ արձակելն է: Ազգային ժողովը համաներում է հայտարարում, այս առումով ի՞նչ կփոխվի քաղաքական դաշտում:

Ընդամենը 2 բան: Նախ' թերեւս ՀԱԿ-ը կասի, որ իր բոլոր 3 պահանջները բավարարված են, չնայած ես ավելի քան համոզված եմ, որ դա մակերեսային մոտեցում կլինի: Դրանում համոզվելու համար պետք է անդրադառնալ մյուս 2 պահանջներին, որոնք իրենք հայտարարել են բավարարված: Օրինակ' հանրապետության նախագահն ասաց, որ «Մարտի 1»-ի գործը նորից պետք է քննվի եւ ամեն ինչ պետք է արվի, որ ողբերգական իրադարձությունների պատճառները պարզվեն: ՀԱԿ-ը հայտարարեց, որ իր մեկ պահանջն արդեն բավարարված է: Բայց դժվար չէ համոզվել, որ 2008թ. ամռանն ու աշնանը նույնպես իշխանությունները նույն բովանդակությամբ հայտարարություններ արել են, սակայն ակնհայտ է, որ մի քանի կարեւոր հարցերի պատասխաններն այս 3 տարիների ընթացքում չեն հնչել:

Հատկապես խոսքը վերաբերում է ամենացավոտ հարցին' ինչ հանգամանքներում է 10-ից յուրաքանչյուրը զոհվել: Հետեւաբար միայն նոր քննության ավարտից հետո հնարավոր կլինի ասել' դրանց պատասխանները տրվե՞լ են, թե՞ ոչ, եւ որոշել' պահանջը կատարվա՞ծ է, թե՞ ոչ:

Հարցի բովանդակային դիտարկման դեպքում կարելի է համոզվել, որ մյուս պահանջը եւս' հանրահավաքների ազատության վերաբերյալ, սոսկ մակերեսային մոտեցման դեպքում կարելի է համարել կատարված, քանի որ կամայականությունը մնացել է, դրա դրսեւորումն է փոխվել: Ավելին, երբ համաներումն արդեն կիրառվի, ՀԱԿ-ը նոր մարտահրավերի առաջ է կանգնելու: Իշխանությունների նկատմամբ պետք է ձեւակերպի նոր հարցադրումներ. կամ պիտի վերադառնա իր 15 պահանջներին, կամ նոր հարցադրումների շարք ձեւակերպի եւ այս դեպքում ուզած-չուզած պիտի նաեւ անդրադառնա, թե արդյոք վերջին 3 տարիների ընթացքում արված իր հարցադրումների պատասխանները ստացվե՞լ են:

Գաղտնիք չէ, որ այդ տարիների ընթացքում (բացառությամբ վերջին մի քանի ամսվա), ՀԱԿ-ը հնչեցրել է շատ լուրջ, անգամ քրեական մեղադրանքներ իշխանությունների հասցեին, եւ վերջիններս էլ ոչ պակաս կոշտ պատասխանել են: Հետեւաբար, համաներումը կիրառելուց հետո, ՀԱԿ-ը պարտավոր է լինելու իր համախոհներին եւ ընդհանրապես հասարակությանը ներկայացնել իր նոր պահանջներն ու նախկին հարցադրումների ճակատագիրը' դրանք մնու՞մ են ուժի մեջ, թե՞ ոչ:

Արդյունքում, կամ ՀԱԿ-ը ընկրկելու է' հիասթափեցնելով իր համախոհներին, կամ վերադառնալու է նախկին կոշտ դիրքորոշմանը' խախտելով այն փխրուն հավասարակշռությունը, որը ստեղծվել է վերջին 1-2 ամիսների ընթացքում ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ, ինչը թյուրիմացաբար անվանվում է երկխոսություն:

ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ, ըստ էության, երկխոսություն չկա՞:

Երկխոսության առկայությունը նշանակում է, որ կան կողմեր, որոնց միջեւ առկա են խնդիրներ, դրանց հետ կապված կողմերը ձեւակերպել են օրակարգ, քննարկումներ են տեղի ունենում, եւ այդ քննարկումների արդյունքների մասին պարբերաբար տեղեկացվում է հասարակությունը: Թվարկածս բաղադրիչներից որեւէ մեկը մինչ այս պահը հասարակությանը հայտնի չէ: Կան ՀԱԿ-ի պահանջները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ համարել համատեղ ձեւակերպված օրակարգ, եւ կա իշխանությունների արձագանքը այդ պահանջներին կամ իրավիճակին: Որեւէ քննարկման առկայություն ժխտում է թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը: Երկխոսությունը բնարոշող բաղադրիչներ գոյություն չունեն, հետեւաբար այն, ինչ տեղի է ունենում չի կարելի երկխոսություն համարել: Կա երկու կողմին բավարարող փխրուն հավասարակշռություն, որը երկար շարունակվել չի կարող:

ՀԱԿ-ի պահանջներից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է: ՀԱԿ-ը կարո՞ղ է շահարկել, թե՞ այս պահանջը չի կատարվել:

ՀԱԿ-ի մտադրությունների մասին ճիշտ կլինի հենց իրենց հարցնեք, բայց մեկ բան ակնհայտ է. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արդեն դարձել է անհեթեթ: Հերթական նստաշրջանն այսօր ավարտվում է, հաջորդը կսկսվի սեպտեմբերին: Եթե անգամ խորհրդարանական մեծամասնությունն այդ ժամանակ երեք ամիս արհեստականորեն բոյկոտի ԱԺ աշխատանքը' հիմք ստեղծելով լուծարման համար, ապա, ըստ Սահմանադրության, դա հնարավոր կլինի անել դեկտեմբերին, իսկ ընտրություններ անցկացնել հունվար-փետրվարին, այսինքն' հերթականից երեք-չորս ամիս առաջ:

Ոչ միայն այդ ժամկետն է անհեթեթ, այլեւ այդպիսին կլինի մեծամասնության բոյկոտը' սոսկ հանուն ՀԱԿ-ի ցանկության կատարման: Իշխանությունը չի կարող ինքն իրեն ծաղրել: Այս ամենը չտեսնել եւ պնդել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, նշանակում է' կամ ողջամտությունը կորցնել, կամ հավատալ, որ իշխանությունն է այդ վիճակում:

Այս շաբաթ Ազգային ժողովը կավարտի 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Այս գումարման ԱԺ-ն արդյո՞ք արդարացրեց հասարակության սպասելիքներն ու հույսերը:

Չորրորդ գումարման ԱԺ-ն գործունեության երկու տարբեր փուլեր է ունեցել: 2007 թ.-ից մինչեւ 2008թ.-ի աշուն բոլորովին այլ է եղել խորհրդարանի դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում, հետո կտրուկ փոխվել է: Իհարկե, չէի ասի, թե առաջին փուլում խորհրդարանն իր որակներով ամբողջովին համապատասխանում էր իմ պատկերացումներին, բայց խնդիրն այլ է:

2008թ. աշնանից սկսած' խորհրդարանը կտրուկ նվազեցրեց իր քաղաքական դերակատարումը' տարբեր օրենքներում բազմաթիվ փոփոխություններ անելով' ակնհայտորեն խախտելով պետական կառավարման մարմինների միջեւ հակակշիռների ու զսպումների համակարգը, որը սահմանված է Սահմանադրությամբ եւ որին ընդհանուր առմամբ համապատասխանում էր օրենսդրությունը մինչեւ 2008թ. աշունը:

Առաջին լուրջ ահազանգը եղավ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի փոփոխությունը, որով բյուջեի դեֆիցիտի հնարավոր չափը կտրուկ մեծացվեց: Մինչեւ 2008թ. բյուջեի դեֆիցիտի առավելագույն թույլատրելի չափն այդ օրենքով սահմանված էր ՀՆԱ-ի 5 տոկոս, բայց փաստացի չափը 2003 թ.-ից սկսած կազմել էր ՀՆԱ-ի 1.5 տոկոսից ոչ ավելի:

Կառավարության առաջարկով դեֆիցիտի առավելագույն չափը բարձրացվեց մինչեւ 7.5 տոկոս, այսինքն' իրավական տեսակետից ավելացվեց 50 տոկոսով, բայց փաստացի' 5 անգամ: Կառավարությունը վարկեր վերցնելու անսահմանափակ հնարավորություն ստացավ, եւ մեկ տարվա ընթացքում կրկնապատկվեց Հայաստանի արտաքին պարտքը, իսկ այսօր մոտեցել է ՀՆԱ-ի 50 տոկոսին:

Ճիշտ է, կառավարությունը հայտարարում է, որ մեր արտաքին պարտքը վտանգավոր գոտում չի գտնվում' հաշվի առնելով միայն արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը, սակայն հաճախ խոսուափում է գնահատել արտաքին պարտքի եւ պետական եկամուտների հարաբերությունը, ինչը շատ ավելի ճիշտ է արտացոլում արտաքին պարտքի ծանրությունը երկրների վրա, քանի որ հավաքված եկամուտներից պետք է վերադարձվի արտաքին պարտքը: Այդ առումով Հայաստանին լուրջ բարդություններ են սպասում առաջիկա տարիներին:

Հսկայական վարկերը, որ վերցվեցին կարճ ժամանակահատվածում, ծախսվել են ոչ արդյունավետ, եւ չստեղծվեցին այն հիմքերը, որոնց շնորհիվ երկիրը պետք է դուրս գա ներկայիս բարդ իրավիճակից' միաժամանակ վերադարձնելով մեծ ծավալի վարկերը:

Եվս մեկ օրինակ բերեմ վերջին շրջանի քայլերից: Այս քառօրյայի ընթացքում երրորդ ընթերցման էր ներկայացվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագիծը: Այն, եթե դառնա օրենք, կառավարությանը հնարավորություն է տալու ցանկացած ընկերության օրինականորեն ազատել հարկեր վճարելուց' առանց խորհրդարանի կարծիքը հարցնելու: Առանց դրա էլ Հայաստանում հարկերի հավաքելիության մակարդակն անմխիթար է:

Կառավարությունն ինքն է խոստովանում, որ կան ընկերություններ, որոնք խուսափում են հարկեր վճարելուց, ընդ որոմ' մեծ ծավալի հարկեր: Այս օրենքը հնարավորություն է տալու դա օրինականացնել, ինչն էլ ավելի է վատթարացնելու տնտեսության վիճակը:

Փաստորեն, Ազգային ժողովը, ընդունելով այդ օրենքը, հրաժարվում է իր վերահսկողական եւս մեկ մեխանիզմից: Ավանդույթ է դառնում եւս մեկ արատավոր երեւութ: Օրենք ընդունելը դառնում է ձեւականություն' պարզապես որոշ միջազգային կազմակերպությունների ցույց տալու համար, որ օրենսդրական քայլեր են արվում այս կամ այն լուրջ խնդիրը լուծելու համար: Ընդունվում է նոր օրենք, բայց, ըստ էության ոչինչ չի փոխվում, որոշ դեպքերում նույնիսկ իրավիճակն ավելի է վատանում: Մինչդեռ օրենքի նախագծի ներկայացման նպատակը պետք է լինի օրենքի կիրառման ընթացքում բացահայտված խնդիրների լուծումը: Մինչդեռ, օրինակ, նոր Ընտրական օրենսգիրքը կամ «Հավաքների ազատության մասին» օրենքը ընդունելիս այդպես էլ չերեւաց առկա խնդիրների լուծման կապը դրանց հետ:

Բայց պատգամավորների մեծ մասը գործարարներ են եւ նախագծերի օգտին էլ քվեարկում են` իրենց շահերից ելնելով:

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկում է այնպես, ինչպես իրենց թելադրվում է: Համաձայն չեմ նաեւ այն տարածված կարծիքին, որ ԱԺ աշխատանքների անբավարար որակի մեղավորը «գործարար» պատգամավորներն են:

Նախ, այդպես անվանվող պատգամավորների մեջ կան միմյանցից մեծապես տարբերվող անհատներ, եւ չարժե բոլորին նույն արշինով չափել: Ավելին, մյուս խմբի մեջ էլ քիչ չեն այնպիսիները, որոնց աշխատանքի նկատմամբ կարելի է ներկայացնել լուրջ վերապահումներ: Բայց ԱԺ աշխատանքի որակի եւ ընդհանրապես' քաղաքական կյանքի առաջին պատասխանատուները կուսակցություններն են:

Խնդիրն այն է, որ Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում վերջնականապես ջախջախվեց բազմակուսակցական համակարգը, որն այդպես էլ չհասցրեց կայանալ: Սա է մեր երկրի համար ամենալուրջ քաղաքական հիմնախնդիրը: Որպեսզի կանխեմ ձեր հարցը մինչ 2008թ. իրավիճակի մասին, կարող եմ ձեզ ցույց տալ այդ տարիներին հրապարակված բազմաթիվ հարցազրույցներ, գիտական հոդվածներ եւ 2006 թ.-ին տպագրված մենագրություն, որտեղ միշտ մատնացույց եմ արել, որ բազմակուսակցական համակարգի կայացած չլինելը Հայաստանի ամենալուրջ մարտահրավերն է, եւ քաղաքական ասպարեզի մյուս գրեթե բոլոր խնդիրները դրա հետեւանքն են: Ցավոք սրտի, այդ մարտահրավերն այդպես էլ չհաղթահարվեց: Ավելին, վերջին մի քանի տարվա ընթացքում բազմակուսակցական համակարգն այլասերվեց ու ջախջախվեց:

Ձեր ղեկավարած ԱԺ-ի եւ այսօրվա ԱԺ-ի միջեւ որակական տարբերություն տեսնու՞մ եք:

Պատգամավորների առումով' իհարկե ոչ, քանի որ այս տարիներին նրանց 90 տոկոսը մնացել է նույնը: Ինչպես արդեն նշեցի, շատ կարեւոր է հակակշիռների ու զսպումների համակարգի առկայությունը, մասնավորապես, դրանով պայմանավորված խորհրդարան-կառավարություն հարաբերությունները: Ընդ որում' այդ հարաբերությունների զգալի մասը դահլիճում չի էլ երեւում:

Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են' այն ժամանակ ԱԺ-ն եւ կառավարությունը շատ ավելի արդյունավետ են համագործակցել: Օրինակ` եթե խնդիրներ ու թերություններ են բացահայտվել կառավարության բերած նախագծերում, դրանք շատ հաճախ փոխվել են անգամ մինչ ԱԺ դահլիճ մտնելը, որոշ դեպքերում կառավարությունը հետ է վերցրել' առանց «տղայական» մոտեցում դրսեւորելու, թե բերել եմ, ուրեմն պիտի անցնի: Ցավոք սրտի, նման դրսեւորումներ հիմա հաճախ են նկատվում:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այսօր կառավարությունը Ձեր ասած` «տղայական» մոտեցումով է նախագծերը խորհրդարանում անցկացնում:

Երկրում շատ բան է փոխվել: Մեկի մասին արդեն ասացի' բազմակուսակցական համակարգի այլասերումը: Սա միշտ լուրջ ազդեցություն է թողնում երկրի քաղաքական կյանքի, պետական մարմինների հարաբերությունների վրա: Չկայացած երկրներում, ինչպիսին Հայաստանն է, նշանակություն ունեն նաեւ տարբեր կառույցները ղեկավարող մարդկանց հատկանիշներն ու միմյանց հետ հարաբերությունները: Կարեւոր է նաեւ այդ ղեկավարների վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ, պատկերացումները երկրի քաղաքական կյանքում իրենց գլխավորած կառույցների դերակատարության վերաբերյալ:

ՀՀԿ-ի շարքերից Ձեր դուրս գալուց անցել է գրեթե 3 տարի: Այս ընթացքում մտածե՞լ եք Ձեր քաղաքական ուղու մասին' հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց որեւէ քաղաքական ուժի օգնության գրեթե հնարավոր չէ առաջ գնալ այդ դաշտում:

Քաղաքականությունը թիմային աշխատանք է: Եղել են ընկերներ, ընդհանուր արժեքներ, սկզբունքներ ու նպատակներ, միասին այդ նպատակների ու ծրագրերի իրագործման ցանկություն: Եթե նման հարաբերություններ հաստատվեն որեւէ քաղաքական ուժի հետ, ապա հետագա քաղաքական գործունեությունն իմաստ ու նպատակ կունենա:

Տխուր է այն մարդու վիճակը, ով քաղաքականությունից դուրս կյանքը չի պատկերացնում, թեեւ պատգամավորների կենսագրություններին ծանոթանալիս կարելի է հայտնաբերել, որ ոմանց կենսագրությունը սկսվում է 35 կամ 40 տարեկանից:

Ինստիտուտն ավարտելուց հետո մշտապես զբաղվել եմ գիտությամբ, անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ուսումնասիրություններիս ոլորտն եմ փոխել: Քաղաքագիտության ոլորտում տպագրել եմ բազմաթիվ գիտական հոդվածներ, չորս մենագրություն, որոնցից մեկը' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում՚ հասարակական գիտությունների անվանակարգում Գիտությունների ազգային ակադեմիան ճանաչել է 2009թ. լավագույն գիտական աշխատանք: Շուտով կտպագրվի մեկ այլ մենագրություն' հակամարտությունների կարգավորման աշխարհաքաղաքական բաղադրիչի եւ բանակցությունների վերաբերյալ:

Իսկ այսօր տեսնու՞մ եք այն քաղաքական ուժին, որի հետ կհամագործակցեք գալիք ընտրությունների ժամանակ:

Եթե որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն լիներ, բնականաբար նախորդ հարցին պատասխանելիս կնշեի: Այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ ընտրության գնալու պայմանավորվածություն չունեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter