HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ հայկական պետականությանը

Արդ` հարց է ծագում, մենք` հայերս, կանգնած երկու այդ հսկա աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև` ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար, պիտի կարողանանք` հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը: Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:      Կոստան Զարյան

 

Այս հոդվածը նախատեսված չէ 29800 քառակուսի կմ սահմաններով ռեզերվացիայի ջատագովների, հայության ապագան տարածաշրջանային մոթելի կարգավիճակով դիտողների, ինքնանպատակ գոյատևող հայկական ազգանուններով անձանց համար։ Այս հոդվածը նրանց է ուղղված, ում համար հայկական պետականությունը բարձրագույն արժեք է, իսկ հայ լինելը՝ մարտահրավեր, բայց նաև՝ պատիվ։ Ովքեր գիտակցում են, որ քաղաքակրթության բնօրրան Հայկական բարձրավանդակում կամ լինում ես Տեր, կամ չես լինում։

Նախաբան

2020թ-ի նոյեմբերի 25-ը արձանագրեց Հայաստանի Հանրապետության չգոյությունը, երբ հավաքական հայության լուռ համաձայնությամբ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը առանց մի կրակոցի Ադրբեջանին հանձնեց հայոց նորագույն պետականության անվտանգային համակարգի պարտադիր բաղադրիչը՝ Քարվաճառը։ Հիշեցնեմ, որ Քարվաճառը հանձնելու որոշումը ստորագրվել էր 2020թ-ի նոյեմբերի իննի լույս տասի գիշերը, և հայությունը երկու շաբաթից ավել ժամանակ ուներ հայոց բանակի վերահսկողության տակ գտնվող այդ շրջանները պահելու հարցը ձևակերպելու և լուծելու համար։ Մինչդեռ այս խնդիրը լակմուս դարձավ՝ ի ցույց դնելով թե՛ հայ քաղաքական մտքի ինֆանտիլությունը, թե՛ հանրային խեղաթյուրված աշխարհընկալումը՝ իր ողջ այլանդակությամբ։

Նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան քաղաքական դաշտում առաջ բերեց պարզագույն դիսկուրս, որը որևէ առնչություն չուներ հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերների հետ։ Աշխարհի աչքի առաջ հանրային-քաղաքական դաշտի հիմնական խաղացողները, այդ թվում՝ ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, միմյանց մեղադրում էին միայն թշնամու ողորմածությանը ավելի շուտ չհանձնվելու «մեղքի» մեջ։ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական քաղաքական միավորի տապալման փաստի վերաբերյալ որևէ այլ ապացույցի կարիք արդեն չկար։

Անշուշտ այս վարվելակերպը առանձին լրջագույն գիտական ուսումասիրությունների նյութ պիտի դառնա, հատկապես ազգային էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Սակայն այս հոդվածը նման գիտական հետազոտություն անելու հայտ չէ, թեև նրա առաջին մասում հակիրճ կանդրադառնամ Հայաստանի Հանրապետության ձախողման հիմնական պատճառներին։ Այս հոդվածը հայկական պետականության ապագայի վերաբերյալ անկախության սերնդի ՀՀ քաղաքացու խորհրդածությունների արդյունք է։ Այն հիմնված է թե՛ համաշխարհային պատմաքաղաքական փորձի ինքնուրույն ուսումնասիրության, թե՛ ներկայիս հայության մեջ եզակի խորքային և համակարգային գիտելիքների տիրապետող անձանց հետ զրույցների, քննարկումների և եզրակացությունների վրա։

Մաս 1

Հայաստանի Հանրապետության ձախողման հիմքերը

Հայկական իրականության մեջ իրապես ազգային պետական-քաղաքական գործունեություն ծավալելու նպատակ ունեցող յուրաքանչյուր ոք որպես ելակետ պետք է ընդունի նախևառաջ այն փաստը, որ գործ ունի իր մեծամասնության մեջ հեղհեղուկ, բազմաբնույթ և, որ ամենակարևորն է՝ չկողմնորոշված քաղաքական ինքնությամբ բազմության հետ։ Այո, մե՜նք՝ հայերս, հազարամյակների քաղաքակրթության ժառանգներ ենք, սակայն Հայկական բարձրավանդակում հայոց պետականության անկումից հետո ոչ միայն զգալիորեն հետ ենք մնացել պատմական զարգացումից, այլև որպես քաղաքական ազգ, ռեգրեսիա ենք ապրել։ Կորցնելով պետականությունը և մեր ապագայի երաշխավորությունը կապելով օտար ուժերի հետ, վերջին հարյուրամյակների ընթացքում գտնվելով տարբեր մշակութա-հոգեբանական բնութագրերով և աշխարհընկալմամբ կայսրությունների տիրապետության տակ՝ հայությունը հավաքական ազգից վեր է ածվել տարբեր աշխարհայացքով և հոգեբանությամբ հատվածական բազմության։ Այսինքն, որպես հավաքականություն, մոռացել է համազգային պետական-քաղաքական խնդիրներ ձևակերպելու և լուծելու իր փորձը, բժշկական տերմինաբանությամբ՝ ունի պոստտրավմատիկ ամնեզիա։ Ցեղասպանությունը և դրան հաջորդած համաշխարհային սփռումը է՜լ ավելի խորացրեցին հայության տարբեր հատվածների միջև հորիզոնական կապերի տրոհումը։ Իսկ հաջորդող տասնամյակների ընթացքում Ցեղասպանության պատճառների խորքային ուսումնասիրությունների, հետևաբար՝ համակարգային հետևությունների բացակայությունը, այդ տրոհումը մոտեցրին անդառնալիության կետին՝ հատկապես հայրենիքից դուրս բնակվող հայության շրջանում։ Փաստացի՝ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը, Սփյուռքի ներկայացուցիչների բազմաբնույթ ինքնությունների հատման կետը միայն մեկն էր՝ Ցեղասպանության նվացող մորմոքը։ Գուրգեն Յանիկյանի վճռական կրակոցն էր, որ այդ մորմոքը հանրային գիտակցության մեջ ուղղորդեց պահանջատիրության հունով։ Յանիկյանի բացած ուղիով գնացին Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի մարտիկները, նրանց հարող/համակիր կառույցները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչը թույլ տվեց ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ձևակերպել որպես քաղաքական խնդիր, հատկապես հայրենիքից դուրս բնակվող հայության համար։ Այդ նույն ժամանակաշրջանում, 1987-88թթ-ին ասպարեզ իջավ ՄԻԱՑՈՒՄԸ, որը արդեն Հայկական բարձրավանդակում շարունակական ապրած, հետևաբար հայրենի հողի հետ կապը չկորցրած հայության կողմից հայոց վերջին հարյուրամյակների պատմության մեջ առաջ քաշված առաջին լուրջ համազգային-պետական խնդիրն էր։

Այսպիսով, ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին հայության քաղաքականապես ակտիվ շերտերը հայ հանրության առջև դրել էին երկու համազգային պետական խնդիրների լուծման անհրաժեշտություն՝ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ և ՄԻԱՑՈՒՄ։ Իհարկե, պատմությունից քիչ թե շատ տեղյակ մարդկանց համար պարզ է, որ այս երկու խնդիրներն էլ Հայկական դատի բաղադրիչներն են։ Ուստի նրանց տարանջատումը առավել քան պայմանական է՝ ելնելով հայության այս կամ այն հատվածի՝ կոնկրետ խնդրի հանդեպ ունեցած ընկալունակությունից։

Ամփոփելով վերը նշվածը, գնահատենք, թե ինչ ուներ հայությունը 1990-1991թթ-ին, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, այսինքն՝ հետպոտսդամյան աշխարհակարգը ճաքեր էր տալիս և մեծ վտանգների հետ միասին նաև մեծ հնարավորություններ ստեղծում։ Հայությունն ուներ գիտա-արդյունաբերական հսկայական ներուժ ունեցող հանրություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որոշակիորեն նորոգված մարդկային կապիտալ, ազգային գիտակցության վերելք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում (ինչը հայկական պետականության համար նաև հսկայական ֆինանսատնտեսական հնարավորություններ կապահովեր)։ Առաջին հայացքից առկա էին բոլոր նախադրյալները ազգային, կենսունակ հայկական պետականության ձևավորման և զարգացման համար, ընդամենը հարկավոր էր հետևողական գտնվել և շարժվել հայության առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհով։ Բայց ՀՀՇ-ի քաղաքական վերնախավը, որն այն ժամանակ իշխող ուժն էր, ընտրեց այլ ճանապարհ։ Կեղծ իրատեսության անվան տակ և թվացյալ «մարտավարական» նպատակներով հայության բուն գաղափարական և քաղաքական նպատակներից լրջագույն ռազմավարական շեղում կատարվեց։ 1991թ-ի սեպտեմբերի 21-ին կործանարար հարված հասցվեց ՄԻԱՑՄԱՆ գաղափարին, երբ արցախահայությանը թույլ չտրվեց մասնակցել Հայաստանի անկախության հանրաքվեին և իրագործվեց Արցախի քաղաքական օտարումը Հայաստանից։ Իրականում դա իր էությամբ հակասահմանադրական հեղաշրջում էր, քանի որ հակասում էր թե՛ Անկախության հռչակագրին, թե՛ 1989թ-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմանը։ Այդ քայլով դրվեց հայության կողմից իր պատմաքաղաքական իրավունքներից հրաժարվելու գործընթացի սկիզբը, ինչը հետագայում ոչ միայն լրջագույն քաղաքական, այլև շատ վտանգավոր բարոյա-հոգեբանական խնդիրներ և հետևանքներ պիտի ունենար նորաստեղծ պետականության համար։ Նույն քաղաքականությունը որդեգրվեց նաև սփյուռքահայության հետ հարաբերվելու հարցում։ Հայաստանի Հանրապետության վերնախավը արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղեց պահանջատիրության և Հայ Դատի առանցքային նշանակություն ունեցող հարցերը, որոնք հանդիսանում էին Սփյուռքի գոյության պահպանման խարիսխը, և դրանով իսկ գործնականում մերժեց սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը պետականության ամրապնդման և զարգացման գործին։ Իսկ ավելի հստակ, Սփյուռքին վերապահվեց փողի քսակի վիրավորական դերը։ Փաստացի, համահայկական խնդիրներին տեր կանգնող և ազգային պետական շահը առաջ տանող հայկական պետականության փոխարեն, սփյուռքահայությունը բախվեց հայկական ինքնության հիմքերին խփող կառույցի հետ։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը չդարձավ այն առանցքը, որն իր շուրջը կհամախմբեր համայն հայությանը, ինչպես Իսրայելը համաշխարհային հրեության համար։

Երեսուներկու տարիների հեռվից մեզ մնում է միայն փաստել ՀՀ բոլոր չորս իշխանությունների և քաղաքական դաշտի գերակշիռ մասի կողմից հայության առջև դրված ազգային պետական խնդիրներից հրաժարումը և նենգափոխումը, ինչը դեպի անկում տարավ ազգային վերելքի այդ բացառիկ ալիքը, որ կարող էր իրապես խթանել հավաքական հայության՝ որպես ազգային-պետական միավորի արթնացումը հազարամյա թմբիրից։ Ավելին, ՄԻԱՑՄԱՆ գաղափարը վերջին երեսուն տարիների ընթացքում հետևողականորեն բովանդակազրկվեց, նրա հանրային ընկալումը նենգափոխվեց, ինչի բնական հետևանքը հայության մեջ արդեն դարերով արմատացած քամահրական վերաբերմունքի խորացումն էր սեփական պետականության հանդեպ։ Նույն ճակատագրին արժանացավ նաև ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ, որը վաղուց վերածվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման սիմվոլիկ, դեկորատիվ գործընթացի՝ առանց համապատասխան իրավաքաղաքական հետևանքները մեր օգտին ծառայեցնելու քաղաքական նպատակի։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ 2020թ-ին կրած խայտառակ պարտությունը սթափեցնելու փոխարեն ավելի ուժեղացրեց քաղաքական մտքի խեղաթյուրումը՝ սպառնալիքի տակ դնելով հայկական պետականության գոյությունը։ Իմ խորին համոզմամբ սա է Հայաստանի Հանրապետության ձախողման հիմնական պատճառը։ Ազգային-պետական և հեռահար քաղաքական տեսլական ունեցող անհատները, որոնք իրենց ուսերի վրա տարան պատերազմի ողջ ծանր բեռը, այս կամ այն պատճառներով (մի մասը զոհվեց ճակատներում, մի մասը կասկածելի հանգամանքներում սպանվեցին կամ «ինքնասպան» եղան, մի մասին չեզոքացրեցին, վերջին հարվածը 1999թ-ի հոկտեմբերի 27-ն էր), չհաջողեցին վերցնել նորաստեղծ հայկական պետականության ղեկը, տեր կանգնել հայության առջև դրված պետական խնդիրների լուծմանը, ինչը հատվածավոր բազմությունից նոր քաղաքական ազգ ստանալու միակ ուղին էր։ Հայաստանը վերցվեց զսպաշապիկի մեջ՝ տեղի ունեցավ իշխանության ուզուրպացիա, տնտեսության և սեփականության կենտրոնացում խմբակային շահերով և կիսաքրեական սկզբունքներով առաջնորդվող փոքրամասնության ձեռքերում, գիտա-արդյունաբերական ներուժի հետևողական ոչնչացում, արտագաղթ, իրավական և սոցիալական անարդարության հաստատում, պետական համակարգերի արժեզրկում և այլասերում։ Այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու էր ազգային աղետով, ինչին ականատես եղանք 2020թ-ին։

Փաստացի, Հայաստանն այսօր վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մրցակցության թատերաբեմի, որը վկայում է, որ պետությունը, որպես այդպիսին, այլևս ոչ ևս է։ Ուստի այսօր, առավել քան երբևէ, օրախնդիր է ձևակերպել իրապես, նոր հայկական պետության գաղափարական, փիլիսոփայական սկզբունքները և արժեքները, ռազմավարական նպատակը և իրավունքները, որոնք առանցք կհանդիսանան հայկական պետականության հետ իրենց ապագան կապող ցաքուցրիվ գործող կարող ուժերի և անհատների համար։ Քսաներորդ դարավերջի սխալները չկրկնելու համար հայ քաղաքական միտքը պարտավոր է հստակ ձևակերպել հայության առջև դրվող պետական-քաղաքական խնդիրը՝ ազատ, միացյալ և ինքնիշխան հայկական պետականության վերականգնում իր կազմավորման և պատմական կենսագործունեության տարածքում՝ Հայկական բարձրավանդակում, իմա Հայկական հարցի՝ հայության օգտին լուծում։

Իրապես, նոր հայկական պետությունը իր կյանքի իրավունքը պետք է հաստատի ծանրագույն գոյութենական պայքարում, որի մեջ մտնելու է ելակետային անչափ անշահեկան պայմաններով՝ ի տարբերություն երեսուներկու տարի առաջ եղած իրավիճակի։ Հայաստանի Հանրապետության «անկախության» երեսուներկու տարիների արդյունքում տեղի է ունեցել պետություն կոչվող օրգանիզմի օրգան-համակարգերի ամբողջական ախտահարում։ Պետականաստեղծ գաղափարի ոչնչացում և հանրության տրոհվածության խորացում, ճչացող իրավական և սոցիալական անարդարություն, բնակչության ⅓-ի արտագաղթ, ժողովրդագրական աղետ, գիտա-արդյունաբերական ներուժի ոչնչացում, ջախջախված և օտարի վերահսկողության ներքո գտնվող պաշտպանական և անվտանգային համակարգ, խեղաթյուրված կրթական համակարգ, մշակութային այլասերում, չկայացած առողջապահություն։ Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել. նշել եմ միայն առաջնային ռազմավարական ձախողումները։ Վախեցնելու կամ վհատեցնելու նպատակ ամենևին չունեմ, իրավիճակը արձանագրում եմ, որպեսզի ընթերցողին չթվա, թե չեմ գիտակցում իրականության ողջ ծանրությունը և ախտահարման մասշտաբը։ Գիտակցելով իրավիճակի բարդությունը՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թվարկածս բոլոր խնդիրները՝ կամքի և գիտելիքի համատեղման դեպքում, հաղթահարելի են։

Մաս 2

Գոտիները ձգելու ժամանակը

Առաջին մասի վերջում բերված վերջին երեսուներկու տարիների ռազմավարական ձախողումների թվարկումը, բացի իրավիճակի լրջության արձանագրումից, նպատակ ուներ նաև մատնացույց անել այն խնդիրները, որոնց հետ առաջին հերթին բախվելու են հայոց ազգային պետականության ապագայով մտահոգ ուժերը։ Իմ խորին համոզմամբ, ամենակարևոր ու վճռորոշ խնդիրը պետության հիմքում դրվելիք գաղափարական-փիլիսոփայական սկզբունքներն ու արժեքներն են։ Հաշվի առնելով հայության առջև ծառացած գոյութենական վտանգները և անվտանգային մարտահրավերները՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ վրա հիմնված հայկական պետականության վերակազմավորումը այլընտրանք չունի՛։ Քսաներորդ դարի առաջին կեսի խոշորագույն հայ մտածողները՝ Հայկ Ասատրյանը և Գարեգին Նժդեհը ձևակերպել են հայկական ազգայնականության գաղափարա-փիլիսոփայական հիմքերը։ Հայկական պետության հիմքում դրվելու համար հարկավոր է ընդամենը արդիականացնել այդ ձևակերպումները՝ XXI-րդ դարին համապատասխան։

Մի երկու խոսքով հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչ է պետությունը։ Պետության նպատակի և գործառույթների վերաբերյալ բազմաթիվ սահմանումներ կան, որոնք ամփոփելով կարող ենք հետևյալը ձևակերպել. պետության գործառույթն իր բնակչության անհատական և տվյալ ազգի հավաքական արժանապատիվ կենսագործունեության և ինքնաիրացման պայմանների ապահովումն է, ինչպես նաև այդ պայմանների՝ ապագայի համար ամրագրումը։ Այլ կերպ ասած, տվյալ տարածքում բնակվող, ընդհանուր պահանջմունքներ և էթնոմշակութային հիմք ունեցող հանրության կողմից պետության ստեղծման նպատակը իրենց թե՛ անհատական, թե՛ հանրային արժանապատիվ կյանքի և ինքնաիրացման պայմանների առավել ներդաշնակ ապահովումն է։ Եվ բնական է, որ հայությունը իր պետությանը ևս պիտի այս պահանջները ներկայացնի։ Բայց ինչպես երևում է սահմանումից, պետությունը հանրային կյանքի կազմակերպման ամենաբարդ ձևն է և սկզբանե հեշտ չի՛ ստեղծվում։ Ցանկացած հանրության համար պետականության ստեղծումը և կայացումը պահանջում է սերունդ(ներ)ի կողմից ներդրված զգալի ջանքեր և, որ ամենակարևորն է, գիտակցված նվիրաբերում նպատակին։ Սա վերաբերում է հատկապես գոյութենական վտանգների և անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև կանգնած հանրություններին։ Մանրամասներով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Ֆինլանդիայի կամ Իսրայելի անկախության առաջին 20-30 տարիների պատմությանը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա հարաբերական խաղաղության և թվացյալ բարեկեցության վրա մսխված քսանվեց տարիները և նրանց պարգևած հնարավորությունները՝ հնարավորինս հեշտ հաղթահարել պետականության կայացման ճանապարհին եղած խոչընդոտները, այլևս անդառնալի անցյալ են։

Այսօր, այո՛, հայության առջև ծառացած բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, բայց… միայն ուժերի համազգային ԳԵՐԼԱՐՄԱՆ դեպքում։ Մեր հավաքական ապիկարության արդյունքում եկել է «գոտիները պինդ ձգելու ժամանակը»։ Այնպես, ինչպես մեծ ծավալով արյան կորուստ ունեցած օրգանիզմն է եղած արյունը վերաբաշխում՝ կենտրոնացնում կենսական կարևոր օրգաններում, այդպես էլ հայությունը՝ առաջիկա տարիներին, պիտի վերաբաշխի իր ռեսուրսները՝ դրանք ուղղելով պետության ներկայի և ապագայի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։ Այլ կերպ ասած, պետք է իրականացնի հայության մտավոր և նյութական ռեսուրսների համախմբում՝ հայոց պետականության ինքնիշխանությունն ու շարունակական զարգացումն ապահովող համակարգերի կազմավորման և կայացման նպատակով։ Բանակի և անվտանգային համակարգի ողջ ուժային բաղադրիչի վերակառուցումը՝ ժամանակակից մարտահրավերներին համապատասխան, կրթության ռազմավարական պլանավորումը պետության կողմից, հայկական քաղաքակրթության պաշտպանությանը և զարգացմանն ուղղված մշակութային քաղաքականության մշակումը և իրագործումը, գիտա-արդյունաբերական կենտրոնների հիմնումը/արդիականացումը և ծրագրերի իրականացումը, առողջապահական համակարգի ամբողջական վերակառուցումը՝ միջազգային առողջապահական կենտրոն դառնալու տեսլականով։ Այս ամենի իրագործումը նախևառաջ պահանջելու է քաղաքական կամք, այնուհետ, հայության թե՛ մտավոր, թե՛ նյութական ռեսուրսների զգալի ներգրավում։ Այս բոլոր փոփոխությունների լոկոմոտիվը պետք է դառնա հայոց պետականությունը՝ պետական ռեսուրսների արդյունավետ և թիրախային կառավարման շնորհիվ ազատված միջոցները ռազմավարական ծրագրերի մեջ ներդնելով։ Ինչը նշանակում է պետական կացութաձևի հստակ փոփոխություններ՝ սկսած տնտեսական գործունեությունից (գոյութենական խնդիրներ ունեցող երկրում ազգային կապիտալի վրա հիմնված տնտեսությունն այլընտրանք չունի՛), վերջացրած երկրի անվտանգային համակարգի մեջ ողջ բնակչության ներգրավմամբ։ Հատուկ ուշադրության պետք է արժանանան այնպիսի լրջագույն խնդիրներ, ինչպիսիք են իրավական և սոցիալական արդարությունների ապահովումը երկրի ներսում։ Պետականության կառուցման և կայացման ճանապարհի դժվարությունները հանրության բոլոր շերտերը պիտի կրեն։

Վերը թվարկվածը պետք է զուգորդվի Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական խնդրի լուծմամբ. հիմնական ուղին թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում կազմակերպված հայրենադարձությունն է։ Հայրենադարձությունն է, որ հնարավորություն կտա որոշակիորեն նորոգել օրգանիզմի արյան ծավալը, ընդ որում որքան շատ լինի հայրենադարձության մասշտաբը, այնքան կարագանա օրգանիզմի վերականգնումը և վերադարձը բնականոն կյանքին, իմա մեր սերունդների համար արժանապատիվ կյանք և ինքնաիրացման պայմաններ ապահովելուն։ Սակայն կարևոր է գիտակցել, որ նման հավակնոտ խնդիրը լուծելու համար կարևոր նախապայման է հայոց պետականությամբ հպարտանալու, աշխարհի կողմից ընդունված յուրահատուկ էթնիկ ինքնությամբ միավորին պատկանելու հանգամանքը։

Վերջում, որպես ամփոփում, նշեմ, որ կամ հայության այս սերնդի՝ պետականության զգացումը իր մեջ կրող հատվածը՝ գիտակցելով իր պատասխանատվությունը նախնիների և ապագա սերունդների առջև, սկսում է ապրել և գործել «ամեն ինչ հայկական պետականությանը» տրամաբանությամբ, կամ բոլորս միասին կդառնանք «կորստյան դարի կորստյան զավակները» և հայոց պատմության վերջին էջը շրջողը։

Արփի Թոփչյան, «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ, բժշկական գիտությունների թեկնածու

Մեկնաբանություններ (1)

Eduard Abrahamyan
Կեցցե՜ք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter