
Ուկրաինան Ռուսաստանը կարող է վերանվանել Մոսկովիա
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում 2022 թվականի նոյեմբերին տեղադրվել էր խնդրագիր, որի աջակիցներն Ուկրաինայի նախագահին կոչ էին անում Ռուսաստանը (խմբ. - կայքում երկրի անվանումը և առաջարկվող տարբերակը եղել են փոքրատառ) վերանվանել Մոսկովիա, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ Մոսկովյան Դաշնության (խմբ. - փոքրատառ են եղել նաև այս տարբերակները)։ Խնդրագիրը 2022 թվականի նոյեմբերի 22-ին տեղադրել էր Վալերիա Շախվորոստովան։ Այն ստորագրել է ավելի քան 25 հազար մարդ, և, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նախագահը պետք է դրան արձագանքեր։
Մարտի 10-ին հրապարակվել է Վլադիմիր Զելենսկու պատասխանը։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ աշխարհագրական անվանափոխությունների հարցը կարգավորվում է օրենսդրությամբ և, ընդհանուր առմամբ, կառավարության իրավասությունն է։ Բացի այդ, երկրների և տարածաշրջանների անվանումներն ամրագրված են ՄԱԿ-ի փաստաթղթերում։
«Խնդրագրում բարձրացված հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն ինչպես պատմամշակութային համատեքստում, այնպես էլ հաշվի առնելով միջազգային իրավական հնարավոր հետևանքները։ Հաշվի առնելով վերը նշվածը, ես դիմեցի Ուկրաինայի վարչապետին՝ դրա համապարփակ ուսումնասիրության խնդրանքով, մասնավորապես՝ գիտական հաստատությունների ներգրավմամբ և խնդրեցի արդյունքների մասին տեղեկացնել ինձ ու խնդրագրի հեղինակին»,- ասված է Զելենսկու պատասխանում։
Զելենսկու պատասխանն ու խնդրագիրն իրենց տելեգրամյան ալիքներում արդեն իսկ մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկնաբանություններում նրանք հիմնականում վիրավորում են Զելենսկուն և Ուկրաինային, իսկ Մարիա Զախարովան խնդրագիրն անվանել է «հակա-Ռուսաստան» ստեղծելու փորձի ևս մեկ վկայություն»։
Լուսանկարը՝ DIMITAR DILKOFF/AFP VIA GETTY IMAGES
Մեկնաբանել