
Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է դեպի Եվրոպա և Ռուսաստան առևտրային միջանցք
Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ` Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։ Այդ մասին գրում է հնդկական The Economic Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ այդպիսի առաջարկ արվել է հայ պաշտոնյաների ու փորձագետների խմբի կողմից՝ Հնդկաստան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցի ժամանակ։ Հնդկաստանի կառավարությունում պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Երևանը մտադիր է ներգրավել հնդիկ ներդրողների՝ Հայաստանի տարածքում միջանցքի ստեղծման համար։
Պարբերականը գրում է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Հնդկաստանի ու Ռուսաստանի միջև առևտուրը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով «մեծացել է մի քանի անգամ»։ Այդ միջանցքն անցնում է Ադրբեջանի տարածքով։
Ինչպես գրում է The Economic Times-ը, նոր տարբերակը ենթադրում է, որ բեռները կփոխադրվեն INSTC-ին զուգահեռ երթուղով։ Նոր միջանցքը Հնդկաստանի Մումբայ քաղաքը կկապի իրանական Բենդեր Աբասին, իսկ այնուհետ Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը, կհասնի Եվրոպա ու Ռուսաստան։ Ինչպես նշում է իրանական պարբերականը, վերջին շրջանում Հնդկաստանի հարաբերությունները սառել են Ադրբեջանի հետ՝ Պակիստանի ու Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների պատճառով։
«Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ տեղավորվում է Հնդկաստանի պլանների մեջ, քանի որ այդ երկիրը փնտրում է Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ միջանցքներ` Եվրոպա դուրս գալու համար՝ խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական հետևանքներից»,- գրում է պարբերականը։
Պարբերականը մեջբերում է քաղաքագետ Բենյամին Պողոսյանի խոսքերը, որի կարծիքով բեռների ցանկացած խոշորամասշտաբ փոխադրում, որն անցնում է Ռուսաստանի ու Եվրոպայի սահմանով, «խիստ ռիսկային բնույթ ունի միջազգային բեռնափոխադրումային ու ապահովագրական ընկերությունների համար»։
Մարտի 3-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Հնդկաստան։ Նյու-Դելիում նա մասնակցելու էր Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։ Մարտի 4-ին նա հանդիպել էր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարիի հետ։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:
Վերջին շրջանում Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները զարգանում են նաև ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում։ Հնդկական պարբերականները բազմիցս գրում են, որ հայկական կողմը սկսել է ձեռքբերել հնդկական արտադրության սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Նմանատիպ վերջին հրապարակումն արել էր հնդկական idrw.org-ը (Indian Defence Research Wing)։ Հնդկաստանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը նշել էր, որ Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MArG 155/39 ինքնագնաց հաուբիցներ։
Լուսանկարը՝ orfonline.org-ից
Մեկնաբանել