HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը կխնդրի երրորդ երկրներին ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի հետ առևտրի նկատմամբ

Եվրոպական միությունը դիմել է երրորդ երկրներին և խնդրել ուժեղացնել Ռուսաստանի հետ առևտրի նկատմամբ վերահսկողությունն այն ապրանքների մասով, որոնք գտնվում են եվրոպական սահմանափակումների տակ։ DW-ն, հղում անելով Bloomberg գործակալությանը, գրում է, որ արտահանման վերահսկողության խստացումն անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանում հայտնվել սահմանափակումների տակ գտնվող եվրոպական ապրանքներն ու տեխնոլոգիաները, որոնք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանն ընդունելով Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, հայտարարել էր պատժամիջոցների շրջանցման կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքի խորացման մասին։ Համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ այդպիսով կողմերը պլանավորում են «փակել Ռուսաստանի հասանելիությունը բոլոր ռեսուրսներին, որոնք կարող են աջակցել նրա ռազմական մեքենային»։

Գործակալությունն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ից ու Մեծ յոթնյակի երկրներից առաջնային կիսահաղորդիչների, ինտեգրալ սխեմաների ու մյուս տեխնոլոգիաների արտահանումը, էականորեն կրճատվել է պատժամիջոցների սահմանումից և արտահանման վերահսկողության ուժեղացումից հետո։ Զուգահեռաբար, եվրոպական կառույցները նկատել էին այդ երկրներից երրորդ երկրներ նմանատիպ ապրանքների արտահանման կտրուկ աճ։ Այդ երկրների թվում են՝ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կենտրոնական Ասիայի մյուս երկրները, ինչպես նաև Արևելյան Եվրոպան։ Զուգահեռաբար, այդ երկրներից նկատվել էր նաև արտահանման աճը Ռուսաստան։ Ինչպես կարծում է եվրոպական կողմը, այդ սխեմայով շարունակվում է սահմանափակումների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան։

Bloomberg-ը գրել էր, որ Եվրամիությունը երրորդ երկրներին կխնդրի տրամադրել տեղեկատվություն առևտրային հոսքերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են սահմանափակումների տակ գտնվող հարյուրավոր ապրանքներին։ 

Մարտի 9-ին բեռնափոխադրումային ընկերությունները հայտարարել էին, որ Թուրքիան արգելափակում է Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման ձևակերպումը։ Bloomberg-ի վարկածով՝ այդպիսի որոշում Թուրքիայի իշխանությունները կայացրել էին ԱՄՆ-ի ու Եվրամիության ճնշման ներքո։ Թուրքական կողմը, սակայն, այդ տեղեկատվությունը չէր մեկնաբանել։ Ինչպես ենթադրել էին ռուսական ընկերությունների ներկայացուցիչները, այս հարցի վերաբերյալ ինչ-որ պաշտոնական մեկնաբանությունը կնշանակեր, որ Թուրքիան կապ ունի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանման հետ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter