HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում երկրաշարժերից զոհերի թիվը մոտենում է 48 000-ի

Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 47 975-ի։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 11-ի երեկոյան, հայտարարել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։ 

Նրա խոսքով՝ զոհերի թվում գերակշիռը Թուրքիայի քաղաքացիներ են։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ։ Ըստ Յունուս Սեզերի՝ Թուրքիայի տարածքում երկրաշարժերի հետևանքով զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 6 278-ի, հիմնականում՝ Սիրիայի քաղաքացիներ։

AFAD-ի ղեկավարը հայտնել է, որ աղետի գոտում շարունակում է աշխատել ավելի քան 3 000 փրկարար։ «Տարածաշրջանում դեռևս շարունակվում են ստորգետնյա հետցնցումները։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք պահում փրկարարների ջոկատները։ Եվս մոտ 300 փրկարարներ այլ երկրներից մնում են այնտեղ»,- հավելել է նա։ 

Սեզերը հայտարարել է, որ 74 ինքնաթիռ և 99 ուղաթիռ աղետի գոտի են տեղափոխում հումանիտար օգնություն և վրաններ։ «Պարենամթերքը շարունակում է բոլոր գյուղերին հասնել ցամաքային և օդային տրանսպորտով։ Տարածաշրջանում ակտիվորեն աշխատում է 12 140 շինարարական և հատուկ տեխնիկա։ Քաղաքացիների թիվը, որոնք տեղակայված են վրաններում, կոնտեյներային ավաններում և պանսիոնատներում, կազմում է մոտ 1 800 000 մարդ։ Տարածաշրջանում տեղակայված են 17 787 կոնտեյներ»,- ասել է Սեզերը։

AFAD-ի ղեկավարը հավելել է, որ աղետի գոտուց տարհանվել է 935 722 մարդ։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Սիրիայում էլ, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է մոտ 6000-ի։

Լուսանկարը՝ Time.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter