
Չեխիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը
Պրահայում հազարավոր մարդիկ «Չեխիան ընդդեմ աղքատության» կարգախոսի ներքո դուրս են եկել փողոցներ՝ հակակառավարական բողոքի ցույցերի։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել գնաճի բարձր մակարդակի դեմ, որի պատճառներից մեկն Ուկրաինայում պատերազմն է և պահանջել վարչապետ Պետր Ֆիալայի ու նրա կառավարության հրաժարականը։
AFP-ի փոխանցմամբ՝ ցուցարարները նաև քննադատել են ՆԱՏՕ-ին և պահանջել անմիջապես դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային։ Նշվում է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը եղել է արտախորհրդարանական, ռուսամետ PRO (Právo Respekt Odbornost՝ «Իրավունք, հարգանք, փորձաքննություն») կուսակցությունը։ Դրա ղեկավար Յինդրիխ Ռայխլը, ելույթ ունենալով ակցիայի ժամանակ, հայտարարել է, որ կցանկանար ունենալ կառավարություն, որը «առաջին հերթին հոգ է տանում Չեխիայի քաղաքացիների շահերի մասին»։
Ինչպես հաղորդում է չեխական Novinky առցանց պարբերականը, բողոքի ակցիայի ավարտից հետո, որն ընթանում էր Վացլավյան հրապարակում, որոշ ցուցարարներ շարժվել են Ազգային թանգարանի ուղղությամբ և փորձել ներխուժել այնտեղ՝ պահանջելով շենքի վրայից հեռացնել Ուկրաինայի դրոշը։ Չեխական ոստիկանության մամուլի քարտուղար Վիոլետա Սիրժիշտովայի խոսքով՝ թանգարան չներխուժելու պահանջին չենթարկվելու համար բերման է ենթարկվել 18 մարդ։
Լուսանկարը՝ hellas.postsen.com-ից
Մեկնաբանել